“Zhamanak” Armenian-American Political Daily

Հերթական հաշվեհարդարը

12:02 Yerevan | 8:02 GMT | Saturday 5 May 2007

Երեկ, գիշերը հերթական նախընտրական պատահարն է արձանագրվել` դաժան ծեծի է ենթարկվել Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Նա երեկոյան որդու հետ որոշել է ժամանակ անցկացնել Սարյան փողոցի վրա գտնվող «Ստոպ» բարում եւ մի քիչ գինովցած վիճակում իրեն բնորոշ հումոր է արել, թե` «Ինչու չեք Դոդի Գագոյի նկարը փակցրել պատերին` նայենք գեղագիտական հաճույք ստանանք»: Հարեւան սեղաններից մեկի մոտ հավանաբար ԲՀԿ «անդամներ» են եղել, որոնք ծանր են տարել Շահենի հումորը եւ անմիջապես փոխանցել են ում հարկն է: Քիչ անց «դեպքի վայր» են ժամանել մի խումբ հաստավզեր եւ Շահեն Պետրոսյանին կանչել են «ռազբիրատի»` ասելով. «Պատասխան ես տալու ասածիդ համար»: Նա փորձել է խուսափել, խոսակցությունը տեղափոխել «կառուցողական» հուն, վերջապես համոզել, որ «ռազբորկան» հետաձգվի մինչեւ առավոտ, քանի որ որդու եւ նրա ընկերուհու հետ է, սակայն սափրագլուխները շատ մարտական են տրամադրված եղել: Նրանք, հենց որդու աչքի առաջ, Շահեն Պետրոսյանի ձեռքերը ոլորելով, բռնությամբ նստեցրել են «Ջիպը» եւ տարել են դեպի Նորքի զանգվածների կողմը: Մեքենայի մեջ նրան դաժանաբար ծեծել են այնքան` մինչեւ ուշագնաց է եղել: Եվ հավանաբար կսպանեին, եթե դահիճները «շեֆից» հեռախոսով հրահանգ չստանային` «մի սպանեք»: Ապա սափրագլուխները գիտակցությունը կորցրած զոհին գցել են փողոցում ու հեռացել: Բարեբախտաբար` հեռախոսը մնացել է Պետրոսյանի մոտ, եւ նա զանգել, օգնության է կանչել: Երեկ Շահեն Պետրոսյանի ինքնազգացողությունը շատ վատ էր, դեմքն անճանաչելի էր դարձել, աչքերի տակ կապտուկներ ու արյունազեղումներ էին: Եվ հայտնի չէ, թե այս ծեծն ինչ հետեւանք կթողնի նրա առողջականի վրա: Շահեն Պետրոսյանը իրավապահներին չի դիմել, քանի որ կարծում է, որ դա անիմաստ է: Ի դեպ` քրեական գործ հարուցելու համար դա պարտադիր չէ, բավական են մամուլի հրապարակումները:

Ինչքան հաճախանում են ծեծի, սպանության, ահաբեկման, բռնության դեպքերը, այնքան ավելի հաճախ են իշխանության մեջ գտնվողները` Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, ինքնագոհ հայտարարություններ անում, որ նախընտրական շրջանը «խաղաղ» է անցնում: Իրականում` «բեսպրեդելը» հասել է կրիտիկական սահմանագծին, որից այն կողմ անկառավարելի վիճակն է, արյունահեղությունը, մասսայական զոհերը: Չկա օր, որ որեւէ բռնարարքի մասին տեղեկություն չստացվի: Իսկ նախընտրական եւ ետընտրական շրջանի ամենալարված օրերը, այդ թվում` բուն քվեարկության օրը դեռ առջեւում են: Այնպես որ, մեզ առջեւում բարդ օրեր են սպասվում եւ առանց այն էլ վախի ու սարսափի մեջ թաղված մեր հասարակությունը կարող է ավելի շատ պարփակվել իր պատյանի մեջ, ավելի շատ մեկուսանալ ու պասիվանալ: Ըստ էության` այս իշխանության ուզածն էլ հենց դա է: Այնպես վախեցնել ու այնքան վախեցնել, որ որեւէ մեկն այլեւս չհանդգնի ասել` «ոչ դոդացմանը»: Այդ պարագայում իշխանությունը պահելու խնդիրը ինքնըստինքյան կլուծվի եւ Ռոբերտին կհաջորդի Սերժը, ապա Սերժին կհաջորդի Ռոբերտը, կամ էլ լավագույն դեպքում` Սեդրակը:

Արխիվ
Վերլուծական

Շահարկումների մեխանիկան

Ցանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին...

Քաղաքական

Հուլիսի 2, կամ փիլիսոփայական քարը

Պետք չէ, իհարկե, ՀԱԿ այսօրվա հանրահավաքը համարել շրջադարձային, բեկումնային, վճռական կամ այդօրինակ որեւէ այլ...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.