“Zhamanak” Armenian-American Political Daily

«Աղջիկ չի եղել, որ ձեռ գցեինք, ինքն աղջիկ չի, որ ներեմ»

15:20 Yerevan | 11:20 GMT | Friday 3 July 2009

Էլմիրա Մարտիրոսյան

«Աղջիկ չի եղել, որ ձեռ գցեինք, ինքն աղջիկ չի, որ ներեմ»
Կենտրոնի քննչական բաժինը մեկ տարի քննեց-քննեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի միջեւ անցյալ տարի ծագած խուլիգանական վեճը եւ եկավ այն եզրակացության, որ կողմերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կարիք չկա:

Ի դեպ, երկու կողմն էլ իրենց դեմ կատարվածի մասին հաղորդում էին տվել ոստիկանություն եւ պահանջել պատասխանատվության ենթարկել հակառակ կողմին: Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Տիգրան Հարությունյանը մայիսի 21-ին քրգործի վարույթը կարճելու եւ Ուրիխանյանի եւ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում էր կայացրել: Այդ որոշման դեմ էլ իր դժգոհությունն էր հայտնել Միքայել Դանիելյանը, եւ նրա բողոքը երեկ քննության էր առել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Գագիկ Պողոսյանի:

Հիշեցման կարգով նշեմ, որ Ուրիխանյանի ցուցմունքներով` 2008-ի մայիսի 21-ին Միքայել Դանիելյանը` ասոցիացիայի երկու աշխատակիցների հետ միասին, Երեւանի Տերյան փողոցով անցնելիս, տաքսի ավտոմեքենայով կանգնել են կարմիր լույսի տակ եւ հետեւից, իր ծառայողական «ԲՄՎ» ավտոմեքենայով եկող Տիգրան Ուրիխանյանը այդ պահին տեսել է երթեւեկությունը խանգարող տաքսի, որի մեջ գտնվող ուղեւորները «ձեռք են գցում» անցորդ աղջիկներին: Այդ ժամանակ Ուրիխանյանն ու նրա տեղակալը ազդանշան տալով շրջանցել են Դանիելյանի տաքսին, եւ որոշ ժամանակ անց նկատել, որ հետեւից եկող տաքսին ազդանշան է տալիս: Շրջվել է եւ տեսել, որ մեքենայի միջի ուղեւորներն իր ուղղությամբ ձեռքերով «ժեստեր» են անում: Ուրիխանյանն իջել ու մոտեցել է նրանց, եւ երբ Դանիելյանը տեսել է Ուրիխանյանին` վիրավորել է նրան, մեքենայից իջել ու մեքենայի դռնով հարվածել, որից հետո քաշքշուկ է առաջացել նրանց միջեւ: Ուրիխանյանն էլ, իրեն պատկանող գազային ատրճանակով ինքնապաշտպանվել է` անգնդակ փամփուշտով կրակելով օդ: Իսկ ըստ Միքայել Դանիելյանի` ոչ մի աղջիկ էլ չի եղել, որ «ձեռ գցեին», մնացածն էլ հակառակն է եղել. կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ իրենք մեքենայից խոսել են իրենց ծանոթ Արբակի հետ, ում պատահաբար նկատել են «Ցիտադել» կենտրոնի առջեւ կանգնած, նրան հրավիրել են պաղպաղակ ուտելու, որը հրաժարվել է, Դանիելյանն էլ մատ է ցույց տվել եւ շարունակել են ճանապարհը: Մի փոքր անց նկատել են հետեւից ազդանշան տվող «ԲՄՎ»-ն, որը շրջանցել է իրենց ավտոմեքենան: Տաքսու ուղեւորները ձեռքները պարզել են եւ ասել. «Ի՞նչ է եղել, ի՞նչ ես սիգնալ տալիս»: Մեքենան կանգնել է, եւ նրա միջից տաքսուն են մոտեցել Տիգրան Ուրիխանյանն ու նրա տեղակալը: Վերջինս շրջվելով դեպի շեֆը` ասել է. «Գործ չունես, արտասայմանցիյա», Ուրիխանյանն էլ ի պատասխան` ասել է. «Արտասահմանցի չի, լավ էլ տեղացիյա, կյանքներս կերավ», որին հետեւել են «ՑԵՌՈՒ-ի ագենտ, գոմիկներին ա պաշտպանում» եւ այլ արտահայտություններ, եւ վեճ է ծավալվել: Առաջադիմականները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, իսկ Ուրիխանյանը իր մոտ եղած գազային ատրճանակով երկու անգամ կրակել է` մի անգամ օդ, մյուսը իր կրծքավանդակին, այն էլ` ինքնաշեն փամփուշտով: Դա արձանագրվել է նաեւ գործի նյութերում: Եվ ահա այս ցուցմունքներն ու մյուս նյութերն ուսումնասիրելուց հետո` պարզել է, որ Միքայել Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է իրականացվի` վերջինիս արարքը անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելու հիմքով: Իսկ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է իրականացվի, քանի որ վերջինիս արարքում հանցակազմ չկա:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ եւ մոտ 40 րոպե սպասեցնելուց հետո` մերժեց բողոքը. պատճառը տեխնիկական էր, քանի որ մինչ դատարան դիմելը այդ բողոքը պետք է հայտնեին գլխավոր դատախազին:

Դատական նիստից հետո Միքայել Դանիելյանը ասաց, որ ինքը առանց այն էլ հույս չուներ դատարանից, թեեւ տեխնիկական մասով ընդունում է դիտողությունը: Բայց զարմանալի է համարում, որ մեկ տարի տեւած քննչական գործողություններից իրենք անտեղյակ են եղել. «Երբ զանգում էինք, ասում էին` խորը եւ լայնածավալ քննություն է իրականացվում, իսկ երբ բողոքեցինք գլխավոր դատախազին` գործը փակվեց: Հետաքրքիր է, որ քրգործի նյութերը չեն տրամադրել մեզ` գոնե ծանոթանալու համար: Իսկ մեկ տարվա ընթացքում ես մասնակցել եմ 3-4 գործողության: Մի անգամ` դատաբժշկի մոտ, մի անգամ` առերեսման, որի ժամանակ հերքվել են Ուրիխանյանի կողմից լրատվամիջոցներով իմ մասին տարածված տեղեկությունները: Մենք ուզում ենք, որ արդարադատություն լինի: Ես չեմ հավատում, որ նրանց նկատմամբ որեւէ քրեական պատասխանատվություն չպետք է նախատեսվեր` եթե ընդունում են, որ Ուրիխանյանի կրակած երկու փամփուշտներից մեկը ինքնաշեն է: Տիգրան Ուրիխանյանի մարդիկ երեք անգամ դիմել են հաշտվելու առաջարկներով, մի անգամ էլ` Կենտրոնի քննչականի պետը. խնդրել է` ներել: Ես էլ ասել եմ` ինքը աղջիկ չի, որ իրան ներեմ: Ուզում եւ պահանջում եմ, որ Ուրիխանյանը լրատվամիջոցներով արած ապատեղեկատվության, վիրավորանքների համար ներողություն խնդրի ինձնից», - պահանջում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Մնացած քայլերը կորոշեն փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո, բայց Մ.Դանիելյանն այս գործից «կախվելու» մտադրություն չունի, քանի որ այս լարված մթնոլորտում ավելի մեծ ուշադրություն պահանջող գործեր կան:

Վերլուծական
Ազատ ստեղծագործական ժանրից

Ազատ ստեղծագործական ժանրից

Ներսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման:

Քաղաքական
ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով է

Աշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.