|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հասել է Մոսկվայի` հակամարտությունների միջոցով ազդեցությունը պահպանելու քաղաքականության վերջը»17:47 Yerevan | 13:47 GMT | Thursday 10 December 2009Եվա Ադամյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Միջազգային քաղտնտեսության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆրեդրիկ Էրիքսընը, Բրյուսելից: -Պարոն Էրիքսըն, Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության շուրջ բանավեճի մեջ են` Բաքուն կարեւորում է տարածքային ամբողջականությունը, Երեւանը` ինքնորոշման սկզբունքը: Կարո՞ղ եք սահմանել հնարավոր միջին լուծումը: - Շատ դժվար հարց եք տալիս: Այդպիսի հակամարտությունների դեպքում գոյություն չունի միջին լուծում: Ես կարծում եմ, որ սա այն հարցն է, որը շոշափում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, Թուրքիան հույս ունի, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում էական առաջընթաց արձանագրելով, դառնալ տարածաշրջանում ոչ միայն քաղաքական, այլեւ էներգետիկ հանգույց` իր տարածքով դեպի Եվրոպա հասցնելու համար Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի էներգակիրների մեծագույն մասը: Ուստի ԼՂ հակամարտության պարագայում, երբ բախվում են աշխարհի հիմնական կենտրոնների շահերը, հիմնական խաղացողների հետաքրքրությունները` հակամարտությունների միջին լուծումներ անհնար է գտնել: Այստեղ անելիք ունեն քաղաքական կամքը եւ ապագային նայելու խիզախ կարողությունը: - Պաշտոնական Բաքուն կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանը ավելի կկոշտացնի իր դիրքերը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը: - Այստեղ գլխավոր դժվարությունն այն է, որ տարածաշրջանային երկու հիմնահարց լուծելու խնդրի առջեւ է կանգնել ողջ միջազգային հանրությունը, ամբողջ խնդիրը այդ երկու հարցերը միմյանցից առանձնացնելու կարողության մեջ է, որովհետեւ այդ երկու հիմնահարցերը այնքան սերտորեն են կապված, որ կշահի կարգավորմամբ շահագրգիռ այն կողմը, ով ավելի պարզ եւ հստակ կձեւակերպի ու հետեւողական կլինի հիմնախնդիրները միմյանց շաղկապումից տարանջատելու հարցում: ԵՄ եւ Արեւմուտքի տեսանկյունից դժվար է այս երկու խնդիրները իրարից տարանջատելը, որովհետեւ այստեղ էական դերակատարություն ունի Ադրբեջանի ոչ միայն աշխարհագրական կարեւորությունը, այլեւ ռուսական գազից կախվածության` Եվրոպայի օրակարգում առաջնահերթություն հռչակված խնդիրը, որտեղ Ադրբեջանի շահերը չեն կարող հաշվի չառնվել: Այդ է պատճառը, որ Բաքուն շատ զգայուն է դարձել մեր ցանկացած չեզոք դիրքորոշման նկատմամբ: Մենք կուզեինք, որպեսզի Բաքուն այս հակամարտության մեջ հանդես գար ինքնուրույն կողմ` առանց իր շահերը Թուրքիայի շահերի հետ կապելու եւ առանց թույլ տալու, որ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերություններում հղում աներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությանը: - Դուք հնարավո՞ր եք համարում հայ-ադրբեջանական ռազմական նոր գործողությունների վերսկսում: - Չեմ կարծում, որ պատերազմի հավանականությունը մեծ է: Բաքուն պետք է հասկանա, որ այդպիսի հայտարարություններով փչացնում է մինչ օրս ձեռք բերված առաջխաղացումը, որը կարգավորման ամբողջ գործընթացում ամենաշահեկանն է եղել հենց իր համար: - Միասնական տեսակետ գոյություն չունի ԵՄ-ում ԼՂ հիմնահարցի առաջնահերթության վերաբերյալ: Կարո՞ղ ենք, սակայն, համարել, որ ԼՂ խնդիրը ԵՄ արտաքին քաղաքականության օրակարգում է, թե՞ դա այդպես չէ: - ԵՄ տարբեր երկրներ տարբեր կերպ են ընկալում ԼՂ խնդրի կարեւորությունը, ուստի խնդրի հանգուցալուծման նկատմամբ եւս նրանց տեսակետները տարբեր են: ԵՄ առանձին երկրներ ԼՂ հարցին անդրադառնալիս հաշվի են առնում իրենց առանձին հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, նրանցից ոմանք կողմնակից են Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը, ոմանք դեմ են, եւ ԼՂ հարցի հրատապությունը սկսել է շոշափել նաեւ այս հարցերը: - Ինչ եք կարծում` ՌԴ-ն որքանո՞վ է շահագրգռված ԼՂ հարցի լուծմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն տարածաշրջանում հենց հակամարտություններն է որպես գործիք օգտագործում` իր ազդեցությունը պահպանելու նպատակով: - Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանում գնալով փոխվում է, եւ ՌԴ-ն եւս իր ազդեցության պահպանման համար պետք է այլ միջոցներ եւ լծակներ փնտրի: Երկրի սահմաններին անկայունության օջախները որեւէ երկրի, այդ թվում ՌԴ համար չի կարող նպաստավոր լինել, ուստի ընդհանուր տպավորություն ունեմ, որ հասել է ՌԴ-ի` հակամարտությունները տաք պահելու ճանապարհով ազդեցությունը պահպանելու քաղաքականության վերջը: - Շատ փորձագետներ մոտ ապագայում ԼՂ կարգավորում են կանխատեսում, որքա՞ն լավատես եք այդ հարցում, եւ որքա՞ն արագ կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը: - Ես ոչ լավատես եմ, ոչ հոռետես: Պետք է նշեմ, որ դրական նշաններ եմ միայն նկատում տարածաշրջանային գործընթացներում: Եթե այս դրական միտումները շարունակվեն 2010թ.-ին` կարելի է ավելի համոզված խոսել հակամարտության ավելի մոտալուտ լուծման մասին: Այստեղ շատ կարեւոր է ԵՄ եւ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում, այստեղ կարեւոր է համակարգային լուծում` դրական արդյունքներ ստանալու համար: - Ինչ եք կարծում` ԵՄ-ն, ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն ԼՂ հարցում եւ հայ-թուրքական կարգավորման խնդիրներում հասե՞լ են վերջնական համաձայնության: - Կարծում եմ` այո: Աշխարհի ուժային կենտրոնները հասել են համաձայնության, ԵՄ-ն, սակայն, հանդես է գալիս որպես առանձին շահեր ունեցող կողմ, եւ ԵՄ շահերն ամենահստակն ու պարզն է` դրանք առնչվում են ԵՄ սահմանների կայունությանը, անվտանգությանը, լավ կառավարմանը, ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը: ԵՄ-ն ուղղակի եւ անուղղակի մասնակից է այս երկրներից յուրաքանչյուրի` եվրոպական տարբեր կառույցների հետ հարաբերություններում` ԵԽ, ԵԱՀԿ եւ այլն: ԵՄ-ն նյութական շահեր ունի տարածաշրջանում, որն առնչվում է Nabucco խողովակաշարին, եւ այստեղ է, որ ԵՄ-ն հավասարապես կարեւորում է ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այստեղ էապես շոշափվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, որոնց նկատմամբ շատ զգայուն է ԵՄ-ն: - Ձեր պատկերացմամբ` ո՞րն է ԼՂ խնդրի լավագույն լուծումը: - Հարցին անդրադառնալուց առաջ երկու հարց եմ ուզում բարձրացնել` ինչպե՞ս է լուծվում խնդիրը կողմերից որեւէ մեկի տեսանկյունից եւ որքանո՞վ այդ լուծումը կբավարարի երկու կողմերին, եւ երկրորդ` որքանո՞վ հաշվի կառնվեն հակամարտության երկու կողմերի տեսակետները` ստեղծել այնպիսի բանաձեւ, որն ընդունելի կլինի ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ տարածաշրջանային հիմնական դերակատարների համար: ԼՂ հակամարտությունը եզակի է նրանով, որ մեծապես կախված է կողմերի` խնդրին լուծում տալու պատրաստակամության աստիճանից, եւ աշխարհը պատրաստ է փաստաթղթավորել ցանկացած լուծում, որը կբավարարի կողմերին: ԵՄ-ն երկրորդ տարբերակի կողմնակիցն է` դիվանագիտական ճանապարհով գտնել լուծման այն ճանապարհը, որը միաժամանակ կբավավարի հակամարտության բոլոր կողմերին: Քանի որ լուծումը գտնված չի, ուրեմն` դիվանագիտական բոլոր միջոցներն ու հնարավորությունները օգտագործված չեն: - Նախօրեին ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հայտնել է, որ դիտարկվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի` ասոցացված անդամության հարցը: Ի՞նչ առավելություն ունի ասոցացված անդամությունը: - Առաջինը` ԵՄ-ին ասոցացված անդամությունը առնչվում է տնտեսական բաղադրիչին: Երկրորդ` ասոցացված անդամությունը կարեւոր է քաղաքական տեսանկյունից` լավ կառավարում, ժողովրդավարություն, ազատ մուտքի հնարավորություն եվրոպական շուկաներ, կտրամադրվի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն եւ այլն: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՓարիզ տանող ու բերող ճանապարհներըՍերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ: ՔաղաքականՈրեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրումՀետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |