“Zhamanak” Armenian-American Political Daily

Ինչպես է պարտվում պետությունը

15:40 Yerevan | 11:40 GMT | Friday 3 July 2009

Ինչպես է պարտվում պետությունը
Նիկոլ Փաշինյանի վերադարձի պատմությունը բավական հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս ոչ միայն ներքաղաքական, համաժողովրդական շարժման, քաղաքացիական պայքարի տեսանկյունից, ոչ միայն բացում է համաժողովրդական պայքարի նոր հեռանկարներ, այլ նաեւ բացահայտում է Հայաստանի անվտանգության համակարգի, մեղմ ասած, անմխիթար վիճակը:

Դա, իհարկե, զարմանալի չէ, եթե օրինակ հիշենք, թե ով է, ասենք, անվտանգության խորհրդի քարտուղարը: Բայց չէ՞ որ, այդուհանդերձ, ԱԽՔ-ն ընդամենը մի փոխանցիկ պաշտոն է, մինչդեռ կա մի ամբողջ համակարգ, որը մոտ մեկուկես տարի շարունակ պայքարում էր մի մարդու հայտնաբերելու համար, սակայն այդպես էլ չկարողացավ պարզել, թե նա որտեղից դուրս եկավ եւ ինչպես հասավ դատախազություն: Հետո, իհարկե, համակարգը հերոսական օպերատիվությամբ բերման ենթարկեց Նիկոլին, հետո մեկուսացրեց հասարակությունից, իսկ հետո էլ որոշեց նրա խափանման միջոցն ընտրել կալանքը: Բայց այդ ամենն այն բանից հետո միայն, երբ Նիկոլն ինքը եկավ ու կանգնեց համակարգի դռանը: Հիմա մի պահ ենթադրենք, որ խոսքը Հայաստանի ապագայի, Հայաստանում օրինականության եւ քաղաքացիական իրավունքի եւ ազատության համար պայքարող Նիկոլի մասին չէ, այլ հանցագործ մի տարրի, որը կամ ահաբեկություն է իրականացրել, կամ պատրաստվում է իրականացնել, կամ պետական գաղտնիքներ է յուրացրել ու դիմել փախուստի: Մի խոսքով, ենթադրենք, որ խոսքը Նիկոլի փոխարեն մի հանցագործ տարրի մասին է, որը ունի Հայաստանի պետականության դեմ ուղղված վտանգավոր մտադրություններ: Ի՞նչ էր լինելու Հայաստանի հետ, ինչպե՞ս էին նրան հայտնաբերելու եւ վնասազերծելու ԱԱԾ, դատախազության, հատուկ քննչական ծառայության եւ ոստիկանության ստորաբաժանումները, որոնք կոչված են հարկատուների փողով պաշտպանել այդ հարկատուների պետությունը: Նիկոլի օրինակը, ցավալիորեն, ցույց տվեց, թե ինչպես կարող է պարտվել իշխանությունը, ինչի բացասման վրա իշխանություն էր կառուցում Սերժ Սարգսյանը: Պարզվեց, եւ այս դեպքում ուղղակի ցավոք սրտի, որ իշխանությունը կարող է պարտվել ու երբեմն նույնիսկ այնպես, որ պարտության ցավն ավելի շատ կարող է հարվածել պետության անվտանգությանը: Դա հետեւանքն է այն բանի, որ անվտանգության համար պատասխանատու մարմինների առաջ դրվում են ոչ թե մասնագիտական լուրջ խնդիրներ, անգամ ընդդիմության դեմ գործողությունների ընթացքում, այլ մանր խուլիգանության հետ կապված առաջադրանքներ: Արդյունքը լինում է այն, որ անվտանգության համար պատասխանատու մարմինները մասնագիտանում են սեփական երկրի քաղաքացիների հանդեպ մանր խուժանությունների մեջ, իսկ մասնագիտական լուրջ գործունեության համար պատրաստվելու ժամանակ նրանց այլեւս չի մնում: Այսինքն` սեփական քինախնդրությունն ու անձնական անվտանգությունն ապահովելու մոլուցքով տարված, իշխանությունը փաստացի տարիներ շարունակ մսխել է պետական անվտանգության ռեսուրսը, այդ անվտանգության համակարգը անզոր դարձնելով անգամ մեկ մարդու դեմ: Սարսափելի է նույնիսկ մտածել, որ այդ համակարգի դեմ կարող են հանկարծ դուրս գալ մի քանի մարդ, ընդ որում` ամենեւին ոչ Հայաստանի ապագայով մտահոգ, ինչպես Նիկոլը:

Վերլուծական
Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն...

Քաղաքական
Մնաց իր արձանը բացի

Մնաց իր արձանը բացի

Վերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.