|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բակիեւը Կրեմլի սիրտն է շահում10:20 Yerevan | 6:20 GMT | Friday 21 April 2006 Նախօրեին Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը Վաշինգտոնին սպառնաց, որ կպահանջի ամերիկյան զինվորականներին Մանաս ավիառազմակայանից դուրս բերել, եթե մինչեւ հունիսի 1-ը ԱՄՆ-ն նոր պայմանագիր չկնքի, որը կանոնակարգում է ամերիկյան օդաչուների ներկայությունը Ղրղզստանում։ Բիշքեկում կարծում են, որ ղրղզ առաջնորդն իր խիստ հայտարարությամբ մտադիր է ԱՄՆ-ին ստիպել հարյուր անգամ թանկացնել ռազմակայանների օգտագործման վարձավճարը։ Որոշ վերլուծաբաններ էլ համոզված են, որ Բակիեւի հայտարարության գլխավոր հասցեատերը Մոսկվան է։ Երեկ ազգային հեռուստատեսությամբ ղրղզ առաջնորդը Վաշինգտոնին կտրուկ վերջնագիր ներկայացրեց։ Ամերիկյան ռազմակայանների դուրսբերմանը նվիրված ելույթը ընդամենը երկու րոպե տեւեց։ Նա նշեց, որ չնայած հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում ԱՄՆ-ի հետ Ղրղզստանի համագործակցությունը Աֆղանստանում իրադրության կայունացման պատճառ դարձավ, այդուհանդերձ մտահոգված է Մանաս օդանավակայանում ամերիկյան ավիառազմակայանների ներկայությամբ։ Անցյալ տարի հուլիսին Բիշքեկը Վաշինգտոնին առաջարկեց ղրղզական տարածքում ամերիկյան ՌՕՈՒ-ի տեղակայման նոր պայմանագիր կնքել, սակայն այդ կապակցությամբ ոչ մի որոշում չկայացվեց։ Կողմերի պայմանավորվելու վերջին ժամկետը հունիսի 1-ն է։ Եթե բանակցային գործընթացը չավարտվի, ապա, ըստ ղրղզ նախագահի, Բիշքեկն իրավունք ունի միակողմանի կարգով վերանայել 2001 թվականի պայմանագրի գործողության դադարեցման հնարավորությունը։ Բակիեւի մտավախությունը կարելի է հասկանալ։ 2001 թվականի պայմանագրով նախատեսված է, որ ամերիկացիները Մանասի օգտագործման համար պետք է վճարեն 2 մլն ԱՄՆ դոլար։ Մինչդեռ 2004 թվականին ամերիկյան ռազմակայանի պահպանման ծախսերը կազմել են 163 մլն ԱՄՆ դոլար։ Երկրի ղեկավարի հայտարարությունն անսպասելի չէր ղրղզական քաղաքական շրջանակների համար։ Դեռեւս դեկտեմբերին Բակիեւը լրագրողներին հայտարարել էր, որ երկրում ամերիկյան զինվորականների ներկայության հարցը պետք է լուծել ըստ շուկայական մոտեցումների։ Բակիեւն այդպիսի մոտեցում է համարում տարեկան վարձավճարը 200 մլն ԱՄՆ դոլար սահմանելը։ Կուրմանբեկ Բակիեւի երեկվա հայտարարությունը հակասական արձագանքներ առաջացրեց։ Ղրղզստանի նախկին վարչապետ Ամանգելդա Մուրալիեւը Բակիեւի դիրքորոշումը համարեց արդարացված եւ տրամաբանական։ Նա նշեց, որ իրենց երկիրը սատարում է ԱՄՆ-ի նախաձեռնություններին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, սակայն, բացի քաղաքական բաղկացուցչից, իրենց պես ոչ հարուստ երկիրը պետք է նաեւ տնտեսական շահ ունենա։ Եթե հաշվի առնվեն այն վիթխարի միջոցները, որոնք Ղրղզստանը ներդրել է Մանաս օդանավակայանի վերակառուցման մեջ, ապա ակնհայտ է, որ անտեսված է ամերիկյան զինվորականների ներկայությունից ակնկալվող շահույթը։ ԱԳ նախկին նախարար Մուրատբեկ Իմանալիեւը իր հերթին կոչ արեց մեծ նշանակություն չտալ ամերիկյան ռազմակայանի տեղակայման պայմանագրի հնարավոր դադարեցմանը վերաբերող Ղրղզստանի նախագահի հայտարարությանը։ Հայտարարությունը մի փոքր հապճեպ է արվել, իսկ նպատակը խնդրի կարճաժամկետ լուծումն է. Բակիեւը ցանկանում է մինչեւ ապրիլի 24-25-ը` Ռուսաստան մեկնելու նախօրեին հաճոյանալ Կրեմլին։ Ղրղզստանի ԱԳ նախկին նախարարի եզրահանգմամբ` Մոսկվայից վերադառնալով` նախագահի դիրքորոշումն ամենայն հավանականությամբ կփոխվի, եւ ամերիկացիների հետ բանակցային գործընթացը կշարունակվի։ Ենթադրություններին, թե Կուրմանբեկ Բակիեւի հայտարարության գլխավոր հասցեատերը Մոսկվան է, այլ ոչ թե Վաշինգտոնը` տեղի շատ փորձագետներ են համամիտ: Իշխանության ղեկին գտնվելու մեկ տարվա ընթացքում Բակիեւը պաշտոնական այցով չի եղել ոչ մի երկրում, եւ նրա շրջապատը լրջորեն մտահոգված է նոր ղրղզական իշխանության դիվանագիտական մեկուսացման հեռանկարով։ Ղրղզստանում կարծում են, որ նախագահի առաջին պաշտոնական այցի նախօրեին նրա վարչակազմը նախօրոք փորձել է վերացնել Մոսկվայի հետ հարաբերություններում առկա բոլոր անհարթությունները, որը մտավախություն ունի Կենտրոնական Ասիայում ամերիկյան ներկայության առնչությամբ։ |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |