“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայերին չեն սիրում նաեւ Իտալիայում

16:36 Yerevan | 12:36 GMT | Friday 27 July 2007

ԴԱՎԻԹ ՋԱԼԱԼՅԱՆ

Հայկական սպորտում արձանագրվել է հերթական տհաճ միջադեպը, որը ոչ միայն վնասել է մարզիկներին, այլեւ վարկաբեկել է մեր երկիրը:

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը չի թույլատրել բասկետբոլի 16 տարեկան աղջիկների եւ տղաների հավաքականներին մեկնել իտալական Կետի քաղաք եւ մասնակցել Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությանը: Մինչ այս Մոսկվայում գտնվող Իռլանդիայի դեսպանատունը չէր թույլատրել Հայաստանի հոկեյի ազգային հավաքականին մասնակցել Իռլանդիայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլին: Չենք հիշում որեւէ դեպք, երբ նման խնդրի առջեւ կանգնի եվրոպական այլ երկրի հավաքական կամ մարզիկ: Կատարվածը հերթական անգամ ապացուցում է, որ զարգացած երկրներում Հայաստանը համարում են հետամնաց երկիր, իսկ հայերին, կոպիտ ասած` «աֆերիստներ»: Մեր երկրի նկատմամբ նման կարծիքի ձեւավորման մեջ, ինչ խոսք, իրենց «ավանդն» ունեն նաեւ մարզիկները, մարզիչները եւ սպորտի հետ առնչություն ունեցող անձինք: Շատ են դեպքերը, երբ մեկնելով որեւէ զարգացած երկիր` հայ մարզիկները փախուստի են դիմել եւ չեն ցանկացել վերադառնալ հայրենիք: Որքան էլ տարօրինակ հնչի` փախուստի դիմած մարզիկներին կարելի է ինչ-որ չափով հասկանալ: Երբ հայրենիքում մարզվելու, մրցումների մասնակցելու բավարար պայմաններ չկան, երբ աշխատավարձի չափը ծիծաղ է առաջացնում, մարզիկները ձգտում են թեկուզ անօրինական ճանապարհով հաստատվել օտար երկրում: Ժամանակին նման քայլի դիմեց նաեւ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որը 2000 թվականին Սիդնեյում կայացած ամառային օլիմպիական խաղերից հետո չվերադարձավ Հայաստան: Չենք կասկածում, որ եթե Դարչինյանը շարունակեր ելույթ ունենալ ՀՀ դրոշի ներքո, ապա նման բարձունքի չէր հասնի:

Ինչեւէ, Հայաստանի աղջիկների մինչեւ 16 տարեկանների հավաքականը առաջին անգամ պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի հանդիպումներին: Մարզիչ Էդիկ Վարդանյանի սաներն ընդգրկված էին Դ խմբում, որտեղ մրցելու էին Գերմանիայի, Իսրայելի եւ Ռումինիայի հավաքականների հետ:

Հուլիսի 27-ին Հայաստանի մրցակիցը պետք է լիներ Գերմանիան: Սկզբում դեսպանատունը նույնիսկ չի պատճառաբանել մերժումը, իսկ ավելի ուշ, երբ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան անհանգստացած դիմել է Իտալիայի բասկետբոլի ֆեդերացիային, դեսպանատան աշխատակիցները պարզաբանել են, թե իբր հայ աղջիկների անձնագրերը հավատ չեն ներշնչում: Մինչդեռ Հայաստանի հավաքականը հրավեր էր ստացել Իտալիայի բասկետբոլի ֆեդերացիայից եւ մրցաշարի կազմկոմիտեից: Հայաստանը պարտավոր էր մասնակցել այս մրցաշարին, որը նաեւ մեծ նշանակություն ուներ կանանց բասկետբոլը Հայաստանում զարգացնելու համար: Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը նշեց, որ կատարվածը մեծ հարված էր հավաքականի համար. «Մենք պարզապես ցնցված ենք, թե ինչպես կարելի է 21-րդ դարում նման որոշում կայացնել: Սա պրոֆեսիոնալ սպորտ է, եւ Հայաստանը պարտավոր էր մասնակցել այս մրցաշարին, մենք չէինք գնում պարզապես զբոսնելու կամ ուսումնամարզական հավաք անցկացնելու, այլ մասնակցում էինք Եվրոպայի առաջնությանը, ինչպես եւ մի քանի տասնյակ պետություններ»: Հարությունյանը ընդգծեց նաեւ, որ 14-16 տարեկան աղջիկները եւս շատ են տխրել` իմանալով այս լուրի մասին. «Աղջիկները մեծ անհամբերությամբ էին սպասում մրցաշարին, քանի որ առաջին անգամ էին ուժերը չափելու արտերկրում»: Իտալիայի դեսպանատան մերժումը բասկետբոլիստներին ստիպում է մտածել նաեւ, որ առաջիկայում միջազգային ավելի հեղինակավոր մրցումներին մերոնց մասնակցելը հարցականի տակ է, եթե իհարկե մրցավայրը զարգացած երկրում չէ: Մեծ է հավանականությունը, որ իտալացիների եւ իռլանդացիների մոտեցումները կարող են հիմք համարել, ասենք, Գերմանիան, Իսպանիան, Հոլանդիան, որտեղ հայերը բավական շատ են, եւ նրանց հիմնական մասը ժամանել է ապօրինի ճանապարհով:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.