“Zhamanak” Armenian-American Political Daily

«Զինդատախազությունը հանցավոր կառույց է»

18:21 Yerevan | 14:21 GMT | Friday 31 August 2007

Էլմիրա Մարտիրոսյան

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը մեր հետ զրույցում հայտնեց, որ իրենց մտահոգում է բանակում մահվան ելքով արձանագրված դեպքերի իրական քանակը. «Այս տարվա հունիսի 12-ին դիմեցինք զինդատախազություն, որպեսզի մեզ տրամադրեն բանակում առաջին հինգ ամիսների ընթացքում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական տվյալները, մեզ տվեցին գրություն, որտեղ նշված է, որ ՀՀ ՊՆ համակարգում մահացել, զոհվել են 13 պարտադիր զինծառայողներ, որոնցից մեկը սպանվել է համածառայողի, մեկը` հակառակորդի կողմից, երեքը` զենքի օգտագործման կանոնների խախտման, մեկը` ավտովթարի, մեկը` դժբախտ պատահարի, մեկը` ինքնասպանության հասցնելու հետեւանքով, մեկը մահացել է հիվանդանոցում, իսկ չորսը ինքնասպանություն են կատարել:

Հուլիսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստն էր, որտեղ ելույթ ունեցավ զինդատախազ Արմեն Խաչատրյանը, որի հրապարակած թվերը (ըստ նրա` 2007-ի առաջին կիսամյակում արձանագրված առանձնապես ծանր 19 հանցագործություններից 15-ը կատարվել է հակառակորդի կողմից չեն համընկնում նույն կառույցի` վերոնշյալ գրության տվյալների հետ կամ` եթե համապատասխանում են, ուրեմն մայիսին հաջորդող հունիս ամսվա մեջ տասնչորս մարդ է սպանվել հակառակորդի կողմից, մինչդեռ մեզ ուղարկված գրության մեջ մեկ հոգի է սպանվել: Կոլեգիայի նիստը լուսաբանած լրագրողների հաղորդած թվերն էլ չեն համընկնում միմյանց: Մենք ստիպված կրկին դիմեցինք գլխավոր դատախազին` խնդրելով մեզ տրամադրել իրական պատկերը: Պատասխանեցին, որ իրենց կայքում բոլոր տեղեկությունները զետեղված են, բայց ոչ մի նման տվյալ չկար»:

Այնուամենայնիվ, կազմակերպությունը բավականաչափ տեղեկատվություն ունի զինվորների սպանությունների ու «ինքնասպանությունների» մասին, որոնք ներկայացրեց Ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նա 1998-2000թթ. ղեկավարել է ՊՆ վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովը, որը զբաղվում էր բանակում կատարված սպանությունների ուսումնասիրությամբ: Ռ.Մարտիրոսյանն ասաց, որ 2007թ. հունիս-հուլիս ամիսներին «զինվորների սպանությունների, զոհվելու դեպքերի թիվը կտրուկ աճել է: Մեզ համար դա ավելի նկատելի է, քանի որ թվի աճի հետ ավելանում է նաեւ մեզ դիմող քաղաքացիների թիվը»: Փորձագետը ներկայացրեց մի տեղեկագիր` միայն մեկ օրվա ընթացքում կատարված երեք դեպքերի վերաբերյալ. օրինակ` մի զինվորը էլեկտրահարվել է, որից հետո բժշկական միջամտությամբ կտրել են ձեռքերը: «Հարց է ծագում` անզգուշությու՞ն է, թե՞ դիտավորյալ հանցագործություն: Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ այրվածքներից բացի` զինվորի ուսագոտու շրջանում եղել է սալջարդ վնասվածք, որը կարող էր առաջանալ բութ, կոշտ առարկայի` փայտի, ավտոմատի կոթի հարվածից: Եւ այստեղից գալիս է մեր ամենակարեւոր խնդիրը` զինդատախազությունը, իմ համոզմամբ, ես դա պաշտոնապես եմ հայտարարում, հանցավոր կառույց է:

