“Zhamanak” Armenian-American Political Daily

«Արարատի» մարզիչը հրաժարական տվեց

17:20 Yerevan | 13:20 GMT | Tuesday 24 July 2007

Դավիթ Ջալալյան

ՀՀ առաջնության միջնամասում չեմպիոնի կոչման հավակնորդ թիմը կանգնում է լուրջ խնդիրների առջեւ. մրցաշրջանի սկզբից Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմը ղեկավարող գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն անսպասելիորեն հրաժարական է տվել:

Նախորդ տարի եւս «Արարատը» մի քանի մարզիչ փոխեց, որի պատճառով թիմի խաղը չէր կայունանում, սակայն Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հայկական տիտղոսակիր ակումբը վերջին շրջանում բավական հաջող էր հանդես գալիս եւ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելու լուրջ հայտ էր ներկայացրել: Նշենք, որ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում հայկական թիմերից ոչ մեկին չէր հաջողվել լուրջ դիմադրություն ցույց տալ «Փյունիկին», որը 2002 թվականից ի վեր հեշտությամբ դառնում է ՀՀ չեմպիոն: Մեր տեղեկությունների համաձայն` «Արարատի» շվեյցարահայ բաժնետերեր՝ Հրաչ Կապրիելյանին եւ Վարդան Սիրմաքեշին ամենեւին էլ չի գոհացնում ընթացիկ մրցաշրջանում թիմի խաղը, եւ նրանք քայլեր են ձեռնարկում ավելի ուժեղ կոլեկտիվ ստեղծելու համար: Մասնավորապես` հրավիրել են սերբ մարզիչ Դուշան Միշիչին` ցանկանալով, որ նա Սուքիասյանի հետ հավասար պարտականություններ ունենա: Սուքիասյանը, բնականաբար, չի հանդուրժել նման մոտեցումը: Երբ մրցաշրջանի սկզբում Սուքիասյանը գլխավորեց «Արարատը», այս թիմը կարծես վերածնունդ ապրեց: Այն ֆուտբոլիստները, որոնք անցած տարի չէին նկատվում, Սուքիասյանի շնորհիվ սկսեցին դրսեւորվել: Խոսքը հատկապես բրազիլացի հարձակվող Մարկոսի մասին է, որը 2006թ. մրցաշրջանում չէր կարողանում մերվել թիմին: Կարելի է խոսել նաեւ խաղային օղակների վերելքի մասին, որոնք նախորդ տարի անբավարար վիճակում էին գտնվում: Դժվար է այսօր խոսել Դուշան Միշիչի կարողությունների մասին, քանզի նա ճանաչված չէ Եվրոպայում: Չի բացառվում, որ Միշիչը լավ մասնագետ է, բայց առաջնության միջնամասում, երբ թիմը վերելք է ապրում, նման քայլեր անելը, կարծում ենք, ճիշտ չէ: Հատկապես ցավալի է, որ «Արարատում» նման տհաճ միջադեպերը կարծես ավանդույթ են դարձել: Կապրիելյանի եւ Սիրմաքեշի ղեկավարության օրոք ակումբում շարունակ կոնֆլիկտներ են ծագում, որոնք բացասաբար են ազդում առաջին հերթին ֆուտբոլիստների վրա: Բացառված չէ, որ Սուքիասյանի հեռանալուց հետո թիմը լքեն նաեւ մի շարք առաջատար ֆուտբոլիստներ: Ի դեպ, առաջնության 14-րդ տուրից հետո թիմը գտնվում է երկրորդ հորիզոնականում եւ ընդամենը երկու միավորով է զիջում «Փյունիկին»: «Արարատի» ֆուտբոլիստները եւ մարզիչները տրամադրված էին երրորդ եւ չորրորդ շրջաններում հայտնվել առաջին հորիզոնականում` հասնելով բաղձալի նպատակին: Գլխավոր մարզչի հեռանալը հոգեբանորեն բացասական ազդեցություն կունենա ֆուտբոլիստների վրա, եւ դժվար է ասել` նրանք կկարողանա՞ն պայքարել նույն ոգով: Արդեն գլխավոր մարզիչ նշանակված Միշիչը, բնականաբար, ֆուտբոլիստներին կստիպի խաղալ նոր տակտիկայով, եւ դժվար է ասել` կգործի՞ այն, թե՞ ոչ: Ստացվում է այնպես, որ «Արարատի» բաժնետերերի մեղքով հերթական անգամ տուժեցին ֆուտբոլիստները, մարզիչները, տուժեց մի ամբողջ թիմ, վերջապես` հայկական ֆուտբոլը: Մի քանի օր հետո, «Արարատը» սկզբունքային հանդիպում պետք է անցկացնի «Բանանցի» հետ, որին զիջել է գավաթի խաղարկության եզրափակիչում: Թիմում առկա մթնոլորտը ստիպում է մտածել, որ տվյալ խաղում «Բանանցը» հեշտությամբ հաղթանակի կհասնի: Այդ խաղում «Արարատի» պարտվելը «Փյունիկին» հնարավորություն կտա ավելի ամրապնդվել առաջին հորիզոնականում, ինչը բնականաբար ավելի անհետաքրքիր կդարձնի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ընթացքը: Հավելենք, որ Միշիչին օգնելու են Աշոտ Կիրակոսյանը եւ Վահան Նիկոլյանը, որոնք դեռեւս աչքի չեն ընկել մարզչական ասպարեզում:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.