“Zhamanak” Armenian-American Political Daily

Ու՞մ է աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանը

18:57 Yerevan | 14:57 GMT | Thursday 8 November 2007

Այսօր կայանալու է Լեւոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան պատմական հանդիպումը: Կարծում ենք` սխալված չենք լինի, եթե ասենք, որ այն կարող է դառնալ նախընտրական շրջանի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:

Նախեւառաջ այն պատճառով, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մեր ժամանակի ամենածանրակշիռ քաղաքական գործիչներից մեկն է եւ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ բավական մեծ ընտրազանգված ունի ետեւում: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարի իրացման համար: Ուստի այն, թե «Ժառանգությունը» ում կողքին կկանգնի եւ ում կօժանդակի` կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական ուժերի դասավորության եւ քաղաքական պրոցեսների զարգացման առումով: Անշուշտ, «Ժառանգությունը» եւ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը կնախընտրեին ոչ թե աջակցել որեւէ թեկնածուի, այլ հանդես գալ սեփական թեկնածուով:

Սակայն ի դժբախտություն «Ժառանգության» եւ ի բարեբախտություն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի, Րաֆֆի Հովհաննիսյանը 2008-ի ընտրություններում առաջադրվելու հնարավորություն չունի` քաղաքացիության 10-ամյա ժամկետը չի լրացել: Առավել եւս` ոչ ներսում, ոչ դրսում չկա մեկ այլ, ավելի հարմար թեկնածու, որին կկարողանային պաշտպանել` առանց վարկաբեկվելու: Իհարկե կան այլ թեկնածուներ, որոնք հավակնում են Րաֆֆի Հովհաննիսյանի աջակցությանը եւ ըստ այդմ` նաեւ միասնական թեկնածուի աթոռին: Եւ պետք է ասել, որ նրանց հավակնություններն այնքան էլ հիմնազուրկ չեն: Ինչու՞ չի կարող, ասենք` Վազգեն Մանուկյանը կամ Արթուր Բաղդասարյանը, կամ թեկուզ Արտաշես Գեղամյանը հավակնել Րաֆֆիի օժանդակությանը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Րաֆֆիի եւ «Ժառանգության» համակրանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն է: Որպես Տեր-Պետրոսյանի թեկուզ եւ ժամանակին պաշտոնազուրկ արված նախարար` Րաֆֆի Հովհաննիսյանը ներսում ակնածանք ունի Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ: Բացի այդ, վերջինիս առաջադրման պարագայում չի հասկացվի, թե ինչու է «Ժառանգությունը» աջակցում, ասենք` Վազգեն Մանուկյանին կամ Արթուր Բաղդասարյանին, որոնք կարգավիճակով չեն գերազանցում Րաֆֆիին: Բոլորովին այլ է ՀՀ առաջին նախագահի դեպքում: Մյուս կողմից` Տեր-Պետրոսյանի նկատմամբ որոշակի համակրանք կա նաեւ Րաֆֆիի թիմում, որտեղ բացի Լարիսա Ալավերդյանից, ոչ ոք բացահայտ դեմ չէ ՀՀ առաջին նախագահին աջակցելուն: Ավելին` «Ժառանգությունում» մտածում են, որ եթե Տեր-Պետրոսյանն իր վրա է վերցնում այս ծանր` իշխանափոխության միսիան, նրան կարելի է միայն կարեկցել եւ աջակցել:

Եթե այսօրվա հանդիպումն անցնի հարթ եւ նոյեմբերի 16-ին նախատեսված հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվի հարթակում` Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի կողքին, կարող ենք արձանագրել, որ ընդդիմության միավորման գաղափարն արդեն իսկ մասամբ իրականացել է: Չորս ծանրակշիռ գործիչների դաշինքի դեմն առնելը բավական կբարդանա եւ Տեր-Պետրոսյան թեկնածուի շանսերը կաճեն: Կարծում ենք` Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայլուրի» հաջորդ թիրախը լինելու է Րաֆֆին, որի մասին, սակայն, անհնար կլինի ասել` «չարացած, խորհրդարանից դուրս մնացած ընդդիմություն»:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.