|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Թեյը` շաքարո՞վ, թե՞ պոլոնիումով12:09 Yerevan | 8:09 GMT | Saturday 9 June 2007Յուլյա Լատինինա Օբլոնսկիների տանն ամեն ինչ խառնվեց, երբ Մեծ Բրիտանիան պահանջեց հանձնել Լուգովոյին, որին կասկածում են Լիտվինենկոյի սպանության մեջ: Լիտվինենկոյի մահը, ինչպես Խոդորկովսկու ձերբակալությունը, Ռուսաստանի պատմության մեջ իրոք բեկումնային կետ էր: Որովհետեւ աշխարհի երկրները վերջին հաշվով չեն բաժանվում դեմոկրատական, դիկտատորական, նախագահական հանրապետությունների: Դրանք բաժանվում են երկրների, որտեղ նախագահի թշնամիներին սպանում են, եւ երկրների, որտեղ նախագահի թշնամիներին չեն սպանում: Մենք պատկանում էինք մի կատեգորիայի, հիմա պատականում ենք այլ կատեգորիայի: Ինչպես ռեստորանում` մի տեղ թեյը մատուցում են շաքարով, մեկ այլ տեղ՝ պոլոնիումով: Մենք նստած էինք մի ռեստորանում, հիմա մտանք մեկ ուրիշ ռեստորան: Դրանից բացի, փաստորեն Սքոթլընդ Յարդի բացահայտած սպանությունը, ինչպես տոպոգրամմայի վրա, ցուցադրեց, թե հատուկ ծառայություններն ինչ հնարքներով են աշխատում եւ ինչպես են մտածում: Ինչու՞ պոլոնիում Չէ՞ որ պոլոնիումի հայտնաբերումն անխուսափելիորեն նշանակում է, որ կատարվել է պետական ահաբեկչություն: Հնարավոր չէ այն պատահաբար ձեռք բերել: Նախ պետք է այդ նյութն ուսումնասիրել (ի դեպ, կենդանի օրգանիզմների վրա պոլոնիում-210-ի ազդեցությանը վերաբերող բոլոր ուսումնասիրությունները ռուսական հրապարակային մամուլի էջերից անհետացան 80-ականներին), ապա մշակել ռեակտորում, հետո ծածկել համապատասխան թաղանթով տեղափոխելու համար անվտանգ եւ օգտագործելու համար դյուրին դարձնելու նպատակով: Այսպիսով, պահանջվում է երեք պրոցես, որոնք յուրաքանչյուր փուլում պահանջում են պետական մեքենայի աշխատանք՝ հրամաններ, լաբորատորիաներ, ինստիտուտներ, ռեակտորներ: Կարծիք կա, որ իբր հենց պոլոնիում-210-ն է կիրառվել, քանի որ մտածել են, թե չի հայտնաբերվի (համանման իզոտոպներից միայն պոլոնիում-210-ը չունի գամմա-ճառագայթում եւ գործնականում դժվար է հայտնաբերվում): Հակառակ կարժիքի համաձայն` պոլոնիում-210-ն է ընտրվել, որովհետեւ Պուտինին շրջապատող մարդիկ հուսով էին, թե այն կհայտնաբերվի, ինչի հետեւանքով Պուտինը կգժտվի Արեւմուտքի հետ եւ «երրորդ ժամկետի» կուսակցության ձեռքին պատանդ կդառնա: Իմ համարձակ ենթադրությամբ պոլոնիումն ընտրվեց, որովհետեւ այդ դեպքում ավելի շատ աստղեր կստանային: Ենթադրենք` որոշեին շքամուտքում Լիտվինենկոյի գլխին հարվածել երկաթաձողով: Դա կլիներ մի երկու շաբաթվա գործ` երկու-երեք հոգու համար, ղեկավարն էլ կարժանանար մանր խրախուսանքի: Իսկ այստեղ պոլոնիում-210 է կիրառվում, որն արդեն օպերացիա է` նանոտեխնոլոգիաների առաջին գիծը, որի համար մեծ քանակով աստղեր կբաժանեն, գուցե՝ բռերով, բոլոր ինստիտուտներին, բաժիններին, գեներալներին: Բասաեւի համար, որը պայթուցիկ նյութերի հետ գործ ունենալիս չէր հետեւում անվտանգության տեխնիկային, 24 մարդ պարգեւատրվեց: Իսկ քանի՞սը պարգեւատրվեցին պոլոնիումի համար: Կարծում եք` պոլոնիում-210-ը նուկլոնների քանակո՞վ է որոշվում: Ես կարծում եմ` 210-ը պարգեւների քանակն է: Առկա է ցանկացած բյուրոկրատիայի տրամաբանությունը, որը Ռուսաստանում հասցված է աբսուրդի: Հատուկ ծառայությունն իրականացնում է ոչ ամենահեշտ, ոչ ամենաարդյունավետ օպերացիան, բայց ամենաբարդը, խճճվածը, որպեսզի առավելագուն բոնուսներ ստանա:
Ռուսական Ջեյմս Բոնդերը Այդ տոպոգրամմայի երկրորդ անսպասելի արդյունքը ժամանակակից ռուս Ջեյմս Բոնդի դիմանկարն է, որը մարմնավորում են երկու հաջողակ բիզնեսմեններ: Մեկը՝ Կովտունը տնակ ունի Գերմանիայում, որը մինչեւ բարձր պարիսպով պատնեշելը տեղի բյուրգերներին զարմացնում էր փետրագնդակ խաղացող կիսամերկ գեղեցկուհիներով: Ամենայն հավանականությամբ մեր «նոր զորգեներն» այդ տնակ հաճախել են խորհրդակցություններ եւ սեմինարներ անցկացնելու: Մյուսը` Լուգովոյը տնօրինում էր պահպանության գործակալություն, որի գործունեությունն, ի դեպ, անհնար է առանց հատուկ ծառայությունների հովանավորության: Լուգովոյն օգնել էր փախչել «Աէրոֆլոտի» նախկին տնօրենի տեղակալ Նիկոլայ Գլուշկովին, ինչի համար նույնիսկ դատական պատասխանատվության էր ենթարկվել: Փախուստը, սակայն, չէր հաջողվել: Խոսում էին, որ դա պրովոկացիա է եղել: Տարօրինակ է, բայց Բերեզովսկին եւ Լիտվինենկոն իրենց շփումները շարունակել են այս` բավական անվանարկված մարդու հետ: Ինչու՞: Չէ՞ որ նրանք գիտեին, թե ով է Լուգովոյը, իսկ Լուգովոյը գիտեր, թե նրանք ինչ գիտեն: Յուրաքանչյուրը հույս ուներ մյուսին գերազանցել իր խորամանկությամբ: Գերազանցեց... ընդհուպ մինչեւ պոլոնիում: Այնուհետեւ եկավ արդարանալու պահը, եւ Լուգովոյը մամլո ասուլիսում հայտարարեց, որ Լիտվինենկոն եղել է բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ, որ նա է կազմակերպել Նալչիկի խռովությունը, որ անգամ իրեն էլ է հավաքագրել որպես անգլիական լրտես: Լուգովոյի բացահայտումներն ուղղակի աննման են, որովհետեւ դրանց հեղինակն, ի վերջո, հատուկ ծառայության սպա է, մտքի տիտան, ռուս ջեյմս բոնդ, «նոր զորգե»: Ցանկացած խելամիտ քննիչ Լուգովոյին կհարցնի` եթե Լիտվինենկոն ձեզ պատմել էր, որ մասնակից է Նալչիկի խռովությանը, ինչու՞ այդ մասին չհայտնեցիք ողջ աշխարհին, երբ դեռ ողջ էր եւ կարող էր ձեզ հակաճառել: Ինչու Բասաեւին (խռովության գերագույն ղեկավարը եղել է Բասաեւը)` այդ դաժան սրիկային ու լրտեսին, որն օժանդակել է չեչեն ահաբեկիչներին, ամբողջ ժամանակ «Սաշա» եք անվանում: Ինչու՞ էիք Բասաեւի հանցակցի հետ հետախուզական օֆիսներ այցելում: Եթե որպես մասնավոր անձ` դա հայրենիքի դավաճանություն է: Եթե հայրենիքի հրահանգով` այդ դեպքում ինչու՞ ասուլիսում խոստովանեցիք ձեր կրկնակի գործակալ լինելը: Եւ ընդհանրապես, եթե Լիտվինենկոն անգլիական լրտես է եւ չեչեն ահաբեկիչ, ապա Լուգովոյն ինչի՞ց է հրաժարվում: Նրան ոչնչացնելու համար շքանշանի է արժանի, Ռուսաստանի հերոսի կոչման: Արդեն ունեինք «նոր ռուսներ», հիմա ունենք նաեւ «նոր չեկիստներ»:
Քողարկման օպերացիա Այն, որ Լիտվինենկոյին թունավորել են պոլոնիում 210-ով` պարզել էին նրա մահվան նախօրյակին: Հետաքննությունն այդ ուղղությամբ էլ ընթացել էր: Բրիտանականը՝ նրանց հետքերով, թե ով կարող էր թունավորել Լիտվինենկոյին, ռուսական կողմն արագ պազել էր, որ ա) Լիտվինենկոն թունավորվել է իր կողմից ահաբեկիչներին վաճառվող պոլոնիումով, բ) նրան թունավորել է Բերեզովսկին, գ) նրան թունավորել է Նեւզլինը: Դրանով իսկ հանրության տեսադաշտից ամբողջությամբ անհետացնում էին այն վարկածը, որն առաջինը Լիտվինենկոն էր հնչեցրել. վարկածն առնչվում էր Մարիո Սկարամելային, ռեժիմի` ոչնչացման ենթակա թշնամիների «սեւ ցուցակին» եւ վետերանների «Պատիվ եւ արժանապատվություն» գաղտնի կազմակերպությանը: Որպես իրատեսական վարկած` այն ոչ մի նշանակություն չունի: Բայց մեծ նշանակություն ունի որպես մի վարկած, որը ջրի երես դուրս կգար, եթե պոլունիումը չհայտնաբերվեր: Անհրաժեշտ է նշել, որ Լուգովոյի, Կովտունի եւ Լիտվինենկոյի երկրորդ, վճռորոշ հանդիպումից առաջ շատ կարեւոր օպերացիա է մշակվել: Գործի բուն էությունը հետեւյալն է: Ի հայտ է գալիս Մարիո Սկարամելա անունով անձը, որն իրեն «հատուկ ծառայությունների գծով փորձագետ» է անվանում: Դյուրահավատ եւ դյուրագրգիռ մի մարդ, որը հեշտությամբ դառնում է լրտեսական խաղերի օբյեկտ: Այս դյուրահավատ Սկարամելան էլեկտրոնային փոստով նամակ է ստանում Ֆրանսիայում բնակվող ՊԱԿ-ի նախկին աշխատակից Եվգենի Լիմարյովից` ոչնչացման ենթակա մարդկանց «սեւ ցուցակով», որտեղ ընդգրկված են Պոլիտկովսկայան, Լիտվինենկոն եւ իհարկե ինքը՝ Սկարամելան: Նրա վրա նամակն այնպիսի ազդեցություն է գործում, որ անմիջապես թռչում Լիտվինենկոյի մոտ: Նոյեմբերի 1-ին նրանք հանդիպում են սուշի բարում, Սկարամելան Լիտվինենկոյին է փոխանցում այդ «սեւ ցուցակը»: Լիտվինենկոն մեկնում է Լուգովոյի եւ Կովտունի հետ հանդիպման, բայց... թունավորվում է եւ սենսացոն հայտարարություն է անում, որ իրեն թունավորել են գործակալ Մարիո Սկարամելայի հետ հանդիպման ժամանակ, որն իրեն փոխանցել է մահվան դատապարտվածների «սեւ ցուցակը»: Հենց այս վարկածը հետագա որեւէ զարգացում չունեցավ, քանի որ հայտնաբերվեց պոլոնիումը: Սա ոչ այլ ինչ է, քան քողարկման դասական օպերացիա, որի մեջ ներգրավված են մի խումբ մարդիկ:
Ի՞նչ արդյունք կարող էր լինել Լիտվինենկոն հանգուցյալ է: Ցուցակները հրապարակված, եւ ամեն ինչ նման է մանկապարտեզի: Հանրությունը բաժանվել է երկու մասի: Ոմանք պնդում են իբր Լիտվինենկոն զոհվել է «սեւ ցուցակի» հեղինակների ձեռքով, եւ այդ արյունոտ ձեռքի տերը իշխանությունն է: Մյուսները, որ թերահավատորեն են տրամադրված, այնպես են կնճռոտվում, կարծես անհամ գինի են խմում: Ցուցակների անեկդոտային բնույթը, Սկարամելայի անձը, Լիտվինենկոյի համբավը նրանց ստիպում են կասկածել, իսկ կասկածները բացատրվում են հօգուտ մեղադրյալների: Լիտվինենկոն մեծ խառնակիչ էր: Մարդ, որի կյանքն ուղեկցվում էր ապահարզաններով, ինչպես իր նախկին գործընկերների պարագայում: Թերահավատները հաստատ կասեին, թե հարկ չկա ամեն մի անհասկանալի մահ բարդել հատուկ ծառայությունների վրա: Սա քողարկման բավական գրագետ օպերացիա էր, որի փլուզված բեկորների՝ պոլոնիումի հայտնաբերումից հետո հենց ակնհայտ դարձավ, թե ովքեր են օպերացիայի հեղինակները, ինչպես իսկական թույնի հետքի վրա է դուրս բերում բիսմուտ-210-ը, որը պոլոնիում-210-ի տրոհման արգասիքն է: Եւ վերջին հանգամանքը: Ալեքսանդր Լիտվինենկոն ընդօրինակելու նմուշ չէր կարող ծառայել: Նա ձեւավորվել էր ԱԴԾ-ի (Անվտանգության դաշնային ծառայություն) ընդերքում, ատում էր ՌԴ վարչակարգը, Պուտինին եւ ճշմարտություն չէր փնտրում այդ վարչակարգի ու Պուտինի մասին: Նա նրանց դեմ հաղթանակ էր փնտրում եւ հանուն այդ հաղթանակի պատրաստ էր սարսափելի պատմությունների կուտակ ներկայացնել` չմտածելով, որ իր երեւակայության անսահման թռիչքը վարկաբեկում է ոչ թե Պուտինին, այլ իրեն: Հենց Պուտինը համբուրեր մի երեխայի փորիկ՝ Լիտվինենկոն անմիջապես հոդված կգրեր, որ նախագահն արվամոլ է: Հենց ահաբեկիչները մեր դիվանագետներին Իրաքում հափշտակեին՝ Լիտվինենկոն կրկին հոդված կգրեր, որ դիվանագետներին առեւանգել են ԱԴԾ-ի գործակալները: Լիտվինենկոն ապրում էր հատուկ գործողությունների այն աշխարհում, որում եւ նրա հակառակորդներն էին: Եւ նրանց նման երազում էր հատուկ գործողություններից օգուտ քաղել: Մի խոսքով, նա շատ էր նման նրանց, ում ժամանակին լքել էր` լոկ մեկ էական տարբերությամբ: Նրանք պատրաստ էին սպանել: Իսկ Լիտվինենկոն պատրաստ էր մեռնել հանուն այն բանի, ինչին այնպիսի կրքով, այնպես հիվանդագին, չեկիստին հատուկ քմայքոտ երեւակայությամբ ու երկիմաստությամբ հավատում էր: Եւ հանուն դրա էլ զոհվեց: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |