“Zhamanak” Armenian-American Political Daily

Քոչարյանին կից օլիգարխը

18:58 Yerevan | 14:58 GMT | Friday 2 November 2007

Անսահմանափակ լիազորություններով, մեծ, կենտրոնացված վերահսկող մարմնի` Վերահսկիչ պալատի ստեղծման եւ դրա նախագահի նշանակման շուրջ ծավալվող իրադարձությունները հասան իրենց հանգուցակետին:

Վերջապես ավարտվեց այդ յուղոտ պաշտոնի շուրջ գզվռտոցը` Իշխան Զաքարյանը հասավ իր մուրազին, իսկ այդ աթոռի մյուս հավակնորդին` հարկայինի նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանին, որպես «մխիթարական պարգեւ», տրվեց ազգային անվտանգության պետի տեղակալի պաշտոնը: Դե քանի որ մեզանում ոչ ոք աշխատավարձով չի ապրում եւ ստուգելու գործը մեծ, անաշխատ եկամուտներ է ապահովում, ուստի Վերահսկիչ պալատի նախագահի համար պայքարը խիստ դաժան էր: Ինչպե՞ս է այն լուծվել եւ ինչ շարունակություն է ունեցել:

Մեր տեղեկություններով` նախորդ օրը վերջնական որոշում կայացրած եւ Իշխան Զաքարյանի թեկնածության վրա կանգ առած Ռոբերտ Քոչարյանն իր մոտ է հրավիրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրան տեղեկացրել է, որ ինքը որոշել է, որ Իշխան Զաքարյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում պետք է փոխարինի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը, որը նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի «պրոտեժեն» է, իսկ Պետրոսյանի փոխարեն պետք է հանձնաժողովի նախագահ ընտրվի «Կարմիր խաչ» ընկերության ղեկավար Մխիթար Մնացականյանը, որը Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Վիգեն Սարգսյանի քավորն է: Թվում է, թե իր պաշտոնավարման ավարտին գոնե Քոչարյանը որոշակի ինքնուրույնություն պետք է շնորհեր Գագիկ Ծառուկյանին` նրան թողնելով որոշելու որոշ մանր կադրային հարցեր: Ասենք` որոշելու, թե ով է զբաղեցնելու ԲՀԿ-ին տրամադրված ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Սակայն հերթական անգամ ականատեսն ենք լինում, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը պետական պաշտոնների հետ վերաբերվում ինչպես իր անձնական ունեցվածքի հետ, եւ դրանք որպես նվեր բաժանում իր մերձավոր շրջապատին կամ դրանց քավոր-սանիկներին: Երեկ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ականներին է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի կամքը` որպես ի գիտություն: Տեղեկատվությունն ընդունվել է առանց առարկության, եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նոր նախագահ Մխիկը երեկ արդեն հանձնաժողովի նիստ է վարել:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.