|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Այն, ինչ քթի տակ է18:52 Yerevan | 14:52 GMT | Wednesday 16 December 2009Արամ Ամատունի
«Կովկասի ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի հանդեպ առաջնորդների պարտավորվածությունները վերջապես գիտակցվելու են, եւ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող խնդիրները վերջնական լուծումներ են ստանալու: Այլ կերպ լինել չի կարող»: Երեկ Սերժ Սարգսյանն այդպես խոսել է Ղարաբաղի խորհրդարանի պատվիրակության հետ` հայտարարելով, որ հնարավոր է գտնել Ղարաբաղի հակամարտության այնպիսի լուծումներ, որոնք լինեն արդար, տեւական խաղաղություն բերեն Կովկասին: «Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազները` իրականությունից, արդար լուծումները` հավակնություններից տարբերել կարողանան», - հայտարարել է Ս.Սարգսյանը: Նրան, թերեւս, թվում է, որ ինքը երազներն իրականությունից եւ արդար լուծումները հավակնություններից տարբերակում է: Ու մնում է, որ մյուսները տարբերակել կարողանան, ու Կովկասի խաղաղությունն ու կայունությունը երաշխավորված է: Ս.Սարգսյանի կատարմամբ լսելով այդ մտքերը` տպավորություն է ստեղծվում, որ նա ներկայացնում է բացարձակապես բարեկեցիկ եւ բարգավաճ մի պետություն, որն իր խնդիրները լիովին լուծել է եւ այլեւս բան չունի անելու, բացի տարածաշրջանի խնդիրները լուծելուց: Իսկ այդ պետության իշխանությունն էլ այլեւս քաղաքացիների կյանքի եւ ապագայի կայունության մասին մտածելու կարիք չունի, ու մնում է մտածել տարածաշրջանի կայունության եւ անվտանգության մասին: Միջին վիճակագրական եվրոպացին կամ ամերիկացին, թերեւս, հենց այդպես էլ կմտածեն` կարծելով, թե Ս.Սարգսյանը հասցրել է նախագահության մոտ մեկուկես տարում լուծել Հայաստանի բոլոր հիմնարար խնդիրներն ու ձեռնամուխ լինել համակովկասյան տան կառուցման աշխատանքներին: Բայց մյուս կողմից` միջին վիճակագրական ամերիկացուն կամ եվրոպացուն Կովկասի ճակատագիրը երեւի թե ավելի քիչ է հետաքրքրում, քան ասենք` նույն այդ ամերիկացու փողոցի հարեւանությամբ գտնվող փոսն ընկած շան ճակատագիրը: Իսկ նրան, ում իրապես հետաքրքրում է Կովկասի ճակատագիրը` քաջ հայտնի է, թե Կովկասի պետություններից յուրաքանչյուրում, այդ թվում եւ մասնավորապես Հայաստանում ինչ խնդիրներ կան, որոնք առավել հրատապ լուծում են պահանջում, քանի որ հիվանդ օրգանիզմները իրար խառնելով` անհնար է ստանալ առողջ մարմին: Իսկ Կովկասի երեք հիվանդ օրգանիզմներից մեկը Հայաստանն է, ու Հայաստանի իշխանությունը, թերեւս, պետք է մտածի այդ օրգանիզմը բուժելու մասին: Համակովկասյան տան ճանապարհին, Կովկասի բոլոր երեք երկրների ղեկավարները, եւ տվյալ դեպքում մասնավորապես Ս.Սարգսյանը, նախեւառաջ սեփական տունը կարգի բերելով կարող են նպաստել Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, դնել համակովկասյան տան առաջին քարը: Այդ առումով երեւի թե Ս.Սարգսյանն ինքն է գտնվում իրականությունից կտրված` երազային վիճակում, հավակնելով լինել տարածաշրջանային «մեսիա» կամ «մեսիաներից» մեկը: Նրա համար կարծես թե Հայաստան չկա, Հայաստանը մի վիրտուալ տարածություն է` վիրտուալ խնդիրներով, որոնց մասին մտածելու կարիք չկա, որոնց մասին մտածելու եւ որոնք լուծելու համար ժամանակ չկա: Մյուս կողմից` Ս.