“Zhamanak” Armenian-American Political Daily

Ասուլիսային մղձավանջ

16:52 Yerevan | 12:52 GMT | Monday 1 October 2007

Թեեւ նախագահական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, սակայն ըստ ամենայնի նախընտրական արշավն սկսված է: Չկա օր, որ որեւէ մեկն այդ թեմայով ասուլիս չտա կամ հայտարարություններով հանդես չգա:

Ընդհանրապես` մեր երկրների նման չկայացած ու բազում խնդիրներ ունեցող երկրներում, որպես կանոն, խիստ կարեւորվում է նախագահի անձը: Եւ այս աժիոտաժը հենց դրանով է բացատրվում: Իսկ քանի որ Ընտրական օրենսգիրքը որեւէ սահմանափակում չի նախատեսում նախագահի թեկնածու առաջադրվելու համար` բացի տարիքային ցենզը, ուստի յուրաքանչյուր ոք, անգամ «ՀՀՇ-ի Գեւորիկը» (որն այժմ դարձել է Հանրապետականի Գեւորիկ) կարող է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել եւ քվեարկվել: Էլ չենք խոսում` նախագահացուների թիմակիցների ու տարբեր ազգական-հարեւանների մասին:

Վերջիններս դրսեւորվելու լայն ասպարեզ ու ամբիոն են ստանում, իրենց նվիրվածությունն ապացուցելու ու ապագա նախագահական տորթից մի կտոր պոկելու հնարավորություն, որն արտահայտվում է հարցազրույցներ տալով, մյուս թեկնածուների դեմ հակաքարոզչություն անելով ու կոմպրոմատներ հայթայթելով:

Երեկ հանդես գալու հերթը Տիգրան Կարապետիչինն էր, որը չգիտես առաջադրվելու հայտ է՞ր ներկայացնում, թե՞ թույլտվություն ստանում: Բայց միեւնույն ժամանակ համեստորեն հայտարարում էր, որ եթե անգամ առաջադրվի, միեւնույնն է` Սերժ Սարգսյանն է ընտրվելու: Անհասկանալի է, թե այդ պարագայում ինչու՞ է առաջադրվում: Գուցե ժողովրդավարական, մրցակցային ֆոն ստեղծելու համա՞ր: Կամ էլ` ինչ-որ պահի թեկնածությունը հանելու եւ ապագա նախագահին սատարելու համա՞ր: Բայց առավել «նուրբ» վիճակում են հայտնվել բոլոր նրանք, ովքեր այնքան էլ համոզված չեն, թե ով է ապագա նախագահը եւ չեն ուզում կորցնել վերջինիս բարեհաճությունը շահելու չնչին իսկ հնարավորությունը: Էլ չենք խոսում այն անձանց մասին, ովքեր եղել են եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, կան ու բարգավաճում են նաեւ այժմ: Սրանք ուղղակի աննախանձելի վիճակում են հայտնվել: Սրանց ուղղակի «հին, բարի» ստալինյան ժամանակների ոգով պարտադրում են հանդես գալ եւ դատապարտել ու դատափետել ՀՀ առաջին նախագահին, որին շատ բաներով են պարտական: Նրանցից առավել սրիկաները չեն հրաժարվում, անգամ հաճույքով են ստանձնում Տեր-Պետրոսյանին քարկոծելու գործը` չնայած ցանկության դեպքում նրանց «կարող են շատ բան հիշեցնել»: Ընդամենը կարող են վեր բարձրացնել 1990-1996թթ. հանրապետական մամուլը եւ այդ անձանց կերպարը կամբողջանա: Ակնհայտ կդառնա, որ Սերժ Սարգսյանին ուղղված քծնանքը ոչինչ է Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված պաշտամունքի կողքին: Կերեւա, որ ոմանք շատ ավելի պերճախոս ու անձնազոհ են եղել առաջին նախագահի հանդեպ: Իսկ առաջին նախագահի օգտին տարվող քարոզչությունը շատ ավելի համոզիչ ու անկեղծ է եղել, քան 2007-ին տարվողը:

Բայց, ինչպես ասում են, թուղթը չի կարմրում եւ ամնեզիան էլ նշված շրջանակներում խիստ հարգի վիճակ է: Ուղղակի մեզ մեծ համբերություն ու մեծահոգություն է պետք, որ կարողանանք հաղթահարել 2008-ի նախագահական ընտրություններ կոչվող արհավիրքը:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.