|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դատական համակարգն աղետալի վիճակում է18:09 Yerevan | 14:09 GMT | Friday 28 September 2007 Պարգեւ Օհանյանը երեկ կոչ է արել իրեն չհերոսացնել` ինքը իր գործն է արել: Անշուշտ իր գործունեության երկարուձիգ տարիների ընթացքում նա էլ է բազմիցս մեղանչել օրենքի ու բարոյականության առաջ, անօրինական ու անարդար վճիռներ էլ է կայացրել: Բայց փաստ է, որ նա ամենավատ դատավորը չէ, ավելի շուտ` ճիշտ հակառակը: Եւ դա միայն Ռոյալ-Արմենիայի ղեկավարների արդարացման դատավճռով չերեւաց: Ժամանակին նա արդարացրեց պետավտոտեսուչների զոհ դարձած եւ ողջ ԳԱԻ-ի դեմ պատերազմ հայտարարած Վարդան Թեյմուրազյանին, փոխեց Սիլվա Ասատրյանի խափանման միջոցը, որին մեկ օր անց վերաքննիչը նորից կալանեց, եւ որն արդեն 2 տարուց ավելի նստած է, սակայն դատարանն այդ գործի ձեռը կրակն է ընկել` ոչ կարողանում է դատել, ոչ արդարացնել: Հովիկ Աբրահամյանի զոհերից մեկի` Իշխան Բունարջյանի օգտին վճիռ կայացրեց, եւ վերջինս այդ վճռի շնորհիվ կարողացավ իր կորցրած տարածքի դիմաց փոխհատուցում ստանալ: Շարքը կարելի է շարունակել: Սակայն մենք էլ չենք ուզում հերոսացնել Պ.Օհանյանին եւ դարձնել արդարադատության խորհրդանիշ: Պարզապես` Օհանյանի դեպքը վերջնականապես ապացուցեց, որ այս երկրի դատական համակարգը շատ ավելի կախյալ ու աղետալի վիճակում է, քան մենք բոլորս պատկերացնում ենք: Իսկ դատական համակարգի վիճակից ավելի ցայտուն ցուցանիշ` երկրի զարգացման ու դեմոկրատիայի մակարդակի վերաբերյալ չի կարող լինել: Պարգեւ Օհանյանը հավանաբար այլեւս չի աշխատի այս համակարգում` անկախացման փորձեր անող մի դատավորից հասարակությունը կզրկվի, ուստի լսենք թե նա երեկ ինչ է ասել: «Աստվածաշունչն ասում է` մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա, որ քեզ անեն: Ես դատավոր եմ, համենայնդեպս՝ առայժմ, քաղաքականությամբ իրավունք չունեմ զբաղվելու եւ ցանկություն էլ չունեմ, ընդդիմադիր չեմ, ես ինքս եմ իշխանությունը, իսկ ամեն մի իշխանություն Աստծուց է, որին շնորհակալ եմ այն հնարավորության համար, որ թույլ է տալիս հասկանալ այն մարդկանց վիճակը, ովքեր, լինելով անմեղ, կանգնում են դատարանի առաջ: Հարգելի խորհուրդ, մի հերոսացրեք ինձ, ես ընդամենը իմ գործն եմ արել՝ արդարադատություն եմ իրականացրել, համենայնդեպս փորձել եմ օրենքի գերակայությունը պահպանել: Հին հունական փիլիսոփաներից Սոկրատեսը ասել է՝ դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ անխոս դատավոր: Օրենքը ոգի, շունչ ունի, մենք պիտի զգանք շունչը եւ հասկանանք օրենքի ոգին եւ ոչ մի դեպքում չկառչենք այդ օրենքի տառից, եթե այն չի բխում նրա ոգուց: Եւ որպես իշխանության ներկայացուցիչ՝ եթե ի դեմս խորհրդի, հարազատ իշխանությունը կգտնի, որ ես արժանի չեմ իրենց, ես ինքս էլ կհասկանամ, որ դա այդպես է»: Հ.Գ. Պարգեւ Օհանյանի ճակատագիրն այնքան է զբաղեցրել մեզ, որ մենք մոռացել ենք մի շատ կարեւոր հանգամանքի մասին. Օհանյանի լիազորությունների դադարեցումն ուղղակի ճնշում է մյուս բոլոր դատավորների եւ մասնավորապես` Ռոյալ-Արմենիայի գործը քննող վերաքննիչի նկատմամբ: Նրանց այլեւս պետք չէ հրահանգ իջեցնել, նրանք շատ լավ հասկացան, թե ինչ դատավճիռ է պետք կայացնել:
|
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԵթե թողնեն բանալինՈր Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում... ՔաղաքականՓաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինիՓաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա: ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |