|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ես Նիկոլ Փաշինյանն եմ, եկել եմ, ինձ ձերբակալեք»: «Մինչեւ իմ բանտից դուրս գալը մենք հաղթելու ենք»15:57 Yerevan | 11:57 GMT | Thursday 2 July 2009Արթուր Խեմչյան Երեկ ժամը 14: 30-ի սահմաններում, նախորդ տարվա մարտի 1-ից ընդհատակում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազություն: Ստեփան Շահումյանի արձանի մոտից միայնակ քայլելով Ն.Փաշինյանը հանգիստ մոտեցավ դատախազության շենքին, որի ընթացքում նրան միացան իր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արա Զաքարյանը, իսկ դատախազության շենքի մոտ սպասում էին մի քանի լրագրողներ: Մտնելով շենք` «ՀԺ» խմբագիրը ներկայացավ ոստիկանության աշխատակիցներին ու հայտարարեց. «Ես Նիկոլ Փաշինյանն եմ, եկել եմ, ինձ ձերբակալեք»: Զարմանալին ու զավեշտալին այն էր, որ շուրջ 20 րոպե Ն.Փաշինյանին չէին շտապում ձերբակալել կամ ներս հրավիրել, որի ընթացքում նա հասցրեց հարցազրույց տալ լրագրողներին, ինչպես նաեւ հեռախոսով տեղեկացնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ինքն արդեն դատախազությունում է: «Միանշանակ վստահ եմ, որ իմ քայլը դրական է եւ միանշանակ վստահ եմ, որ այս քայլը մեր պայքարին նոր շունչ է հաղորդելու: Քաղաքական գործիչը նա է, ով անհրաժեշտ պահին կարող է կայացնել դժվար որոշումներ, ինչ-որ տեղ սեփական կողմնակիցների եւ համախոհների համար ոչ այնքան հաճելի: Բայց ասեմ, որ ընդհանրապես իմ անվտանգության հետ կապված որեւէ խնդիր ես չեմ տեսնում, ես հարցին նայում եմ քաղաքական պայքարի եւ քաղաքական տրամաբանության տեսակետից», - լրագրողներին հայտնեց Ն.Փաշինյանն ու հավելեց. «Ինձ հետ որեւէ բան տեղի չի ունենալու: Ես բանտից դուրս եմ գալու, եւ մինչեւ իմ բանտից դուրս գալը մենք հաղթելու ենք: Այս պայքարը իմ կյանքի գործն է: Ես ուրիշ անելիք չունեմ»: Այնուհետեւ անդրադառնալով մարտի 1-ի զոհերին` նա ասաց. «Ուզում եմ գլուխ խոնարհել մարտի 1-ի բոլոր տասը զոհերի հարազատների առաջ, ուզում եմ դիմել բոլոր զոհերի հարազատներին, որ նրանք իմանան, որ մադասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է, եւ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ ցանկացած եւ բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ՝ առանց համաներման իրավունքի»: Այդ ընթացքում դատախազության շենք մտած մի տարեց կին տեսնելով Ն.Փաշինյանին` համբուրեց ու հորդորեց. «Նիկոլ ջան, քեզ լավ պահի»: Այնուհետեւ, Կենտրոնի ոստիկանության բաժնի երեք աշխատակիցներ, որոնց մեջ էր Սմբատ Այվազյանի գործով, այսպես կոչված, «տուժող», ոստիկանության օպերատիվ աշխատակից Կարեն Հովսեփյանը, եկան ու լրագրողին մեքենայով տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանության բաժին, քանի որ վերջինիս ի հայտ բերելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումները իրականացնելիս է եղել հենց Կենտրոնի ոստիկանությունը: Այստեղ Ն.Փաշինյանին խուզարկել են, ապա արձանագրություն է կազմվել, որ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որից հետո ձերբակալվել է: Նշենք, որ սկզբում ոստիկանները փորձել են արձանագրության մեջ նշել, որ նրան ոստիկաններն են բերման ենթարկել, սակայն փաստաբանները պնդել են եւ կարողացել են հասնել նրան, որ նման մեքենայություն տեղի չունենա: Դրանից հետո Ն.Փաշինյանը կալանավորվել է եւ տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` ԱԱԾ մեկուսարան: Ոստիկանության շենքից դուրս բերելիս Ն.Փաշինյանի համակիրներն ու շարժման ակտիվիստները, որոնց շարքում էին նաեւ նախկին քաղբանտարկյալներ, «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով ու ծափահարություններով ճանապարհեցին նրան: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նրան ոստիկանությունում շատ նորմալ են վերաբերվել, միայն ոստիկանության բաժնի պետը հետաքրքրվել է, թե որտեղ է նա գտնվել վերջին մեկ տարում, որին, իհարկե, պատասխան չի ստացել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ն.Փաշինյանի խափանման միջոցի հետ կապված ինչ-որ միջնորդություններ արվեն, նաեւ գրավի դիմաց ազատ արձակելու առումով` փաստաբանը պատասխանեց. «Ինչ որ հնարավոր է, ամեն ինչ էլ կանենք, բայց դեռ շատ վաղ է խոսել դրա մասին» Իսկ նախկին քաղբանտարկյալ, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով Ն.Փաշինյանի ինքնակամ ներկայանալու քայլը, ասաց. «Նիկոլի քայլը միայն զոհողություն չի: Դա հարգանքի արժանի եւ իր նախադեպը չունեցող մի ապացույց է, որ Հայաստանում չկան ոչ գրագետ գործող ոստիկանական ուժեր, ոչ էլ ազգային անվտանգության ծառայություն, որովհետեւ այդ մարդը խոստացավ, որ իրեն չեն կարողանալու որսան եւ ապացուցեց դա»: Իսկ ի՞նչ կտա համաժողովրդական շարժմանը Փաշինյանի կալանավորումը, հարցին էլ արձագանքեց. «Ես կարծում եմ, որ այն իմպուլսը, որ, բնականաբար, պետք է տարածվեր քաղբանտարկյալների մեծամասնության ազատ արձակելուց հետո` առնվազն կկրկնապատկվի: Ընդ որում` այդ իմպուլսը շատ ավելի մեծ կլինի, եթե Նիկոլին պահեն անազատության մեջ, որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ անազատության մեջ գտնվելը ուղղակի մեկուսացում չի հասարակությունից ու շարժումից, դա եւս պայքար է»: Նրա խոսքով` թեեւ ընդհատակից դուրս գալը Ն.Փաշինյանի անձնական որոշումն է եղել, սակայն իր կարծիքով, նման քայլի համար ժամանակը շատ ճիշտ է ընտրվել, քանի որ «ավելի նպատակահարմար ժամանակահատված թերեւս կարող էր չլինել»: Իսկ հարցին, թե արդյոք իշխանություններն այնքան խելք կունենա՞ն, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորում չկիրառեն, Դ.Մաթեւոսյանը պատասխանեց. «Բարդ հարց եք տալիս: Իշխանություններին խելքով կամ տրամաբանությամբ չեն գնահատում, գնահատում են նենգությամբ: Հիմա դժվար է ասել` կբավարարի՞, արդյոք, նենգության նվազագույն մի քանակ, որ նման որոշում չկայացնեն: Նաեւ հաշվի առնելով ԵԽԽՎ կոչը` հետախուզման մեջ գտնվողներին մինչեւ դատը չկալանավորելու վերաբերյալ, նաեւ Նիկոլի անձի նկատմամբ հասարակական ընդգրկուն հարգալից վերաբերմունքը, նաեւ այն, որ մարդը եկել է ու ասում է` արեք ինչ ուզում եք եւ փախչելու խնդիր չունի: Լուսանկարը՝ Գ. Շամշյանի |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՈ՞վ «կասի» ապագան ԿովկասիՄինչ հասարակությունն ապրում է ներքաղաքական աշնան սպասումներով` կանխատեսելով, թե ինչ է լինելու... ՔաղաքականՀատեցին շփման գիծը, որպեսզի ցույց տան, որ այն սահման չէԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, Իգոր Պոպովը` ՌԴ եւ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, երեկ հատել են... ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |