|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ո՞վ է Գորդոն Բրաունը13:11 Yerevan | 9:11 GMT | Saturday 30 June 2007Յան Դեւիդսոն Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում փոխարինելով Թոնի Բլերին` վերջապես իրականություն դարձավ Գորդոն Բրաունի կյանքի երազանքը: Իրեն կարծես օրինական ժառանգորդ էր զգում, բայց դա նրա թիվ առաջին խնդիրն է, քանի որ նրան ոչ ոք չի ընտրել՝ ոչ Լեյբորիստական կուսակցությունը, ոչ էլ Մեծ Բրիտանիայի ընտրողները: Նա պարզապես ժառանգեց այն, ինչը, ըստ նրա, օրենքով իրեն է պատկանում: Հետաքրքիր է, թե Մեծ Բրիտանիայի առաջնորդի կարգավիճակում Բրաունն ինչպե՞ս է իր լեգիտիմությունն ապահովելու: Հստակ է, որ լեգիտիմություն չի ստանա, եթե նրա առաջարկները շարունակեն վերջին 10 տարվա ընթացքում Բլերի վարած քաղաքականությունը: Բրաունի երկրորդ խնդիրն առաջինի հայելային արտացոլումն է: Որպես Բլերի հիմնական զինակիցներից մեկը` Բրաունը Բլերի իշխանության օրոք նրա հետ կիսում էր այն ամենի պատասխանատվությունը, ինչ արել է Բլերը: Քաղաքական մեկնաբանների պնդմամբ` այս առաջնորդների համոզմունքների միջեւ զգալի տարբերություններ են նկատելի: Գործնականում Բրաունը միշտ ստվերում է մնացել` հմտորեն կառավարելով տնտեսությունը, բայցեւ կարեւորագույն քաղաքական հարցերի նկատմամբ պահպանելով խորհրդավոր լռություն եւ կարծես հավանություն տալով այն ամենին, ինչն իրագործում էր Բլերը: Լեգիտիմութուն ձեռք բերելու համար Բրաունը պիտի ինչ-որ նոր բան առաջարկի, բայց դա կարող է անել միայն մի պայմանով, եթե հրաժարվի Բլերի ժառանգությունից, ընդ որում` նկատելի եւ բավական արմատականորեն: Իսկ դա անելն այնքան էլ հեշտ չէ: Ներքաղաքական կարեւորագույն խնդիրը, որի հետ Բրաունը հավանաբար կբախվի` ազատ շուկայի եւ սոցիալական քաղաքականությանը ներկայացվող պահանջների միջեւ հաշվեկշռի ապահովումն է: Բլերի կառավարման տարիներին Լեյբորիստական կուսակցության քաղաքականությունը զգալիորեն «աջ» թեքվեց` ի տարբերություն իր ավանդական նախապատվությունների, այն է՝ աղքատների պաշտպանությունը: Այդ փոփոխությունն արդարացնելու համար Բլերը կուսակցությունը վերանվանեց «Նոր լեյբորիստական»: Բլերի կառավարության պաշտպանած ազատ շուկայի քաղաքականությունը բազմաթիվ առումներով խելամիտ եւ օգտակար նախաձեռնություն էր: Բրիտանական տնտեսությունն ավելի արագ եւ կայուն էր զարգանում, քան դրանից առաջ, իսկ հարկային մուտքերը, որ պայմանավորված էին տնտեսական աճով, կառավարությանը հնարավորություն տվեցին գումար ներդնել կրթության եւ առողջապահության ոլորտում: Բայց դրա համար ստիպված էին վճարել, ընդ որում` մի քանի ուղղությամբ: Առաջին` խորացավ եկամուտի հատվածի երկու ծայրերում առկա անհավասարությունը: Ամենաաղքատ կատեգորիայում աղքատության սահմանից ցածր եկամուտ ունեցող բնակչության բաժնեմասը Բլերի կառավարման սկզբնական շրջանի 13 տոկոսից աճեց` ներկայումս հասնելով մինչեւ 20 տոկոսի: Էթնիկական փոքրամասնությունների շրջանում իրավիճակն առավել վատ է: Չնայած կառավարության ջանքերին, Բլերի կառավարման տարիներին ավելացել է նաեւ աղքատ երեխաների թիվը: Ապահովված բնակչության շրջանում կտրուկ աճել են ամենահարուստների եկամուտները, ինչը կանխատեսելի հետեւանքներ է առաջացրել, հատկապես անշարժ գույքի շուկայում: Այդ խնդրի շուրջ հասարակության անհանգստությունը զգալիորեն խորացավ այն հայտարարություններից հետո, որոնց համաձայն` հարուստներն էլ ավելի կհարստանան, քանի որ ավելի քիչ հարկեր կվճարեն: Ժամանակին Բրաունին համարում էին Լեյբորիստական կուսակցության ավանդական արժեքների ջատագով: Արդյո՞ք դա ճշմարտություն էր դեռ այն ժամանակ եւ արդյո՞ք այդպես է այսօր: Ի՞նչ է նա ասելու անհավասարության կապակցությամբ: Ցավոք, Բլերն ու նրա կառավարության անդամներն ընկալվում են որպես մարդիկ, որոնց փչացրել են ազատ-շուկայական կապիտալիզմի ոչ այնքան էլ հաճելի յուրահատկությունները: Բլերը նախընտրում էր բարեկամանալ մեծահարուստների հետ, ինչպես եւ նրանց հետ, ովքեր Տոսկանայում գտնվող իրենց վիլլաներն իրեն կզիջեին վարձակալությամբ: Նման «մտերմությունը» ոստիկանությանը ստիպեց հետաքննություն սկսել այն հայտարարությունների կապակցությամբ, որոնց համաձայն` Լեյբորիստական կուսակցության որոշ հովանավորներ պարգեւատրվել են քաղաքական արտոնություններով: Կարճ ասած` Բլերի կառավարության շարքերում հաստատվել էին անբարոյական եւ խնամի-քավոր հարաբերություններ: Կկարողանա՞ Բրաունը ցույց տալ, որ ինքն այդպիսին չէ: Բլերի թողած ամենավատ ժառանգությունն իհարկե Իրաքյան պատերազմն է: Շատերն էին կանխատեսում, իսկ այսօր բոլորի համար ակնհայտ է, որ ներխուժման որոշումը սխալ էր, որ այդ ներխուժման հետեւանքներն աղետալի էին լինելու, եւ ոչ միայն Իրաքում, այլ ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքում, եւ որ այն լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բարոյական կերպարին: Բրաունի առջեւ ծառացած հիմնական հարցը հետեւյալն է` արդյո՞ք նա կցանկանա հրաժարվել Բլերի ինքնագոհ եւ ոչնչով չհիմնավորված այն պնդումներից, թե իրաքյան ներխուժումը «ճիշտ գործողություն» էր: Մեծ Բրիտանիան արդեն կրճատել է Իրաքում տեղակայված իր զինվորական համակազմի քանակը եւ շարունակում է կրճատել` «անվտանգության ապահովման» լիազորություններն աստիճանաբար փոխանցելով Իրաքի ոստիկանությանն ու բանակին: Իրաքում ծավալվող քաղաքացիական եւ պարտիզանական պատերազմն իհարկե իրականում նշանակում է, որ հարավում ցանկացած տեսակի անվտանգությունը ժամանակավոր պատրանք է: Բրաունը փաստորեն ընտրության առջեւ է կանգնած` կամ լռելյայն կառչել գործող քաղաքականությունից, անպտուղ հույսեր փայփայելով, որ խնդիրն ինքնին կանհետանա, կամ բացահայտ խոստովանել, որ Մեծ Բրիտանիան այդ աղետի հարցում իր մասով պատասխանատվություն է կրում: Դա մասամբ վերաբերվում է այն հարցին, թե այժմ ինչ են անելու Իրաքում, վերաբերվում է նաեւ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին: Այսօր արդեն ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Իրաքյան պատերազմին` պայմանավորված էր բացառապես ԱՄՆ-ի ազդեցությամբ վերջինիս հետեւելու Բլերի վճռականությամբ: Բրաունը կարծում է, ինչի մասին նաեւ բարձրաձայնել է, որ Մեծ Բրիտանիան միշտ պետք է Ամերիկայի մտերիմ բարեկամը լինի: Արդարեւ հենց այդպես էլ պիտի կարծեր եւ ասեր: Բայց պատրա՞ստ է, արդյոք, միանշանակ հայտարարել, որ մտերիմ բարեկամության եւ միայն Ջորջ Բուշին սիրաշահելու համար ապօրինի ու աղետալի պատերազմին մասնակցելու միջեւ մեծ տարբերություն կա: Դեռեւս ոչ մի կանխանշան չկա, որ նա հենց այդպես կվարվի: Ճիշտ է, Բրաունը հրապարակավ ցավալի է համարել, որ Սադամ Հուսեյնի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետախուզական տվյալները սխալ էին, բայց դա միայն կառավարության մեղքը հատուկ ծառայությունների վրա բարդելու հնարք է: Չէ՞ որ պատերազմին մասնակցելու որոշումը ընդունել են ոչ թե հատուկ ծառայությունները, այլ Թոնի Բլերը, ընդ որում` նաեւ Գորդոն Բրաունի աջակցությամբ: Project Syndicate |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |