“Zhamanak” Armenian-American Political Daily

Շարմ էլ Շեյխի վերադարձը

11:59 Yerevan | 7:59 GMT | Tuesday 3 July 2007

Շլոմո Բեն-Ամի

Առաջնորդվելով իսլամական արմատականության հանդեպ ընդհանուր մտավախություններով, ինչպես նաեւ այն կեղծ ենթադրություններով, թե նա քաղաքական անօրինական ուժ է` մերձավորարեւելյան, այսպես կոչված, «չափավորները» «ծայրահեղականների» դեմ միավորվելու նպատակով հերթական անգամ հավաքվել են Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ ծավափնյա քաղաքում, որն ավանդաբար համարվում է տարածաշրջանային արտահերթ գագաթնաժողովների անցկացման վայր:

1996-ի գարնանը ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը արմատական իսլամի ծնունդն արգելելու հուսահատ փորձ կատարեցին եւ, այսպես կոչված, «չափավորներին»՝ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, Հորդանանի թագավոր Հուսեինին, Յասիր Արաֆաթին եւ նույնիսկ Պարսից ծոցի երկրների արքայատների որոշ ներկայացուցիչների հրավիրեցին Շարմ էլ Շեյխ: Ենթադրվում էր, որ նրանք Իսրայելում կայանալիք ընտրություններում կաջակցեն վարչապետ Շիմոն Պերեսին, որը Բենյամին Նեթանյահուի հետ ընտրապայքարում ակնհայտորեն պարտության եզրին էր: Այդ ժամանակ Պերեսի հեղինակությունը սասանվել էր Համասի ահաբեկիչ-մահապարտների կործանարար գործողությունների հետեւանքով: Սակայն իսլամական արմատականության վրա որեւէ կերպ ներգործել չհաջողվեց: Իրականում այդ ժամանակներից ի վեր նրա ջիհադական եւ քաղաքական դիրքերն էլ ավելի ամրապնդվեցին:

2000-ի հոկտեմբերին Շարմ էլ Շեյխում կրկին գագաթնաժողով կայացավ, որի մասնակիցների մեծ մասը նույն դեմքերն էին: Այս անգամ գագաթնաժողով հրավիրելու ահազանգը պաղեստինյան Ինտիֆադայի դադարեցումն էր եւ Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ վերջնական խաղաղ պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի բոլոր մասնակիցները հաստատեցին երկու նպատակն էլ, սակայն եւ ոչ մեկը չիրականացվեց: Որպես այդ գագաթնաժողովի մասնակից` հասկանում եմ թե որն էր անդունդի պատճառը, որ գոյացավ «չափավորների» պայմանավորվածության եւ այն դաժան իրողության միջեւ, որը «ծայրահեղականներին» առաջ մղեց: Միակ ճանապարհը, որով Արաֆաթը կարող էր կասեցնել Ինտիֆադան եւ արգելակել Համասի զարգացումը՝ առանձնահատուկ շքեղ պայմաններով Իսրայելի հետ խաղաղ պայմանագիր կնքելն էր: Բայց դա անհնարին դարձավ առաջին հերթին այն պատճառով, որ Ինտիֆադան պաղեստինցիների սպասելիքներն այնպիսի մակարդակի հասցրեց, ինչպիսիք Իսրայելն ի վիճակի չէր կատարել:

Չնայած Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի գործողություններին, որոնք արժանի են գովեստի, Շարմ էլ Շեյխում կայացած այս վերջին գագաթնաժողովի ձեռքբերումները դատապարտված են կարճաժամկետ լինելուն: Դժվար է ենթադրել, որ հարկային վճարումները պաղեստինցիներին փոխանցելը, ինչն իրավամբ նրանց է պատկանում, ինչպես նաեւ օկուպացված Արեւմտյան ափին սահմանափակ քանակով անցակետերի վերացումը, նույնիսկ Ֆաթհի 250 բանտարկյալներին ազատելը, որոնց ձեռքերը թաթախված չեն արյան մեջ, կկարողանան հանդարտեցնել պաղեստինյան հրաբուխը, եւ այդպիսով բարձրացնել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հեղինակությունը եւ Համասի նկատմամբ Ֆաթհի առավելությունը: Իրականում բոլոր կանխանշանները վկայում են, որ շուտով հնարավոր է Համասը իսրայելցի կապրալ Ջիլադ Շալիթին փոխանակի էլ ավելի մեծաթիվ բանտարկյալների, այդ թվում նաեւ «ձեռքերին արյուն» ունեցողների հետ, ինչով զգալիորեն կբարձրանա Համասի հեղինակությունը: Մերձավորարեւելյան «չափավորների» այս դաշինքն այնպիսի գին է պահանջում, որը պատրաստ չեն վճարել ոչ Իսրայելը, ոչ էլ Բուշի վարչակազմը: Գազայի հատվածի եւ Արեւմտյան ափի միջեւ սեպ խրելու իսրայելա-ամերիկյան ռազմավարությունը, որը խուսափում է խաղաղ կարգավորման բանակցություններից, իրենց իսկ դեմ ուղղված քաղաքականություն է: Մինչդեռ խաղաղ կարգավորումը Աբասի ձեռքին առավելագույնս արդյունավետ գործող զենք կդառնար Համասի ազդեցությունը սասանելու համար:

Այս ամենին զուգահեռ` առկա է եւս մի հանգամանք. անկախ այն բանից, թե չափավոր արաբները որքանով են քննադատաբար տրամադրված Գազայի հատվածում Համասի հեղաշրջման նկատմամբ, արաբ առաջնորդները չեն կարող Համասից խուսափելու պատճառով թույլ տալ ներքին հետեւանքների առաջացում: Իրոք, Մուբարաքն արդեն կոչ է անում վերսկսել ներպաղեստինյան երկխոսությունը, որը կարող է հանգեցնել ազգային կոալիցիոն կառավարության ստեղծման նոր փորձի, այնպիսի կառավարության, որի հետ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհրաժարվեն որեւիցե գործնական հարաբերություն հաստատել: Աբասին խնդրում են մեծ խաղագումարով խաղալ՝ համարժեք ռեսուրսներ չունենալով հանդերձ պարտության մատնել Համասին, ինչպես նաեւ վերացնել տարածաշրջանում իսլամական արմատականության տարածման պատճառը: Բուշն իր ռազմավարությամբ հենվում է Պաղեստինի պարտված նախագահի հոգնած ուսերին, ընդ որում` նրան անհրաժեշտ զենքեր չտրամադրելով եւ մերձավորարեւելյան իր ամբողջ քաղաքականությունը հանգեցնելով չարիքի ուժերի դեմ «գաղափարախոսական առճակատման» հասկացությանը:

Այդուհանդերձ, մինչ օրս վատթարագույնն այն փաստն է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Աբասին մեղադրում են այն բանի համար, որ նա մարդկանց կոլաբորացիոնիստ է թվում, այն դեպքում, երբ իրենք Աբասին դրամ եւ զենք են առաջարկում, բայց քաղաքական հորիզոն չեն ապահովում, ինչը կարող էր մեծացնել շարքային պաղեստինցիների աջակցությունը` միեւնույն ժամանակ օգնելով Հորդանանի արեւմտյան ափին ձերբակալել Համասի բոլոր առաջնորդներին: Անշուշտ, արաբները եւս մեղքի բաժին ունեն: Իսրայելի եւ ոչ մի կառավարություն չի համարձակվի Պաղեստինի իշխանություններին խաղաղության վերաբերյալ երկարաժամկետ առաջարկ կատարել, քանի որ վերջինիս նորմերը բնութագրվում են անկայունությամբ եւ անարխիայով: Համասի` ռազմական հզոր ուժի վերածվելը նաեւ Եգիպտոսի ժամանակին չկատարած գործողությունների հետեւանք է, որոնք ուղղված էին Գազայի հատված զենքի ապօրինի փոխադրմանը խոչընդոտելուն: Համասի սանձահարումը բխում է Եգիպտոսի շահերից, որը սակայն հրաժարվում է անմիջական առճակատումից, քանի որ դրա հետեւանքով եգիպտական ուժերը կընկալվեն որպես Իսրայելի պաշտպաններ: Մուբարաքի ռազմավարական պատկերացումներն իսկապես չափազանց նեղ են: Միջնորդի նրա դերը գլխավորապես նպատակաուղղված է ԱՄՆ-ին իր կողմը տրամադրելուն, որի Կոնգրեսը քննադատաբար է վերաբերվում մարդու իրավունքների հարցերին առնչվող իր դոսյեին: Նա ցանկանում է պաղեստինյան գործընթացի առաջնորդի իմիջ ձեւավորել` ներքին քաղաքականության ոլորտում նվազագույն կորուստներով: Շարմ էլ Շեյխում կայացած վերջին գագաթնաժողովը Սաուդյան Արաբիայի բնակիչներին հղված ուղերձ է այն մասին, որ մերձավորարեւելյան քաղաքականության կենտրոնը ոչ թե Մեքքան է, այլ Կահիրեն: Զիջումների գնալու Իսրայելին ուղղված կոչը միանգամայն օրինական է, նույնիսկ անհրաժեշտ: Բայց նման պահանջների հավանականությունը խափանվում է, քանի որ արաբները չեն ցանկանում թեթեւացնել պաղեստինցիների տառապանքները եւ, ինչը պակաս կարեւոր չէ, հրաժարվում են պաղեստինցիներին օգնել կանգնել բարդ ընտրության առջեւ, որը նրանք ստիպված կլինեն կատարել, եթե երբեւիցե պաղեստինյան կազմակերպված պետություն ձեւավորվի:

Project Syndicate

Արխիվ
Վերլուծական

Սնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...

Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների...

Քաղաքական

Արժանապատվորեն

...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:

Աշխարհ

Մեղադրանք

Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.