|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Կհաղթի նա, ում օգտին կքվեարկի ժողովուրդը12:51 Yerevan | 8:51 GMT | Tuesday 27 February 2007Լիլիթ Ավետիսյան Երեկվանից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվել են համամասնական ցուցակների եւ մեծամասնական թեկնածուների առաջադրումները, եւ բնական է, որ շուտով քաղաքական գործընթացները տեղափոխվելու են որոշակիության եւ ավելի մեծ լարվածության դաշտ: Մի քանի օրից արդեն վերջնականապես հայտնի կլինեն ընտրական մարաթոնի այն «հերոսների» անունները, ովքեր մինչեւ մայիսի 12-ը լինելու են հասարակական ուշադրության եւ քաղաքական տարաբնույթ զարգացումների կենտրոնում: Ըստ այդմ` արդեն հայտնի է, որ թիվ 9` Կենտրոնն ու Աջափնյակը ներառող ընտրատարածքում, իր թեկնածությունն է առաջադրելու ԱԺ պատգամավոր, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը, որի հետ էլ զրուցեցինք: - Ովքե՞ր են լինելու Ձեր քաղաքական հենարանները. կա՞ն համապատասխան պայմանավորվածություններ, թե՞ ոչ: - Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ` իմ հենարանը ժողովուրդն է, եւ հետո ինձ սատարելու է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը: - Այսինքն` Ձեզ սատարելու է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյա՞նը, եւ դա՞ է պատճառը, որ Դուք վստահաբար մտնում եք ընտրական գործընթացի մեջ: - Այո, բայց ինձ տվյալ պարագայում սատարելու է ոչ թե հանրապետության գլխավոր դատախազը, այլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը եւ միության թիմը: - Դաբրոների Ձեր ցանկը սկսվում եւ ավարտվում է միայն Աղվան Հովսեփյանո՞վ, թե՞ էլի մարդիկ կան, ում հետ որոշակի պայմանավորվածություններ եք ձեռք բերել: - Ես չասացի, որ Աղվան Հովսեփյանն ինձ դաբրո է տվել, ես ասացի, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահն ապարանցիների հետ միասին ինձ է պաշտպանելու: Ես դաբրոյի կարիք չունեմ եւ չեմ էլ հասկանում, թե դա ինչ է. համենայնդեպս ես երբեք դաբրո չեմ ստացել ու չեմ էլ պատրաստվում ինչ-որ մեկից այն ակնկալել: Ես ընդգծում եմ միայն, որ ինձ սատարելու են: - Վերջին շրջանում Ձեր թեկնածության առաջադրման հետ կապված լուրեր էին պտտվում, որ իշխանություններն արգելել էին Ձեզ առաջադրվել, եւ քանի որ Դուք նրանց պահանջը չեք կատարել, ապա վերջիններս լուրջ խոչընդոտներ են ստեղծելու Ձեզ համար: - Ճիշտն ասած, ես առաջին անգամ եմ նման բան լսում եւ զարմանում եմ: Պետության համար ի՞նչ տարբերություն` ես եմ ընտրվելու, թե՞ ուրիշ մեկը: Միաժամանակ համոզված եմ, որ այս ընտրությունները լինելու են ազատ, արդար եւ թափանցիկ, ըստ այդմ` ժողովուրդը ում տա իր քվեն, նա էլ ընտրվելու է: - Ասում են` Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանին արդեն հանձնարարված է գտնել իշխանությունների ճաշակին համապատասխան թեկնածու, որի օգտին էլ ծառայեցվելու են պետական եւ իշխանական լծակները. ինչպե՞ս եք պայքարելու նման թեկնածուի դեմ: - Ճիշտն ասած, չգիտեմ, թե ովքե՞ր են առաջադրվելու, բայց բոլորին էլ հարգանքով եմ վերաբերվում: Վերջին հաշվով, պատգամավոր դառնալն ինքնանպատակ չէ, եւ նրանք, ովքեր առաջադրվելու են` գործ ունեն կոնկրետ ժողովրդի հետ, եւ չի կարելի այս ամենին մատների արանքից նայել: Բայց ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում «Գագիկ Բեգլարյանին հանձնարարված է մարդ գտնել ու սատարել». ի՞նչ նկատի ունեք: - Դա նշանակում է, որ իշխանությունների թեկնածուն օգտվում է բոլոր ռեսուրսներից եւ ապա, անկախ քվեարկության արդյունքներից, հաղթում է: - Ներողություն, բայց Ձեզ ապակողմնորոշել են, քանի որ այս անգամ պետական լծակներն աշխատելու են միայն արդար ու ազատ ընտրություններ ապահովելու համար: Նման հանձնարարություն արդեն կա, բայց խանգարել մեկին եւ օգնել մյուսին չի լինելու, քանի որ պետությունն այս անգամ ուղղակի նման բաներով չի զբաղվելու: - Ես շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք կյանքին նայել 18-ամյա պատանու նման` վարդագույն ակնոցներով, բայց նախընտրական շրջանում արդեն ակնհայտ է, որ այս ընտրական պայքարը եւս չի լինելու ազատ ու թափանցիկ, քանի որ քաղաքացիներից եւ անձնագրերն են հավաքվում, եւ ընտրակաշառքներ բաժանվում: - Ես կրկնում եմ` այս անգամ լցոնումներ չեն լինելու, պարզապես բոլորն աշխատելու են, եւ քաղաքացիներն իրենց ձայնը տալու են նրանց, ովքեր աշխատել ու գործ են արել: Իմ կարծիքով ոչ թե ընտրակաշառք է բաժանվում, այլ, ավելի շուտ, մարդիկ պարզապես բարեգործություն են անում եւ դրա դիմաց ակնկալում են ժողովրդի քվեն: Այս շրջանում եւ ՀՀԿ-ն, եւ ՀՅԴ-ն, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը ընդհանուր մեծ գործեր են արել եւ անում են, ուստի բնական է, որ ակնկալում են ժողովրդի քվե ստանալ. կարծում եմ` մարդիկ անկեղծորեն ընտրելու են այս կուսակցություններին: - Այսինքն` Դուք ընդդիմության հաղթանակն, ի սկզբանե, կասկածի տա՞կ եք դնում: - Ի՞նչ առումով: - Այն առումով, որ միայն իշխանամետ կուսակցությունների անուններ տվեցիք: - Դուք գիտեք` կանխատեսումներ կան, որ ապագա խորհրդարանում ներկայացված են լինելու իմ թվարկած կուսակցությունները, ինչը չի նշանակում, որ ընդդիմությունը խորհրդարանում տեղեր չի ունենալու: - Իսկ չե՞ք կարծում, որ հասարակությունը լուրջ դժգոհություններ ունի այս իշխանություններից եւ հակված է ձայն տալ ընդդիմադիրներին: - Ես չգիտեմ, թե որտեղի՞ց են այդ տվյալները, որ ժողովրդի մեծ մասն ընդդիմադիր է: Չեմ ասում, թե հասարակության մեջ ընդդիմադիրներ չկան, հակառակը շատ լավ է ու տեղին, որ այդպիսիք լինեն, մանավանդ` դրա համար եւ պատճառներ կան, եւ պայմաններ: Ընդգծում եմ` ես չեմ ասում, որ ընդդիմադիրները չեն գալու խորհրդարան, հակառակը` նրանք անպայման ներկայացված կլինեն ԱԺ-ում եւ բավական լուրջ քանակով: Բացի այս, չի բացառվում, որ ինձ կպաշտպանեն նաեւ որոշ ընդդիմադիր կուսակցություններ եւ մասնավորապես` «Ազգային միաբանություն»-ը, որի գաղափարների կրողն եմ եղել միշտ: Ավելին` երբեք չեմ թաքցրել այն, որ խոր հարգանքով եմ վերաբերվում այդ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանին, որին համարում եմ ամենագրագետ եւ հեռանկարային գործիչն այս իրականության մեջ: - Այնուամենայնիվ, եթե այնպես ստացվի, որ Դուք հաղթեք, բայց հայտնի ուժերի աջակցությամբ ԱԺ-ում հայտնվի ուրիշը, ինչպե՞ս կվարվեք: - Կներեք, բայց Դուք հետեւողականորեն պնդում եք, որ ընտրությունները կեղծվելու են, եւ ուզում եք, որ ես էլ նման ձեւով մտածեմ: Բայց ես մեկ անգամ եւս ընդգծում եմ, որ կեղծիքներ չեն լինելու, եւ հաղթելու են այն թեկնածուները, ում օգտին կքվեարկի ժողովուրդը: Այսինքն` իրականում ով ինչքան ձայն ստանա, այնքան էլ կարձանագրվի համապատասխան օրենքով: Վստահեցնում եմ, որ հաղթելու է նա, ով ստանալու է հասարակության աջակցությունը: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՄի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն... ՔաղաքականՄնաց իր արձանը բացիՎերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է... ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |