“Zhamanak” Armenian-American Political Daily

Ոստիկաններին ստիպում են սուտ խոսել

20:37 Yerevan | 16:37 GMT | Wednesday 31 October 2007

Ռոբերտ Քոչարյանի նյարդերը տեղի են տալիս. երեկ ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանի հինգ աջակիցներին` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, նրա երկու որդիներին եւ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանին: Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 258` խուլիգանություն եւ 316 հոդվածներով` հասարակական կարգը պահպանել փորձող իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու համար:

Երեկոյան ոստիկանները գնացել էին Նիկոլ Փաշինյանի բնակարան` մեղադրանքն, այսպես ասած, նրա ընտանիքի անդամների ներկայությամբ հրամցնելու, սակայն Փաշինյանը տանը չէր եղել: Ավելի ուշ Պետրոս Մակեյանը, նրա որդին ու Նիկոլ Փաշինյանը կանչվել էին ոստիկանություն եւ մոտ երկու ժամ անցկացրել Կենտրոնի բաժնում, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Ոստիկանություն կանչվածներին ուղեկցել է փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, որը նրանց շահերն է ներկայացնում: Նա մեր թղթակցին ասել է, որ կասկածյալների թվում է նաեւ Պետրոս Մակեյանի մյուս որդին` Տիգրան Մակեյանը, որն այժմ Հանրապետական հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժանմունքում է` երթի օրը գլխին ստացած հարվածներից վնասվել է նրա քունքի նյարդը: Տուժել է նաեւ Պետրոս Մակեյանի մյուս որդին` որպես մեղադրյալ ներգրավված Կարեն Մակեյանը, նրա աչքերն են վնասվել ոստիկանների կիրառած արցունքաբեր գազից: Տուժել է նաեւ ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որի աչքի տակ մինչ օրս կապտուկ կա, սակայն չի դիմել դատաբժշկի. «Եթե գնամ դատաքննական փորձաքննության, նշանակում է` ես լուրջ եմ վերաբերվում այս քննությանը: ...Իրենք ճիշտ են անում, որ լուրջ են վերաբերվում, որովհետեւ իրենք հասկանում են, որ հանցագործություն են կատարում ու վաղ թե ուշ կատարած հանցանքի համար պատասխան են տալու»: Պետրոս Մակեյանը մեր թղթակցին ասել է. «Կարծում եմ` արդեն իրավական դաշտից դուրս են բերել պրոցեսը: Գլխիվայր գործը շուռ են տվել եւ ամեն ինչ կառուցում են կեղծ, շինծու փաստերի վրա: Դեպքի օրը հիմնական գործողությունները կատարել են հատուկ ջոկատայինները: Իսկ իրենք ներկայացնում են, թե իբր քաշքշուկ է եղել ոստիկանների հետ, տուժող բերում են էնպիսի մարդու, որին երբեք չեմ տեսել: Մեր խոսակցությունը ոստիկաններից եղել է Սաշիկ Աֆյանի եւ քաղաքացիական հագուստով փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանի հետ»: «Քանի դեռ Սաշիկ Աֆյանը գործով որպես մեղադրյալ ու Գոհար Վեզիրյանը` որպես տուժող ներգրավված չեն, մենք այս գործին հումորով ենք վերաբերվում: Մեղադրանքի որոշումն ուղղակի ծիծաղելի է, օրինակ` էսպիսի մի ձեւակերպում կա, որ Փաշինյանը դիտավորությամբ հարվածել է ինչ-որ ոստիկանի ոտքին: Առերեսման ժամանակ մի խեղճուկրակ սերժանտ էին բերել, որն ասաց, թե ես իրեն հարվածել եմ, ես էլ իրեն ասացի, որ չնայած հրաման է կատարում, վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության, որովհետեւ էդ օրը իմ ձեռքը, ոտքը որեւէ մարդու չի կպել», - պատմեց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով. «Ինձ համար շատ ցավալի է, որ իմ երկրի ոստիկանության գնդապետը կարող է լինել ուղղակի խղճուկ ստախոս: Խղճուկ ստահակ կարող է լինել իմ երկրի ոստիկանության պետի տեղակալը»:

Հ.Գ. Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ողջ ընթացքում կապի մեջ էր ու հետեւում էր իր աջակիցների նկատմամբ ծավալվող ոստիկանական գործընթացներին:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.