|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հնձել ցանածը18:40 Yerevan | 14:40 GMT | Wednesday 9 December 2009 Գրեթե բոլոր երեւույթների մասին հայաստանյան պատկերացումները գրեթե միշտ էլ եղել են յուրօրինակ: Այդ յուրօրինակությունը չի շրջանցել նաեւ քաղաքականության մասին պատկերացումները: Թերեւս դրա արդյունքն է այն տեսակետը կամ մոտեցումը, թե «ոչ մի թիզ հող» դիրքորոշումն առավելապես ծայրահեղականություն եւ ռոմանտիկա է ու ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, չի կարող համարվել քաղաքական դիրքորոշում: Այդպես ձեւավորվել է մի մեծ հասարակական-քաղաքական շրջանակ, որը փորձում է նաեւ մյուս բոլոր շրջանակներին հետեւողականորեն համոզել, որ ասենք` եթե որեւէ մեկը Ղարաբաղի հարցում դեմ է տարածքները հանձնելուն, ապա դա ոչ թե քաղաքական դիրքորոշում է, Ղարաբաղի հարցի կարգավորման քաղաքական տեսակետ, այլ ռոմանտիկա եւ ծայրահեղականություն: Ինչ վերաբերում է ձեւակերպմանը` «ոչ մի թիզ հող», ապա իսկապես այն ավելի շատ թերեւս գրականությանը, քան քաղաքականությանն է հարիր: Ավելին` այն անձինք եւ շրջանակները, որոնց համար տարածք չհանձնելը հստակ քաղաքական դիրքորոշում է, իրենք երբեւէ չեն էլ օգտագործում «ոչ մի թիզ հող» արտահայտությունը: Բայց խնդիրն այս դեպքում ձեւակերպումը չէ, այլ դիրքորոշումը: Ինչո՞ւ դա չի կարող լինել քաղաքական դիրքորոշում: Դրա պատասխանը, ըստ հակառակ մոտեցման շրջանակին պատկանողների, թերեւս այն է, որ աշխարհը մեզ թույլ չի տա դեմ գնալ կարգավորման իր սցենարին, եւ եթե մենք չհամաձայնենք փոխզիջումային կարգավորման, ապա կամ աշխարհն ինքը մեր հերը կանիծի, կամ Ադրբեջանին կօգնի անել դա: Թվում է, թե խիստ ծանրակշիռ փաստարկ է, որովհետեւ 29 հազար քմ տարածք ունեցող եւ շրջափակված Հայաստանը, նույնիսկ Ղարաբաղի տարածքով հանդերձ, անկարող է դիմադրել այդօրինակ ճնշմանը: Այդ տրամաբանությունից բխում է, որ Հայաստանը Ղարաբաղի պատերազմի տարիներին իրեն գրեթե ամեն ինչով մի քանի անգամ գերազանցող Ադրբեջանին հաղթել է ընդամենը հանգամանքների բերումով, արտաքին գործոնների հաջող դասավորության պատճառով: Ընդ որում` դա թերեւս այդքան էլ հեռու չէ ճշմարտությունից: Համենայնդեպս, եթե արտաքին հանգամանքները չդասավորվեին ի նպաստ մեզ, եւ եթե Հայաստանն էլ այդ հանգամանքներում ճիշտ չկողմնորոշվեր ու ներդաշնակ չլիներ այդ հանգամանքներին, ապա միայն հայ զինվորների եւ արցախահայության հերոսականության ու տոկունության շնորհիվ դժվար էր այդօրինակ արդյունք ակնկալել: Բայց, միթե որեւէ մեկը, այն շրջանակներից, ովքեր համարում են, որ աշխարհի դեմ գնալն անիմաստ եւ արկածախնդիր քայլ է, ինքն իրեն հարց է տվել, թե իսկ ինչո՞ւ 15-20 տարի առաջ հանգամանքները դասավորվեցին հայության համար այդպես բարեհաջող, մեզ թույլ տվեցին ազատել Ղարաբաղն ու «Ադրբեջանի 20 տոկոսը», իսկ հիմա աշխարհը միաբերան մեզանից ինչ-որ զիջում է պահանջում: Ինչո՞ւ փոխվեց աշխարհը: Մի՞թե աշխարհի շահը փոխվեց, թե՞ աշխարհի մտածողությունը: Իսկ գուցե մենք ենք փոխվել, որ աշխարհի պահանջներն էլ մեր հանդեպ փոխվել են: Գուցե մենք ենք, որ չենք կարողացել այդ ընթացքում աշխարհին ցույց տալ, որ հաղթելուց բացի, ունակ ենք հաղթանակին տեր կանգնել: Գուցե շատերի համար ռոմանտիզմ էր հաղթանակը բոլորինը, հասարակությանը դարձնելը, իսկ իրապաշտ քաղաքականությունը ասֆալտի գեներալների կոնգլոմերատ կառուցելն ու Ղարաբաղի հաղթանակը նրանց տակ դնելն էր: Գուցե իրապաշտ քաղաքականությունն այդ գեներալների, երկրապահի «սերուցքի» միջոցով ընտրություն կեղծելն էր, ու հետագա տասնամյակի ընթացքում այդ ընտրակեղծիքի մեքենան կատարելության աստիճան բյուրեղացնելը: Իհարկե, այդ չափազանց իրատես եւ սթափ դատողության վրա հիմնված քաղաքականությունը անհամեմատելիության աստիճան ավելի հեռատես է, քան սեփական հաղթանակին տեր կանգնելու մասին որեւէ դատողություն: Եվ իսկապես, ռոմանտիզմ է մտածել մի բանին տեր կանգնելու մասին, եթե այդ բանը վաղուց արդեն գոյություն չունի եւ վերածվել է իշխանական լծակների, շքեղ կյանքի, կալվածքների, դղյակների: Բնական է, որ վաղուց արդեն, դա է իրականը, ռեալը, «նաղդը» ու պետք է «նաղդը» թողած` չընկնել «նիսյայի» հետեւից: Ու պետք է նաեւ «նաղդի» համար պայքարել ու կռիվ տալ, ոչ թե «նիսյայի»: Այլապես աշխարհը կարող է նաղդ բարկանալ: Եվ այդ բարկությունը միանգամայն հասկանալի է: Ի վերջո, աշխարհն էլ «նաղդով» է մտածում: Ինչ կա, այն է տեսնում: Եթե տեսնում է, որ այն հանրությունը, որը 20 տարի առաջ պայքարում էր հաղթելու համար, այսօր պատրաստ է լռելյայն հրաժարվել այդ հաղթանակի զգալի մասից, ընդամենը Հայաստանում ինչ-որ խմբերի իշխանության համար պայքարի խաթեր, եւ երբ տեսնում է, որ Հայաստանում որեւէ խումբ չկա, որը թեկուզ իշխանության համար պայքարի խաթեր իրապես եւ անկեղծ հանդես կգա հաղթանակը պահելու տեսանկյունից, ապա այլեւս անիմաստ է համարում այդ հանրության կապակցությամբ այլ ծրագրեր մշակելը: Աշխարհը մեզանից ռացիոնալ է եւ ամեն մի հանրույթի թողնում է ուղիղ այնքան, որքան կարող է եւ պատրաստ է այդ հանրույթը պահել: Ավելի ճիշտ` նրա հասարակական-քաղաքական էլիտա կոչվածը:
|
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՓարիզ տանող ու բերող ճանապարհներըՍերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ: ՔաղաքականՈրեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրումՀետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |