|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մի համեմատվեք17:08 Yerevan | 13:08 GMT | Thursday 27 September 2007 Նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանի արած մի քանի հայտարարությունները խիստ թափանցիկ դարձրին գործող իշխանության մարտավարությունը: Թեեւ այդ մարտավարությունն արդեն իսկ բացահայտել էր «Հայլուր» լրատվականը` դա համեմատությունների ու զուգահեռների զինանոցն է, որ պատրաստվում է կիրառել ռեժիմն` ընդդեմ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Սակայն, ցավոք, այդ մարտավարությունը շատ խոցելի է` ոչ միայն այն պատճառով, որ ընդհանրապես կյանքը կանգ չի առնում` երկիր մոլորակի վրա ամեն ինչ փոխվում է, զարգանում է: Եթե, ասենք, 30 տարի հետ գնանք ու հիշենք, թե մարդկությունն ինչպես էր ապրում, ապա տեխնոլոգիական առաջընթացի տեմպերից պարզապես գլխապտույտ կունենանք: Այլ բան է, որ այդ առաջընթացը ոչ մի երկրի ղեկավար անձամբ իրեն չի վերագրում: Բայց 1996-ի հետ զուգահեռներ անցկացնելու մարտավարությունը խոցելի է նաեւ այլ պատճառներով: Մասնավորապես այն պատճառով, որ շատ այլ երկրներում, մասնավորապես` մեր հարեւան Ադրբեջանում շատ ավելի բուռն առաջընթաց է արձանագրվել` տարեկան 35 տոկոս տնտեսական աճի տեսքով: Նաեւ այն պատճառով, որ մեր արձանագրած առաջընթացի մեջ մեծ ներդրում ունի միջազգային հանրությունը, տարբեր կազմակերպություններ ու վարկատուներ, մասնավորապես` Համաշխարհային բանկն ու Արժույթի հիմնադրամը: Բայց սա էլ այնքան կարեւոր չէ: Եկեք հետեւենք, թե ինչ առաջընթաց է արձանագրել Հայաստան պետությունը` 1997-ի համեմատ եւ մասնավորապես` ինչ «առաջընթաց ու բարգավաճում» են ունեցել անձամբ Ռոբերտ Քոչարյանն ու իր մերձավոր շրջապատը: Ինքը` Ռ.Քոչարյանը հայտարարում է, որ 1997-ին, երբ վարչապետ է դարձել ժառանգել է 300 միլիոն դոլարի բյուջե, իսկ «Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն լինելու է մոտ 2, 5 մլրդ դոլար` մոտ 8 անգամ ավելի մեծ բյուջե»: Նախ, ինչպես ասում են, թռիր` հետո հոպ ասա. 2, 5 մլրդ դոլարի բյուջեն ընդամենը խոստում է, այն էլ` վատ իրականացման հեռանկարով: Այսպես ասած` նախընտրական քամի, որ նախատեսված է իր իրավահաջորդին` Սերժ Սարգսյանին ընտրողների ականջների համար: Մյուս կողմից` բյուջեի այս աճն ավելի շատ պայմանավորված է դոլար-դրամ խաղերով, որն այնքան լավ է ստացվում քաղաքացիների գրպանը մտնող իշխանության մոտ: Եւ վերջապես` զուգահեռների սիրահար իշխանավորների համար մի զուգահեռ էլ մենք տանենք: Երբ 1997-ին Ռոբերտ Քոչարյանը գալիս էր Հայաստան եւ ստանձնում էր վարչապետի պաշտոնը, հաստատ մեծ կարողության տեր անձ չէր: Բոլորս հիշում ենք եւ նրա ու իր ընտանիքի հագուկապը, եւ հայտնի է, որ Ղարաբաղում մեծ գումարներ աշխատելու հնարավորություններն էլ սուղ էին: Այժմ` միջազգային տարբեր գնահատականներով նրա ընտանիքի կարողությունը կազմում է 2-2, 5 մլրդ դոլար: Եւ եթե անգամ մեծահոգաբար ընդունենք, որ 1997-ին նա մեկ միլիոն դոլարի կարողության տեր էր, ապա այժմ նրա կարողությունը աճել է ամենաքիչը 2 հազար անգամ: Այսինքն` եթե պետությանդ բյուջեն աճել է ընդամենը 8 անգամ, իսկ քո անձնական բյուջեն մոտ 2 հազար անգամ, ապա հպարտանալու քիչ բան կա: Եւ աճը հաստատ հօգուտ պետության ու ժողովրդի չի: Այնպես որ, զուգահեռներ անցկացնելն անշնորհակալ գործ է, հակազուգահեռները երբեմն կարող են ավելի խոսուն լինել:
|
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |