“Zhamanak” Armenian-American Political Daily

Ահա թե ուր է հասցնում մեր խելապակաս ռուսասիրությունը

13:17 Yerevan | 9:17 GMT | Saturday 18 November 2006

Թագուհի Հակոբյան

Մինչ ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ պետությունների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հորդորում է հայերիս` սիրել Ռուսաստանը եւ դրանում տեսնել ապագայի գրավականը հակառակ գազային գների կոնյունկտուրայի, Ռուսաստանում մեր հայրենակիցների սպանությունները չեն դադարում:

Օրեր առաջ էլ դաժանաբար սպանեցին 15-ամյա Նարեկ Քոչարյանին: Երեկ մի խումբ քաղաքացիներ (հիմնականում` երիտասարդ ակտիվիստներ) բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Նրանք ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին էին հղել հետեւյալ բովանդակությամբ նամակը.

«Վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի Դաշնությունում սպանվել է ավելի քան 3 հազար հայ: Հայաստանի տարին Ռուսաստանում ուղեկցվում է հայազգի պատանիների վայրագ սպանություններով: 15-ամյա Նարեկ Քոչարյանի սպանությունը վերջինն է ոճրագործությունների սովորական դարձած այս շղթայում: Այսօր մենք խորը վիշտ ենք ապրում մեր երիտասարդ հայրենակցի դաժան սպանության կապակցությամբ: Սակայն, խոր վշտից զատ, մենք նաեւ չափազանց վրդովված ենք «կոմպլեմենտարիզմի» շղարշի տակ թաքնված հանցավոր անգործությամբ: Մենք` որպես ՀՀ քաղաքացիներ, դիմում ենք ՀՀ պետությունը մարմնավորող կառույցներին` պահանջելով.

- պաշտպանել ՌԴ-ում բնակվող հայերին ազգային հողի վրա իրականացվող բռնություններից,

- հետամուտ լինել, որպեսզի գտնվեն եւ պատժվեն մեղավորները,

- չհանդուրժել ազգայնականության հողի վրա կատարվող հանցագործությունների որակումը` որպես խուլիգանություն»:

Նամակը ստորագրել էին ՀՀ քաղաքացիներ Իզաբելլա Սարգսյանը, Արմեն Օհանյանը, Սոնա Հովհաննիսյանը, Խաթուն Ատիկյանը, Արսեն Խառատյանը, Միքայել Հովհաննիսյանը, Արեն Մանուկյանը, Լալա Ասլիկյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Ցուցարարների ձեռքին կային հետեւյալ բովանդակությամբ պաստառներ. «Սամվել Թադեւոսյան. սպանվել է, քանզի հայ է», «Արթուր Սարդարյան. սպանվել է 2006թ. մայիսի 25-ին», «Վիգեն Աբրահամյանց. 17 տարեկան, մահվան պատճառը` հայ», «Նարեկ Քոչարյան. մահվան պատճառը` հայ», «Կյանք` պարտքի դիմաց», «1996-2006 Ռուսաստան` 3000 սպանված հայ», «Խելապակաս ռուսասիրություն», «Քանի՞սն են բացահայտվել», «Ո՞վ է պատժվել», «Լռությունը մա՛հ է», «Այսօ՞ր էլ լռեմ»:

Որքան էլ առաջին հայացքից նկատելի էին հակառուսական տրամադրությունները (ինչն էլ խիստ պատճառաբանված էր), ցուցարարները մեր զրույցի ժամանակ պնդում էին, որ այդ ամենը ՌԴ-ի դեմ չէ:

«Եթե Չինաստանում կամ որեւէ այլ երկրում էլ ազգային հողի վրա հայերի սպանեին, մենք նույն կերպ կպայքարեինք», - ասաց ցույցի նախաձեռնողներից Իզաբելլա Սարգսյանը:

Ցուցարարները փողոցով անցնող մարդկանց առաջարկում էին միանալ ստորագրահավաքին, ինչին շատերը հոժարակամ միանում էին: Ընդ որում` նկատելի էր, որ անգամ տարեց մարդիկ նախկին ակնածանքը չէին տածում Ռուսաստանի անունը լսելիս:

Հ.Գ. Տեղեկացանք, որ բավականին ստորագրություններ հավաքելուց հետո` ցուցարարները դրանք հանձնել են ԱԳՆ աշխատակիցներին: ԱԳՆ աշխատակիցներն էլ, հանդիպելով ցուցարարներին, նրանց գործողությունները համարել են ոչ կոռեկտ, հայտարարել, որ ԱԳՆ-ն անում է հնարավորը` հայերի սպանությունները ՌԴ-ում կանխելու համար: Իսկ թե մեր ԱԳՆ-ի «տքնաջան» աշխատանքը որքանով է արդյունք տվել` տեսնում ենք բոլորս:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.