“Zhamanak” Armenian-American Political Daily

Աստղով տղամարդ ա ինքը

17:55 Yerevan | 13:55 GMT | Tuesday 25 September 2007

10-ամյա լռությունից հետո Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը խիստ կցկտուր, տեղին ու անտեղի մեկնաբանություններով համեմված հասավ հեռուստալսարանին: Դրա համար «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցները ջանք չխնայեցին, իսկ «ամենահուժկու հարվածը» հասցրեց «Հայլուրը», որի «բետեեռներն» արդեն իսկ ձեռնամուխ են եղել իրենց նոր «պապայի»` Սերժ Սարգսյանի անցանկալի մրցակցին չեզոքացնելու սուրբ գործին:

Բայց հակաքարոզչությունն այնքան էլ հաջողված չէր. Տիգրան Նաղդալյանը դա շատ ավելի լավ կաներ: Համենայնդեպս` մութ ու ցուրտ տարիների, թերթեր ու կուսակցություն փակելու մասին հիշատակությունները հնացել են եւ լսարանի վրա սպասված ազդեցությունը չեն թողնում: Իսկ Հյուսիսային պողոտան քանդելու մասին խոսակցություններն առնվազն ծիծաղելի են: Այնպես որ, պետության «պիառշչիկները» ստիպված կլինեն նոր, ավելի ուժեղ փաստարկներ գտնել: Իսկ այն խուճապը, որ այսքան վաղաժամ առաջացել է իշխանական ճամբարում վկայում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենից մեծ վտանգ է ներկայացնում գործող ռեժիմի համար: Ըստ էության` հակաքարոզչության իմաստը նրա առաջադրումը կանխելն է, հենց իր` թեկնածուի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելը: Սակայն մեզ հասած տեղեկություններով` Տեր-Պետրոսյանը հաստատակամ է եւ չնայած դեռ խուսափում է վերջնական հայտարարություններ անելուց, հետ կանգնելու մտադրություն չունի: Իսկ դա նշանակում է, որ մեզ շատ հետաքրքիր շրջան է սպասվում: Հետաքրքիր` պրոֆեսիոնալ եւ քաղաքական տեսանկյունից: Անկախ ընտրությունների արդյունքից` Տեր-Պետրոսյանի առաջադրումը քաղաքական պայքարի դաշտ կստեղծի երկրում եւ ընտրական համակարգը զարգացում կապրի: Կփոխվի երկրի մթնոլորտը, տեսակետների ու գաղափարների մրցակցություն կսկսվի: Եւ վերջապես` հնարավոր է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ դառնա, քանի որ դրանց դեմ մարտնչելու պատրաստ մարդկանց մի մեծ բազմություն կհայտնվի ասպարեզում: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես է վերաբերվում ժողովուրդը նախկին նախագահի առաջադրման գաղափարին եւ զրուցեցինք պատահական անցորդների հետ: «Տո խի՞ չեմ ուզում, որ գա: Ես սիրում եմ իրան, հարգում եմ, ոնց որ հարազատ ախպերս լինի: Աստղով տղամարդ ա ինքը», - մեզ հետ զրույցում անկեղծացավ 60-ամյա Վարդուհի Մանուկյանը: Վերջինս ցուրտ ու խավար տարիները չի մոռացել, բայց չի համաձայնում մեղադրանքների հետ, որ դա միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքով էր: Ի դեպ, նա ժամանակին ընտրել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին էլ է հարգում, բայց` «աստղը Լեւոն Տեր-Պետրոսյանին է բռնել»: Մեր մյուս զրուցակիցը Լեւոն Տեր-Պետրոսյանին անձամբ էր ճանաչում, սակայն չցանկացավ ներկայանալ. «Մենք միասին նույն ֆակուլտետում ենք սովորել: Որպես քաղաքացի ես ճշմարտության կողմնակիցն եմ. ժողովրդի մեծ մասը չի ուզում, որ նա գա: Նրանք հիշում են ցուրտ ու սառը օրերը, ծառահատումները, որ ասեց` հարեւաններից պարտք արեք, մարդիկ պարտք առան, տոկոսի տակ մնացին, տները ծախեցին», - ասաց առաջին նախագահի համակուրսեցին` շարունակելով. «Ինքը լուրջ, կազմակերպված, խելացի մարդ է, ըստ երեւույթին իր շրջապատը իր գլխին սարքեց»: Այնուամենայնիվ, քաղաքացին կողմ է, որ «Լեւոնը իրոք գա, էս թալանչիների հերն անիծի, քաղաքական գնահատական տա»: Արեւածաղկի վաճառքով զբաղվող Պայծառ Բարսեղյանը որոշել է ընտրել Սերժ Սարգսյանին: «Ի՞նչ տեսանք Լեւոնի օրոք, նա մեր հավատը նենց կոտրեց, որ էլ ի՞նչ լավ բան սպասենք Լեւոն Տեր-Պետրոսյանից»: Խորհրդային տարիներին «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Համբարձում Խլղաթյանն էլ ասում է. «Եթե ինքը սպասում է, որ հայ ժողովուրդը ծնկաչոք կգնա նրա մոտ, էդ բանը չի լինի»: Սա դեռ սկիզբն է:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.