|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Համասի հաղթարշավը10:49 Yerevan | 6:49 GMT | Tuesday 26 June 2007Բարրի Ռուբին Համաս խմբավորման կողմից Գազայի հատվածի բռնազավթմամբ Մերձավոր Արեւելքում ձեւավորվեց, Իրանից բացի, երկրորդ արմատական իսլամիստական պետությունը: Տարածաշրջանը, հավանաբար արաբա-իսրայելական հակամարտությունը եւ բնականաբար պաղեստինյան շարժումը երբեք արդեն չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում: Ֆաթհի պարտությունը իրականություն դարձավ ոչ թե ԱՄՆ-ի, Իսրայելի կամ որեւէ մեկ ուրիշի վարած արտաքին քաղաքականության, այլ հենց իր` Ֆաթհի մեղքով: Դա Յասիր Արաֆաթի թողած ժառանգությունն է, որը պաշտպանում էր ոչ միայն Իսրայելի վրա կատարվող ահաբեկչական հարձակումները, այլեւ սեփական կազմակերպության ներսում տիրող անարխիան եւ կոռուպցիան: Առավել կարեւոր է, որ Արաֆաթը չկարողացավ կարգավորել հակամարտությունը եւ իր մարդկանց շրջանում ձեւավորել արմատական ծայրահեղականությանն ու անվերջանալի պայքարին այլընտրանք հանդիսացող դիրքորոշում: 2000 թվականին մերժելով խաղաղ կարգավորման պլանը, որը ենթադրում էր պաղեստինյան անկախ պետության ձեւավորում` արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով եւ իբրեւ միջազգային օգնություն 23 մլրդ դոլարի հատկացում, Արաֆաթը հստակ հասկացրեց, որ մերժում է ցանկացած այլընտրանք, ինչպես նաեւ պաղեստինյան խնդրի կարգավորման ցանկացած չափավոր սցենար:
Դեռ 2006 թվականի հունվարյան ընտրություններից առաջ Համասի հաղթանակն ակնհայտ էր: Թույլ առաջնորդ ունեցող Ֆաթհը ոչինչ չարեց ընդդեմ արմատացած կոռուպցիայի եւ կազմակերպության պառակտման: Ֆաթհի առաջադրած թեկնածուները, որ մրցակցում էին միմյանց դեմ, ընտրողների ձայները կիսեցին եւ դրանով իսկ ապահովեցին Համասի թեկնածուների հաղթանակը: Նույնիսկ պարտությունից հետո Ֆաթհը որեւէ բարեփոխում չանցկացրեց եւ չփոխեց իր առաջնորդին: Հակառակը` Ֆաթհի առաջնորդները գժտվեցին միմյանց հետ. նրանցից յուրաքանչյուրն իրեն էր համարում միակ հնարավոր իշխանությունը եւ ակնկալում էր, որ արտաքին ինչ-որ գործոն իրենց կապահովի այն ամենով, ինչ ցանկանան: Այդ ընթացքում, ինչպես ժամանակին կոմունիստական եւ ֆաշիստական կուսակցությունները, Համասն առաջ էր ընթանում հստակ արտահայտված դոկտրինայով, համապատասխան կարգապահությամբ եւ խիստ համոզվածությամբ: Համասի առաջընթացը հիմնադրեցին Ֆաթհի գաղափարախոսությունն ու գործելաոճը: Այն դեպքում, երբ Ֆաթհը Իսրայելին հրեշ էր ներկայացնում, մերժում փոխզիջումները, լիակատար հաղթանակ պահանջում, գովերգում ահաբեկչական հարձակումները եւ չափավոր տրամադրություններն ընկալում որպես դավաճանություն, Համասն ապացուցում էր, որ այդ նպատակներին հասնելու համար ինքն ավելի լավ թեկնածու է: Չի կարելի թերագնահատել Համասի ծայրահեղականությունը: Համասի եւ Ալ Ղայիդայի միակ տարբերությունն այն է (չնայած այդ կազմակերպությունները սովորաբար միասին չեն աշխատում), որ երկրորդն իր գրոհները կենտրոնացնում է արեւմտյան երկրների վրա, իսկ առաջինը մինչ օրս` միայն Իսրայելի վրա: Համասը չի պատրաստվում իր դիրքորոշումը չափավոր դարձնել, իսկ նրա հաղթանակը պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը հետաձգում է տասնյակ տարիներով: Օգտվելով Սիրիայի (որտեղ տեղակայված է կազմակերպության կենտրոնակայանը) եւ Իրանի աջակցությունից` Համասը կհետեւի ցեղասպանության (Իսրայելը եւ նրա ժողովրդին ոչնչացնելու) անթաքույց դիրքորոշմանը: Մեծապես սխալվում են բոլոր նրանք, ովքեր որոշակի փոխզիջումների կամ փոխհամաձայնության հույս ունեն: Այսօր առաջին պլան են մղված չորս հիմնահարցեր` պաղեստինցիների եւ Գազայի հատվածի ճակատագիրը, Արեւմտյան ափի ապագան Ֆաթհի կառավարման ներքո, համաշխարհային հանրության վերաբերմունքը Իսրայելին եւ Մերձավոր Արեւելքում Համասի հաղթանակի ռազմավարական հետեւանքները: Մինչ օրս Գազայի բնակիչների անձնական կյանքն անձեռնմխելի էր, չնայած իրենց առաջնորդների վարած քաղաքականության պատճառով տառապում էին մշտական պայքարից եւ տնտեսության քայքայումից: Մինչդեռ Համասը դանդաղ կամ արագորեն կսկսի իրականացնել «իսլամացման» իր ծրագիրը: Նա մտադիր է փոխակերպել իր կառավարման ներքո գտնվողների կյանքը: Կսպանի նրանց, ում անհրաժեշտ կհամարի, կվերացնի կանանց իրավունքները, երեխաների մեջ ատելություն եւ մահապարտ դառնալու ցանկություն կներարկի: Գազան տառապում էր անարխիայից, իսկ այժմ կհայտնվի անգութ բռնապետի կրնկի տակ: Այսպես, երբ Համասի զինված ուժերը ներխուժեցին Շաթիի փախստականների ճամբար, հատուկ դիտավորությամբ մահապատժի ենթարկեցին երեք կանանց, որոնցից երկուսն անչափահաս էին, մեկը 75 տարեկան ծեր կին էր, քանի որ նրանք մի ֆաթհական պաշտոնյայի ազգականներն էին: Նրանք, ովքեր իսկապես մտահոգված են պաղեստինցիների բարեկեցությամբ, քննադատության սլաքը պիտի ուղղեն այդ մարդկանց առաջնորդների կողմը եւ Գազայի հատվածում մարդու իրավունքները պաշտպանելու միջոցներ փնտրեն: Արեւմտյան ափին Ֆաթհի իշխանությունը դեռ ուժեղ է, բայց եթե Գազայի հատվածում նույնիսկ աղետ տեղի ունենա, ապա այս կազմակերպության մեջ ինչ-որ բան հազիվ թե փոխի: Մահմուդ Աբասի ֆաթհական վարչակարգի հետ աշխատելու Իսրայելի ցանկությունը եւ լայնամասշտաբ օգնություն հատկացնելու ԱՄՆ-ի պարտավորությունների կատարման վերսկսումն ուղղված են Արեւմտյան ափի Պաղեստինի չափավոր կառավարության համախմբմանը: Չնայած Աբասը վարչապետի պոստում նշանակեց Արեւմտյան ափում հարգանք վայելող հմուտ տնտեսագետ Սալամ Ֆայադին, այնուամենայնիվ նա պիտի գտնի նաեւ այնպիսի մեկին, որը բավականաչափ խստություն կդրսեւորի, կկազմակերպի իր ուժերը եւ պատասխան հարված կհասցնի: Եթե հետեւենք իրադարձությունների տրամաբանությանը, ապա Ֆաթհն այժմ պետք է առավել չափավոր դիրք գրավեր, դադարեցներ սահմանամերձ ահաբեկչությունը եւ Իսրայելի հետ խաղաղ կարգավորման եզրեր փնտրեր, սակայն տրամաբանականի վերաբերյալ Ֆաթհը սեփական պատկերացում ունի, որը միանգամայն տարբեր է այն ամենից, ինչն ասվեց վերեւում: Ֆաթհը նման է Ֆրանսիայում հեղափոխությունից առաջ տիրող միապետությանը, չնայած պատմական զուգահեռների իրարից հեռու լինելուն. այս կազմակերպությունն անընդունակ է կործանումից փրկվելու համար անհրաժեշտ քայլերի ուղղությամբ ճիշտ եզրակացություններ անել: Աշխարհը չի կարող Ֆաթհին փրկել: Ֆաթհին կարող է փրկել միայն Ֆաթհը: Գազայի հատվածում իրադարձությունների նման զարգացումը Իսրայելի համար մեծ փորձություն է: Իսրայելը վաղուց է որոշել, որ մտադիր չէ վերահսկողություն սահմանել Գազայի հատվածի վրա: Համասը իրավիճակը հստակեցնում է` Գազայի հատվածը գտնվում է Իսրայելին թշնամաբար տրամադրված վարչակարգի իշխանության ներքո: Հիմա սահմանամերձ գրոհներին պատասխանելիս եւ երկրի քաղաքացիական նշանակետերը հրթիռային գնդակոծման ենթարկելիս Իսրայելն իրեն ազատ կզգա: Միջազգային հանրությունն, ի վերջո, պիտի խոստովանի, որ 1990-ականներին սկսված խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հույսերն իսպառ կորցված են: Համասը հակամարտությունը վերադարձրեց 1960-1970-ականների իրադրությանը, երբ խաղաղ գործընթացը պիտի սպասեր ահաբեկչությունը կասեցնելու եւ Իսրայելի գոյությունը ճանաչելու Պաղեստինի ազատագրման կազմակերպության պատրաստակամությանը: Իսրայելի գոյատեւելու եւ ինքնապաշտպանության իրավունքը պիտի պաշտպանի միջազգային հանրությունը` վերջ տալով վերջին տարիների չարախոսությանն ու Իսրայելին հրեշ ներկայացնելուն: Տարածաշրջանի համար ռազմավարական հետեւանքները բավականին մռայլ են: Գազայի հատվածում Համասի հաղթանակը նշանավորում է Իրանից, Սիրիայից եւ Հըզբոլլահից կազմված դաշինքի, ինչպես նաեւ մահմեդական եղբայրության առանձին ուղղությունների (որին է պատկանում նաեւ Համասը) հաղթանակը, որոնք իրենց երկրներում ձգտում են զավթել իշխանությունը: Այդ ուժերը հասկանում են, որ այսօր գլոբալ մասշտաբի ամենակարեւոր դիմակայությունը արմատական իսլամիզմի եւ մնացած աշխարհի միջեւ է: Հարցն այն է, թե երբ դա կգիտակցի մնացած աշխարհը: Project Syndicate |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |