“Zhamanak” Armenian-American Political Daily

«ԼՂ մասով քաղաքականության բացակայության խնդիր կա»: «Առաջիկա ամիսներին ԼՂ գործընթացում փոփոխությունները չեն բացառվում»

15:38 Yerevan | 11:38 GMT | Friday 3 July 2009

Մարինե Խառատյան

«ԼՂ մասով քաղաքականության բացակայության խնդիր կա»: «Առաջիկա ամիսներին ԼՂ գործընթացում փոփոխությունները չեն բացառվում»
Մեր հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա ամիսներին ԼՂ հարցում այնպիսի տեղաշարժ, որն ակտիվացնի ներքաղաքական պրոցեսները Հայաստանում:

- Ես չեմ բացառում, որ կարող է տեղի ունենալ լուրջ փոփոխություն առաջիկա ամիսներին` հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի` գնալով ավելացող ակտիվությունը տարածաշրջանում, եւ Ադրբեջանի հետ մերձենալու Ռուսաստանի քայլերը: Այս համատեքստում կարող է լինել էական տեղաշարժ: Թե ինչի դա կհանգեցնի Հայաստանում` առայժմ չէի ուզի կանխատեսումներ անել, որովհետեւ այսօր իրականում Հայաստանում որեւէ մեկը պատրաստ չէ այս հարցում տեղաշարժերին կամ փոփոխություններին: Եվ քանի դեռ ներքաղաքական գործընթացը պտտվում է մեկ հարցի շուրջ` Սերժ Սարգսյանը պե՞տք է մնա իշխանության գլուխ, թե՞ ոչ, սա է քաղաքական գործընթացն այսօրվա, եւ չի կարելի ակնկալել, թե որեւէ այլ մի հարց կարող է դիտարկվել ըստ էության եւ ուղղակի առիթ չդառնալ մի կողմից` իշխանափոխություն իրականացնելու, մյուս կողմից` իշխանությունը պահելու համար: ...Առհասարակ ղարաբաղյան խնդիրը դարձել է Հայաստանի համար ներքաղաքական գործոն: Ի սկզբանե իշխանությունը ներքին դժվարությունների նկատմամբ ժողովրդի ներողամտությունը եւ համբերատարությունը հայցելիս ասում էր, որ մենք ունենք արցախյան հիմնախնդիր, որը լուծման կարիք ունի, եւ հանուն դրա մենք պետք է ամեն ինչ մի կողմ դնենք եւ բոլորս լծվենք այդ խնդրի հայանպաստ լուծման գործին: Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ կարգի հայտարարությունները հիմնականում բավական երեսպաշտ էին եւ պարզապես նպատակ ունեին մարդկանց ետ պահել ներքաղաքական բարեփոխումների գործընթացից, նվազեցնել ակտիվությունը: Ես կարծում եմ, որ դժբախտաբար Ղարաբաղը որպես գործոն Հայաստանի ներքաղաքական կյանքում այլեւս իրական նշանակություն չունի: Նշանակություն չունի առաջին հերթին այն պատճառով, որ Ղարաբաղը ինքը իրեն զրկեց ինքնուրույն ձայն ունենալու իրավունքից: Եվ ոչ մի կերպ այդ իրավունքը վերադարձնել չի կարողանում, թերեւս նաեւ` չի ուզում: Այդ տեսանկյունից էլ ինչ-որ առումով Ղարաբաղը դարձել է Հայաստանի օրվա իշխանության պատանդը, որովհետեւ այստեղ դեր է խաղում նաեւ Սերժ Սարգսյանի ծագումը եւ ղարաբաղցի լինելը: Ղարաբաղում Հայաստանի հետ կապված հույսերը կապված են ղարաբաղյան ծագում ունեցող ղեկավարի հետ:

- Իսկ Ձեր կարծիքով, ՀՀ իշխանության` ԼՂ հաշվին ինքնահաստատման քայլերը ոչինչ չե՞ն ասում ղարաբաղցիներին, երբ օրինակ` այսօր ՌԴ նախագահը ինքնուրույն զբաղվում է Ղարաբաղի խնդրով, ինչը բավական տարօրինակ է կոնկրետ իմ` Հայաստանի քաղաքացուս համար:

- Ես կարծում եմ, որ այդ տեսանկյունից Ղարաբաղը հայտնվել է շատ վտանգավոր հոգեբանական-փիլիսոփայական ծուղակում: Մի կողմից` Ղարաբաղում ընկալվում է, որ մեծ հաշվով այսօր ընդդիմության շարքերում չկան այն մարդիկ, որոնք ատամներով կպաշտպանեն Ղարաբաղը: Այս հույսերը կապվում էին Սերժ Սարգսյանի թիմի հետ: Սերժ Սարգսյանի վերջին մեկ տարվա գործողությունները, սակայն, ցույց տվեցին, որ այդ հույսերն էլ սին են եւ անհիմն: Քաղաքական գործընթացներն իրենց տրամաբանությունն ունեն եւ մարդու ծագումն այստեղ որեւէ նշանակություն չունի: Հայաստանում ձեւավորվել է շատ որոշակի որակի իշխանություն: Այդ որակի իշխանությունը չէր կարող այլ քայլերի գնալ: Իսկ Ղարաբաղը խաղից դուրս է:

- Այսօր ընդդիմության շարքերում են ազատամարտիկների մեծ մասը, ովքեր ժամանակին ոչ միայն ատամներով, այլեւ սեփական կյանքի գնով են պաշտպանել Ղարաբաղը:

- ...Գիտեք, խոսքը ռազմիկների մասին չէ: Այսօր խոսքը գնում է բացառապես քաղաքական դաշտում պայքար մղելու ունակ քաղաքական գործչի մասին, որը քաղաքական միջոցներով կկարողանա ատամներով պաշտպանել Ղարաբաղը: ...Քաղաքականության բացակայության խնդիր կա Ղարաբաղի մասով եւ այդ քաղաքականությունը բացակայում է նաեւ Հայաստանում: Ես, մեծ հաշվով, մեծ տարբերություն չեմ տեսնում ՀԱԿ-ի եւ գործող իշխանությունների դիրքորոշումների միջեւ, որովհետեւ երկուսն էլ պատրաստ են դիտարկել Ղարաբաղի խնդրի լուծումը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, ինչն ինձ համար անընդունելի է: Եվ այստեղ, եւ այնտեղ ընդունվում է այն, որ տարածքները պետք է վերադարձվեն կամ հայտնվեն Ադրբեջանում: Ոչ իշխանությունը, ոչ ՀԱԿ-ը երբեւէ չեն դիտարկել հայ փախստականների խնդիրը` որպես տարվող բանակցությունների օրակարգային հարց: Եթե այդ հարցը ներառվի օրակարգում, վստահեցնում եմ, որ բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունը արմատապես կփոխվի:

- Պարոն Մելիքյան, Ձեր կարծիքով, հատկապես վերջին ընտրություններից հետո ԼՂ խնդիրը կարո՞ղ է օգտագործվել դրսի կողմից: Հայաստանի իշխանությունների լեգիտիմության պակասը որոշակի առումով կարո՞ղ է հանգեցնել նրան, որ առաջիկա ամիսներին ԼՂ հարցում ինչ-ինչ լուծումներ պարտադրվեն:

- Ինչ խոսք, իշխանությունների կասկածելի լեգիտիմությունը թուլացրել է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում: Եվ բնականաբար, եթե արտաքին ճնշումներ գործադրվեն, թույլ իշխանությունը շատ ավելի հեշտ կարող է գնալ զիջումների, քան ուժեղ իշխանությունը, որը հիմնվում է ներքին ռեսուրսի, քաղաքական ներուժի վրա եւ ոչ թե հենված է արտաքին աջակցության վրա, որը բնականաբար իր շահերն է հետապնդում, եւ թույլ իշխանություն պահելը այդ տեսանկյունից դառնում է շահավետ մի բան` սեփական առաջնայնությունները Հայաստանին պարտադրելու տեսակետից:

Վերլուծական
Եթե թողնեն բանալին

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում...

Քաղաքական
Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինի

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա:

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.