Սարգսյանը եւ Հայաստանի քաղաքական դաշտի տարբեր բեւեռներում գտնվող, անգամ նրան ընդդիմադիր քաղաքական ուժերի մի զգալի մասը տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը համարում են կովկասյան երկրների, այդ թվում մասնավորապես Հայաստանի բերեկեցության եւ բարգավաճման գրավական: Այսինքն` նրանք փորձում են հասարակությանը հավատացնել, որ քանի դեռ կովկասյան համակեցության կանոնները չեն մշակվել եւ չեն համակարգվել, քանի դեռ չի հաստատվել խաղաղություն եւ կայունություն, Կովկասի պետությունները չեն կարող զարգանալ եւ լավ ապրել, չեն կարող լուծել քաղաքական, տնտեսական, քաղաքացիական եւ քաղաքակրթական խնդիրները: Այդ համատեքստում էլ ներկայացվում է Ղարաբաղի հարցը` որպես այդ խնդիրների լուծման խոչընդոտներից մեկը: Այդ առումով Հայաստանի իշխանությունը, Ս.Սարգսյանն ու քաղաքական իսթեբլիշմենթը, թերեւս, չեն գիտակցում, որ այդպիսով նախեւառաջ համակերպվում են այն մտքին, որ Ղարաբաղը Կովկասի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկն է: Այդպիսով նախեւառաջ լուրջ պատասխանատվություն եւ ինչ-որ տեղ նաեւ բիծ է դրվում Ղարաբաղի անկախ հանրապետության վրա, եւ այդ բիծը դնելուն, կամա թե ակամա, նպաստում է նաեւ Հայաստանը, որի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, ինչպես նաեւ շատ այլ քաղաքական այրեր, նաեւ ընդդիմության շարքում, պարբերաբար փորձելով լայնախոհ եւ գլոբալ մտածողության կրող երեւալ, հանդես են գալիս Ղարաբաղի խոչընդոտությունն ընդունող հայտարարություններով: Մինչդեռ, թվում է, թե Հայաստանի խնդիրը պետք է լինի բոլորովին հակառակը: Այն է` Հայաստանի իշխանությունն ու քաղաքական հանրույթը պետք է ամեն գնով ցույց տային, պետք է ցույց տան, որ Ղարաբաղի խնդրի ներկայիս վիճակը, որքան էլ որ ցանկալի լինի վերջնական փոխընդունելի կարգավորումը, այդուհանդերձ այս պարագայում էլ չի հանդիսանում տարածաշրջանային, եւ նաեւ առանձին որեւէ պետության զարգացման խոչընդոտ: Դրա համար պետք է, որ Հայաստանի իշխանությունն առաջին հերթին զբաղվեր Հայաստանի ներքին խնդիրների լուծմամբ, կառուցեր իսկապես ազատական հասարակություն, որն ունի քաղաքական, տնտեսական, քաղաքացիական ազատ գործունեության հնարավորություններ: Այդ ազատականության ապահովման պարագայում արդյունքը իրեն երկար սպասեցնել չէր տա, եւ Հայաստանի հասարակությունը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը շատ արագ կտեսնեին, որ խնդիրների լուծման բանալիները իրականում ամեն երկրի ներսում են, ոչ թե բանակցային սենյակներում: Եվ առաջին հերթին, դա թերեւս պետք է գիտակցի հայ հասարակությունը եւ այդ գիտակցման վրա հիմնված պահանջներ ներկայացնի իշխանությանն ու քաղաքական էլիտաներին: Այդ պահանջների առանցքը պետք է կազմի այն, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին կովկասյան առաջնորդների երեւակայություններում չէ, այլ Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների մեջ, որոնք հստակ սահմանում են Հայաստանի ներքին կյանքի կազմակերպման, հասարակություն-իշխանություն հարաբերության կանոնները: Դրանք հարգելն է Ղարաբաղի հարցի կարգավորման ամենաազդեցիկ քայլը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը: Այդտեղ է, որ առաջնորդը, եթե նա իրական, ոչ թե վիրտուալ կամ երեւակայական առաջնորդ է, որն իրեն առաջնորդ է զգում, ոչ թե ձգտում է այդպիսին երեւալ, պետք է ցուցաբերի նախաձեռնողականություն եւ ակտիվություն: Այդտեղ են թե՛ ներպետական, թե՛ տարածաշրջանային հարցերի լուծման մեր բաժին բանալիները:
|
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱնհանգիստ հասարակածՍերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին: ՔաղաքականԱյդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվելԱնբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |