“Zhamanak” Armenian-American Political Daily

Նպատակը բիզնեսմեններին վախեցնելն է

18:27 Yerevan | 14:27 GMT | Tuesday 6 November 2007

Երեկ հարկային պետական ծառայության, ոստիկանության եւ ազգային անվտանգության մի խումբ աշխատակիցներ ներխուժել են ԱԺ պատգամավոր, «Սիլ Գրուպ» ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին պատկանող հերթական կազմակերպությունը:

Այս անգամ հարձակման թիրախ է դարձել «Բջնի» հանքային ջրերի գործարանի երեւանյան գրասենյակը: Հարձակման արդյունքում ոստիկանության բաժիններ են տարվել հանքային ջրերի տարածմամբ զբաղվող մեքենաների յոթ վարորդներ, ինչպես նաեւ կենտրոնական գրասենյակի եւս հինգ աշխատակիցներ, այդ թվում եւ ընկերության գործադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը: Ըստ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանի հանձնարարականի` հարկային տեսչության թվով 17 աշխատակիցներ «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ում պետք է ստուգումներ կատարեին` ճշտելու ընկերության բյուջեի հետ հարաբերությունները եւ իրականացնեին «հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում»: Գործարանում մեզ հայտնեցին, որ նման ստուգում եղել է հուլիսի 15-ին: Չնայած ստուգումը պետք է տեւի 15 օր, սակայն հարկային մարմնի փառապանծ աշխատակիցները մի քանի ժամվա ընթացքում կարողացան հասնել իրենց նպատակին. նրանք տարան ընկերության համակարգիչները, պարալիզեցին ընկերությունը` այն մատնելով պարապուրդի: Այսինքն` կարելի է ասել, որ առաջիկայում սպառողը զրկված կլինի խմելու «Նոյ» եւ «Բջնի» ջրերից, իսկ բյուջեն համապատասխանաբար կզրկվի դրանց արտադրությունից եւ սպառումից ստացվող միլիոնավոր դրամի մուտքերից: Սակայն հասկանալի է, որ իշխանություններին նման մանր հարցերը ամենաքիչն են հետաքրքրում, երբ վտանգի տակ է դրված սեփական վերարտադրության հարցը: Ինչպես հայտնի է` «Սիլ գրուպ» ընկերության դեմ ճնշումները սկսվեցին այն բանից հետո, երբ ընկերության հիմնադիր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը սեպտեմբերի 21-ին կանգնեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ հոկտեմբերի 26-ին մասնակցեց Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքին` դրանով իսկ ձեռնոց նետելով գործող իշխանության սահմանած խաղի կանոններին: Ըստ իշխանությունների տրամաբանության` բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց իշխանության օրոք դրամ են վաստակում` իրենց ստրուկներն են, այսինքն` նրանք պարտավոր են ամեն ինչում հնազանդվել իշխանությանը, որը նրանց հնարավորություն է տվել սոված չմնալու: Հասկանալի է, որ բոլոր նրանք, ովքեր ըմբոստանում են իշխանության գծած սցենարի եւ խաղի կանոնների դեմ` պետք է դատապարտվեն սովահարության, կամ ինչպես իրենք են ասում` փող մուրան: Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Սուքիասյանի օրինակը կարող է վատ նախադեպ դառնալ մյուս բոլոր գործարարների համար, ովքեր ոգեւորվելով այդ օրինակից կարող են ըմբոստանալ իրենց տերերի դեմ: Դրա համար նրանք ամեն ինչ անում են այս օրինակը հենց օրորոցում խեղդելու համար: Որքանով դա կհաջողվի իշխանությանը` այս պահին դժվար է ասել:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.