|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մնաց երեք ամիս18:26 Yerevan | 14:26 GMT | Wednesday 14 November 2007 Երեկ իրադարձություններով հագեցած օր էր: Օրը սկսվել էր հերթական ձերբակալությունով` ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» կազմակերպության նախագահ Նարեկ Գալստյանին եւ Էդմոնդ Մակարյանին թռուցիկներ փակցնելու համար տարել էին Կենտրոնի ոստիկանություն, երեք ժամ պահել, բացատրություն վերցրել, իսկ երբ ոստիկանության մոտ սկսել էին մարդիկ հավաքվել` բաց էին թողել: Հաջորդ հետապնդումը կապված էր գործող իշխանության հաջորդ թիրախի` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հետ, որտեղ փորփրող հարկային տեսուչներն` առանց ամոթի, իրականացնելով քաղաքական պատվեր, հայտարարեցին, որ 26 միլիոն դրամի հարկ ընկերությունը պակաս է վճարել` իբր թաքցրել է գովազդների համար վճարվելիք հարկերը: Եթե hարկայինը շահագրգռված է թաքցրած հարկերը հայտնաբերելու խնդրով` թող այցելի երեւանյան ցանկացած թիվի, որտեղ ասում են` գովազդի 10 տոկոսի դիմաց էլ չեն հարկ վճարում: Հաջորդ իրադարձությունը, թվում է, խախտում է այս շղթան եւ կարելի է անգամ դրական համարել, սակայն միայն առաջին հայացքից. ոստիկանություն է ներկայացել ոմն Վալերի Բաբայան եւ խոստովանել է, որ ինքն է սպանել որսորդմիության նախագահ, ԲՀԿ-ական Սայաթ Դավթյանին: Ուղղակի երանելի վիճակ` հանցագործը օրը ցերեկով, մարդաշատ վայրում սառնասրտորեն կրակելով մարդ է սպանում, ապա խիղճը խոսում է մեջը եւ հոժարակամ ներկայանում է ոստիկանություն: Այս սցենարն այնքան անհամոզիչ է, որ անգամ տեսականորեն դժվար է դրա ճշմարտացիությանը հավատալը: Իրականում` նախընտրական շրջանում լավ չի, որ չբացահայտված սպանություն մնա, ուստի մեր իրավապահները դիմում են ամենաանթույլատրելի միջոցների: Մենք միայն կարող ենք գուշակել հավանական տարբերակները: Ներկայացնենք դրանցից ամենահավանականը` մեկի վրա կոտրում են սպանությունը` խոստանալով, որ կձեւակերպեն մեղայականով ներկայանալ եւ մեղմ պատիժ կտան, բերդում էլ լավ կնայեն: Երեկվա իրադարձությունների թվում, անշուշտ, կարելի էր թվարկել նաեւ բազում այլ իրադարձություններ, բայց վերջում կանգ կառնենք մի նշանակման վրա: Երեկ հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով առողջապահության փոխնախարար Լեւոն Յոլյանը 6 տարով նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Գագիկ Մկրտումյանը` 5 տարով ՎՊ խորհրդի անդամ: Գագիկ Մկրտումյանին երեւի քչերն են հիշում, բայց ոմանք եւ նրանց թվում Մհեր Մկրտչյան թատրոնի ղեկավար Ալբերտ Մկրտչյանը լավ կհիշի: Գագիկ Մկրտումյանը 2003-04թթ. «Մշակույթ» ԾԻԳ-ի ղեկավարն էր, այսինքն` Լինսի փողերով թատրոններ, մշակութային օջախներ նորոգողը: Նրա ղեկավարած ԾԻԳ-ի աշխատանքներից դժգոհություններն այնքան շատ էին, որ մշակույթի գործիչներն անգամ այդ թեմայով ասուլիսներ էին տալիս եւ հայտարարում, որ Գ.Մկրտումյանը տապալել է աշխատանքները, կերել է Լինսի փողերը: Ավելին` 2005-ին դատապարտվեց Ծաղկաձորի երիտասարդական ճամբարի աշխատանքները ձախողած շինկազմակերպության տնօրենը, սակայն մոտ մեկ տարի տեւած դատաքննության ընթացքում դատարանում պարզվեց, որ իրական հանցագործը դրսում է եւ վկայի կարգավիճակում: Անգամ շինարարության համար վարկ տրամադրած Հայինվեստ բանկի տնօրենը դատարանում որպես մեղավոր մատնացույց էր անում վերոնշյալ նորընծա «վերահսկիչին»: Սակայն քանի որ վերջինս հովանավորվում էր ուղիղ նախագահականից, նրա նկատմամբ այդպես էլ քրեական գործ չհարուցվեց, եւ նա ջրից չոր դուրս գալով հանգրվանեց նախագահականում` որպես աշխատակազմի գործերի կառավարիչ: Այժմ, ուրեմն, նման «անբասիր» անցյալ ունեցող անձնավորությանը Ռոբերտ Քոչարյանը նշանակել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Այսպես ասած` գառը գայլին պահ են տվել: Նման մի նշանակումը պետք է բավական լիներ, որ հասարակությունը համոզվեր, որ այս իշխանությունը չարիք է դարձել այս երկրի ու ժողովրդի գլխին եւ միակ փրկությունը սրանցից օր առաջ ազատվելն է:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |