|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վրաստանի նախագահը փրկեց իր վարկանիշը20:57 Yerevan | 16:57 GMT | Friday 9 November 2007 Մեր հարեւան Վրաստանի դեպքերին հայաստանյան ԶԼՄ-ների արձագանքը դիտելիս կամ կարդալիս անընդհատ հիշում ես Աստվածաշնչյան պատգամը` սեփական աչքի գերանը չտեսնելու, ուրիշի աչքի փուշը տեսնելու մասին: Հատկապես` հեռուստատեսությունը, որ կույր ու խուլ է, երբ սեփական երկրում են խժդժություններ լինում` միտինգների մասնակիցներին ծեծում, խոչընդոտում մայրաքաղաք հասնելը կամ ապօրինաբար ձերբակալում, եւ բառացիորեն բլբուլ է կտրում, երբ խոսքը այլ երկրներում մարդու իրավունքների ոտնահարման մասին է: Անշուշտ այս բացախոսությունը նաեւ այլ նպատակ ունի` սեփական ժողովրդի աչքը վախեցնել եւ ցույց տալ, թե ինչեր կարող են պատահել իր հետ` եթե փողոց դուրս գա: Մենք, ի տարբերություն էլեկտրոնային ԶԼՄ-ների, ձեռնպահ ենք մնում հարեւան երկրների իշխանությանը քննադատելուց, մանավանդ մեր դեմոկրատիայի մակարդակը դա պարզապես թույլ չի տալիս: Բայց այս օրերին ցավով ու անհանգստությամբ հետեւում ենք Վրաստանում տեղի ունեցող դեպքերին` այնպես, ինչպես ժամանակին նախանձով ու հիացմունքով էինք հետեւում 2004-ի հունվարին «Վարդերի հեղափոխությանը»: Երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ձիու քայլ արեց` անսպասելիորեն հայտարարելով 2008-ի հունվարի 5-ին վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Վրացական պետության ղեկավարն այդկերպ փորձեց փրկել իր հեղինակությունը եւ վերջնականապես չվերածվել ընդդիմության դեմ հակադեմոկրատական միջոցներով պայքարող նախագահի: «Ես իմ կամոք արդեն երկրորդ անգամ եմ գնում իմ նախագահական ժամկետի կրճատմանը եւ դա անում եմ, որովհետեւ համարում եմ, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է: Ես կարծում եմ, որ հունվարի 5-ին կդրսեւորվի ժողովրդի կամքը», - հայտարարել է Սահակաշվիլին` փաստորեն վստահության հանրաքվեի որոշում կայացնելով (այն, ինչից այդքան սարսափով հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանը): Նկատենք, որ Սահակաշվիլին կարող էր Ռոբերտ Քոչարյանի օրինակով տանկերով պահել իշխանությունը եւ պաշտոնավարել մինչեւ 2009 թվականը, ապա եւս 5 տարի: Բայց նա, նորից ի տարբերություն Քոչարյանի, դեմոկրատական ճանապարհով իշխանության եկած գործիչ է եւ չի ուզում բռնությամբ իշխել: «Ինձ անհրաժեշտ է ոչ երկիմաստ մանդատ, որպեսզի չճնշվի իմ երկիրը, որպեսզի կարողանամ հաջողությամբ կանխել երկրի տարածքների բռնազավթումը», - ասել է նախագահ Սահակաշվիլին իր ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Վրաստանի նախագահը համոզված է, որ հունվարի 5-ի ընտրությունները կլինեն ամենաժողովրդավարականը եւ թափանցիկը եւ կոչ է արել միջազգային կազմակերպություններին` դիտորդների առավելագույն թվաքանակ ուղարկել կայանալիք նախագահական ընտրություններին: Վրաստանի, որոշ ժամանակ առաջ Ուկրաինայի դեպքերը ուռճացված եւ իր համար նպաստավոր լույսի ներքո ներկայացնող ՀՀ իշխանությունները, սակայն, մոռանում են, որ գունավոր հեղափոխությունների երկրներում նորմալ, դեմոկրատական գործընթացներ են ընթանում, իրական քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում: Իսկ ժողովուրդն օգտվում է ընտրելու եւ իշխանություն փոխելու իր սահմանադրական իրավունքից: Այդ գործընթացները հասարակության զարգացմանն ու առաջընթացին ուղղված երեւույթներ են, որոնք ցավոք, բացակայում են մեզանում:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |