“Zhamanak” Armenian-American Political Daily

Քոչարյանի վարչապետության շանսերը շատ մշուշոտ են

17:58 Yerevan | 13:58 GMT | Friday 5 October 2007

Նախորդ օրը Սերժ Սարգսյանը ԱԺ-ում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինքը հնարավոր համարու՞մ է, որ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշանակվի ՀՀ վարչապետ, հայտարարեց. «Այսինքն` ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն Քոչարյանի մոտ»:

Սերժ Սարգսյանը նման ցանկություն Քոչարյանի մոտ կարող էր չտեսնել երկու պարագայում` կամ, որ այդպիսի ցանկություն Ռոբերտ Քոչարյանի մոտ իսկապես չկա, կամ, որ Սերժ Սարգսյանը ուղղակի չի ուզում տեսնել այդ ցանկությունը, նույնիսկ դրա շատ մեծ առկայության պարագայում: Կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ առավել տրամաբանական է երկրորդ տարբերակը, եւ Սարգսյանը իր այդ հայտարարությամբ փորձում է կանխել Ռոբերտ Քոչարյանի նման ցանկություն հայտնելու եւ առավել եւս արտահայտելու հնարավորությունը:

Բայց որքանո՞վ դա կհաջողվի Սերժ Սարգսյանին, մանավանդ որ` Քոչարյանը այլեւս ունի Ռուսաստանի նախագահի խիստ ոգեւորիչ օրինակը: Դա կարող է տեղի ունենալ միայն մեկ պարագայում, եթե խորհրդարանական ընտրությունների ընթացքում Սերժ Սարգսյանը կարողանա պահել այն խորհրդարանական մեծամասնությունը, որն այսօր ունի, կամ ընդհակառակը մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը Ռոբերտ Քոչարյանը չձեւավորի նոր խորհրդարանական մեծամասնություն, որի վրա հենվելով նա կկարողանա անցկացնել նախագահի` իր համար ցանկալի թեկնածուին, իսկ ընտրություններից հետո էլ զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Խորհրդարանում ընթացող քաղաքական պրոցեսները վկայում են, որ Քոչարյանը մտադիր չէ այդքան հանգիստ զիջել իշխանությունը, եւ ամեն ինչ անում է նման մեծամասնություն ձեւավորելու համար: Այսօր Սերժ Սարգսյանը խորհրդարանում ունի ընդգծված մեծամասնություն, ի դեմս իրար հետ կոալիցիոն հռչակագիր ստորագրած ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Դաշնակցությունը, որը կոալիցիայի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել, արդեն հայտարարել է դրական ընդդիմություն դառնալու իր որոշման մասին: Քանի որ Դաշնակցությունը հայտարարել է, որ կոալիցիայի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել հանուն Ռոբերտ Քոչարյանի, այդ դեպքում ՀՅԴ-ի ընդդիմություն դառնալը անձնավորելու դեպքում ստացվում է, որ այս կուսակցությունը ընդդիմություն է Սերժ Սարգսյանին: Ըստ էության Սերժ Սարգսյանը արդեն ի գիտություն է ընդունել ՀՅԴ-ի որոշումը, որի ակնհայտ ապացույցն այն էր, որ նա խորհրդարանի ամբիոնից պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավորի հարցին, հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարությունը մտադիր չէ կրկնել այն սխալները, որոնք թույլ է տվել առաջին հանրապետությունը ղեկավարած դաշնակցական կառավարությունը: Սերժ Սարգսյանի տակից կարող է դուրս գալ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը չնայած կոալիցիոն հռչակագրին համարվում է Ռոբերտ Քոչարյանի անձնական կուսակցությունը:

Շատերը վկայակոչելով հենց այդ հռչակագիրը պնդում են, որ ԲՀԿ-ն պարտադրված է լինելու պաշտպանել Սերժ Սարգսյանին, քանի որ կոալիցիոն հռչակագրով հստակ ֆիքսված է, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները նախագահական ընտրություններում հանդես են գալու միասնական թեկնածուով: Սակայն այդ հռչակագրում ֆիքսված չէ կոնկրետ թեկնածուի անուն: Ավելին` այդ նույն հռչակագրում կա կետ կոալիցիայի լուծարման մասին, եւ ըստ այդ կետի` կոալիցիայի լուծարումը հնարավոր է, եթե այն ստորագրած կուսակցությունների մեջ առաջանում են անհաղթահարելի խնդիրներ: Չի բացառվում, որ այդ անհաղթահարելի խնդիրը կարող է դառնալ միասնական թեկնածուի անձի ընտրությունը© այսինքն` ԲՀԿ-ականները կարող են մի ինչ-որ պահից որոշեն, որ իրենք մտադիր չեն պաշտպանել Սերժ Սարգսյանին: Նման բան պնդելու համար կան բավարար հիմքեր, չնայած այդ դեպքում այդ կուսակցությունը կարող է պառակտվել: ԲՀԿ-ի` Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը ներկայացնող պատգամավորները կարող են հայտնվել մի կողմում, իսկ մյուսները` ճիշտ հակառակ: Սակայն եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ ԲՀԿ-ի խորհրդարանական ամբողջ խմբակցությունը կարող է դուրս գալ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից, միեւնույնն է` միայն հանրապետականներով Սերժ Սարգսյանը խորհրդարանում ունի պարզ մեծամասնություն: Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը կարող է միանշանակ վստահ լինել իր ղեկավարած խորհրդարանական խմբակցության հավատարմության վրա: Արդեն երկար ժամանակ խոսակցություններ են պտտվում ՀՀԿ-ից որոշ հանրապետականների դուրս գալու եւ խորհրդարանական նոր խումբ ձեւավորելու հնարավորության մասին: Իհարկե, դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ այդ պատգամավորները վստահ կլինեն, որ իշխանության համար մղվող պայքարում հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն ունի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ հենց Ռոբերտ Քոչարյանը: Այս պահին դեռեւս նրանք համոզված են, որ ապագա նախագահը Սերժ Սարգսյանն է: Պետք չէ մոռանալ նաեւ, որ Հայաստանի երրորդ հանրապետության 16-ամյա պատմության մեջ երկու անգամ վարչապետի փոփոխություն է տեղի ունեցել ոչ թե խորհրդարանում առկա քաղաքական մեծամասնության փոփոխության, այլ վարչապետների սպանության կամ անսպասելի մահվան պատճառով: Այ միայն դրանից հետո է տեղի ունեցել ուժերի վերադասավորումը:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.