“Zhamanak” Armenian-American Political Daily

«Փյունիկն» այսօր պարտավոր է հաղթել

18:20 Yerevan | 14:20 GMT | Wednesday 25 July 2007

Դավիթ Ջալալյան

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկն» այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում իռլանդական «Դերի Սիթիի» հետ անցկացնելու է Չեմպիոնների լիգայի 2007/08 թվականների խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը:

Հիշեցնենք, որ կողմերի միջեւ մեկ շաբաթ առաջ կայացած առաջին մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի` 0-0 հաշվով, եւ այսօր մեր չեմպիոնը հաջորդ փուլ դուրս գալու շատ ավելի լավ հնարավորություն ունի: Վերլուծելով առաջին հանդիպումը` կարող ենք ասել, որ «Փյունիկը» մրցակցից կարգով մի փոքր ավելի բարձր է եւ ճիշտ մարտավարություն կիրառելու դեպքում կհասնի իր նպատակին: Ի տարբերություն առաջին հանդիպման, այսօր խաղադաշտում կտեսնենք առաջատար կիսապաշտպան Համլետ Մխիթարյանին, որը վնասվածքի պատճառով մեկ շաբաթ առաջ ասպարեզ դուրս չեկավ: Միջազգային բուքմեյքերական կազմակերպությունների մասնագետներն այս անգամ հավանական են համարում «Փյունիկի» հաղթանակը: Խաղի նման ելքի համար սահմանված է 1.65 գործակից, իսկ «Դերի Սիթիի» հաղթանակի գործակիցը 4.65 է: Բարձր է նաեւ ոչ-ոքիի գործակիցը` 3.4: Փաստորեն բուքմեյքերները, հաշվի առնելով առաջին հանդիպման ընթացքն ու հաշիվը, համոզվել են, որ հայկական ակումբն ավելի ուժեղ է: Հիշեցնենք, որ առաջին խաղում չափազանց բարձր էր «Փյունիկի» հաղթանակի, նաեւ ոչ-ոքիի գործակիցը: Նախապատվությունը տալով իռլանդական թիմին` մասնագետները հավանաբար հաշվի էին առել այս թիմի ելույթը ՈւԵՖԱ-ի գավաթի 2006/07 թվականների խաղարկությունում: Որակավորման առաջին փուլում իռլանդացի ֆուտբոլիստները երկու հանդիպումների արդյունքում 2-0 հաշվով անակնկալ հաղթանակի էին հասել շվեդական բավական ուժեղ «Գյոթեբորգ» թիմի նկատմամբ: Երկրորդ փուլում երկու հանդիպումների արդյունքում «Դերին» արդեն 7-3 հաշվով հաղթել էր շոտլանդական «Գրեթնա» թիմին: Որակավորման վերջին` երրորդ փուլում իռլանդական թիմին բաժին էր ընկել ֆրանսիական հայտնի «Պարի Սեն Ժերմեն» թիմը: Վերջինիս հետ առաջին հանդիպումը ոչ-ոքի ավարտելով, այնուհետեւ 2-0 հաշվով պարտվելով` «Դերի Սիթիին» չէր հաջողվել հայտնվել խմբային մրցաշարում: Ինչեւէ, «Փյունիկի» այսօրվա մրցակից թիմի գլխավոր մարզիչ Ջոն Ռոբերթսոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենց համար շատ դժվար է լինելու նվաճել երկրորդ փուլի ուղեգիրը: «Այսօր Հայաստանի չեմպիոնը բացահայտ ֆավորիտ է: Առաջին խաղում ցույց տալով կազմակերպված եւ գրագետ ֆուտբոլ` «Փյունիկը» հասավ իր նպատակին եւ այսօր բուռն գրոհներ ձեռնարկելով կփորձի հասել հաղթանակի: Բնականաբար մենք ետ քաշված ենք խաղալու` փորձելով օգտագործել հակագրոհները: Նշեմ, որ Երեւանում բավական շոգ է եւ մեր ֆուտբոլիստների համար շատ դժվար է լինելու եղանակային նման պայմաններում օգտագործել իրենց ամբողջ կարողությունը», - ասել է Ռոբերթսոնը: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով` «Փյունիկը» կարող է «Դերիին» հաղթել կազմակերպված եւ մարտական ֆուտբոլ խաղալու դեպքում: ««Դերի Սիթին» լավ կազմակերպված թիմ է, որին կարելի է հաղթել լավագույն որակներ դրսեւորելու շնորհիվ եւ համակիրների աջակցությամբ: Այս խաղում մենք պետք է դրսեւորենք թե խաղային, թե մարդկային մեր որակները», - ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը: Ի դեպ, այսօրվա հանդիպմանը հետեւելու նպատակով Երեւան են ժամանել Ուկրաինայի փոխչեմպիոն Դոնեցկի «Շախտյորի» ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Դերի Սիթի» զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է վերոնշյալ թիմի հետ: Ըստ ուկրաինացի մասնագետների` «Շախտյորի» համար ձեռնտու կլինի երկրորդ փուլում մրցել «Դերի Սիթիի» հետ, քանզի հայերը ուկրաինացիների դեմ սովորաբար հաջող են խաղում: Հավելենք, որ այսօր խաղը սպասարկելու է սլովենական մրցավարական անձնակազմը` Ռոբերտ Կրայնցի գլխավորությամբ:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.