Մյուս գործը` 2007-ի հունիսի 6-ին Մատաղիսի մոտ գտնվող զորամասերից մեկում հակառակորդի կողմից սպանվել է Էդգար Միրզոյանը: Այդ պաշտոնական վարկածին ծանոթանալիս շատ հարցեր եւ վարկածներ են առաջանում. Էդգարը դիրքերում է եղել 15 օր, իջել է եւ, ըստ կանոնակարգի, պետք է բարձրանար 15 օր հետո, սակայն անտեսելով նշված կանոնակարգը` նրան ապօրինաբար տարել են դիրքեր` ինժեներատեխնիկական աշխատանքներ կատարելու, որտեղ էլ կրակոցից Միրզոյանը սպանվել է: Թեկուզ նման աշխատանքներ կատարելիս չի կարելի զինվորին տանել թուրքի դեմ կանգնեցնել, որ կրակեն: Մարտական դիրքեր բարձրանալիս զինվորը պետք է զենք ունենա, եւ հայտնի չէ` նա ունեցե՞լ է, թե՞ ոչ: Այս եւ շատ այլ հարցեր բերում են այն եզրահանգման, որ դատախազության պաշտոնական վարկածն անհիմն է: 2007-ի հունիսին Արարատի մարզի Այնթապ գյուղից զորակոչված Հակոբ Ադամյանը դատախազության պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել` կրակելով իր ճակատին, եւ գործը կարճել են, քանի որ զինվորին ոչ ոք չի դրդել ինքնասպանության: Կարելի է ենթադրել, որ խանգարված, հոգեկան հիվանդին տարել են բանակ, եւ նա ինքնասպան է եղել: Այժմ պահանջել ենք կարճման որոշումը: Ընդհանրապես, երբ ծանոթանում ենք զինդատախազության վարույթում գտնվող գործերին, այնտեղ անպայման նշվում է, որ տվյալ զորամասում կարգապահությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, պարբերաբար կատարվել են ինչ-ինչ անօրինականություններ, դրան գումարում ենք տարբեր զորամասերում կատարված սպանության դեպքերը, քննիչների եզրակացությունները, տեսնում ենք, որ բոլոր զորամասերը գտնվում են նույն ահավոր` լարված, քրեականացված վիճակում: Ուրեմն ի՞նչ կայացած բանակի մասին են խոսում: Ուրեմն ի՞նչ է անհրաժեշտ բանակում այդ վիճակը շտկելու համար: Դա բավականին դյուրին գործ է, եթե կա ցանկություն: Գտնում են հանցագործներին, այդ թվում` սպաներին, ովքեր կամ կատարողներն են, կամ հանցագործության համար պարարտ հող ստեղծողները, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Սպանություններն այլեւս չեն կրկնվի: 1998-ին զորամասերից մեկում կատարվեց 30 սպանություն, 1999-ին, երբ վերահսկողությունն ուժեղացավ, եւ «հարձակվեցինք» զինդատախազության վրա, կատարվեց մեկ սպանություն»: Ի՞նչ սցենարով է աշխատում զինդատախազությունը: «Դատախազությունը բոլոր գործերով հենց առաջին օրը գտնում է մարդասպանին կամ մարդասպաններին, փողը վերցնում, դրանց հարցը լուծում, որից հետո սկսում են փնտրել պոտենցիալ մարդասպանին, որի վրա կարելի է կոտրել այդ գործը:

Այսինքն` դատախազությունը ոչ միայն չի կատարում իր գործառույթը, այլ նաեւ իր հանցավոր գործունեությամբ նպաստում է հանցագործությունների աճին:

Խրախուսվում է սպանությունը: Դատախազությունը գործերը կազմելիս ստիպված է լինում կեղծել գործի հինգ հիմնական բաղադրիչներ` փոխում են դեպքի վայրը, ժամը, կատարող անձին կամ անձանց, հանցագործության զենքը եւ դրդապատճառը, որպեսզի ոչ մի կերպ գործը չկապվի իրական հանցագործների ու պատճառների հետ: 2005-ին սպանված Արսեն Սիմոնյանի դեպքը որակվել է որպես ինքնասպանություն, սակայն դա սպանություն է. Արսեն Սիմոնյանին սպանել են 8 կրակոցով, բայց այդ գործով այսօր դատապարտված են երկու անմեղ երիտասարդներ, որոնք իբր նվաստացրել են Արսենին, վերջինս էլ ինքնասպանություն է գործել: Ամբողջ գործից պարզ երեւում է, որ կապիտան Գուրգեն Մայիլյանն է մարդասպանը: Սակայն վերաքննիչ դատարանը` Պողոսյանի նախագահությամբ, սույն դեպքը կրկին որակեց ինքնասպանություն», - նշեց փորձագետը: Հելսինկյան ընկերակցության նախագահ Մ.Դանիելյանն էլ ավելացնում է, որ իրենք հետեւել են դատավարությանը եւ այնտեղ վկաները, ովքեր միանգամից տուժող են դառնում, հայտնել են, որ իրենց զորամասի 10-ից ավելի զինվորների 20 օր պահել են Հադրութի դատախազությունում, ճնշել են, որ սուտ ցուցմուք տան: Ոչ դատարանը, ոչ դատախազությունը չարձագանքեցին այդ իրողությանը, մինչդեռ պարտավոր էին»: «Ընդհակառակը` դատարանում, երբ տեսան, որ վկան այդ մասին ցուցմունք է տալիս, դատավոր Պողոսյանը չցանկացավ մյուս վկաներին լսել` հայտարարելով, որ Ստեփանակերտի դատարանում դատավոր Լեռնիկ Աթանյանն արդեն արձանագրել է, բայց երկու մեղադրյալները դատարանում հայտնեցին, որ Ստեփանակերտում ոչ մի դատավարություն չի եղել, ոչ մի վկա չի հարցաքննվել եւ դատաքննության կեղծ փաստաթղթեր են սարքել», - շարունակեց փորձագետը: Երբ Հելսինկյան ընկերակցության ներկայացուցիչները քննչական մարմնի ղեկավարին հայտնել են, որ զինվորներին ապօրինաբար զրկել են ազատությունից, ճնշել, արդյո՞ք դա մարդու իրավունքների խախտում չէ, չինովնիկը պատասխանել է` ոչ: Ինչպես կարելի է այդ ամենի դեմն առնել:«Բանակի նկատմամբ հասարակական ճնշում եւ վերահսկողություն իրականացնելով, բայց ոչ «գրպանի» կազմակերպությունների միջոցով: Չեմ կարող ասել, որ դեպքերն իսպառ կվերանան, բայց գոնե կնվազեն», - եզրափակեց Մ.Դանիելյանը:

Արխիվ
Վերլուծական

Խաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը Հայաստանում

Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:

Քաղաքական

Երեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգի

Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:

Աշխարհ

Տիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջված

Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.