“Zhamanak” Armenian-American Political Daily

Ռուստամյանն ահաբեկված է Հաջի Բեյլիից

18:31 Yerevan | 14:31 GMT | Wednesday 1 July 2009

Մարինե Խառատյան

Ռուստամյանն ահաբեկված է Հաջի Բեյլիից
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգից վերադառնալուց հետո երեկ լրագրողներին հավատացնում էր, թե որքան կողմ է, որ համաներումը տարածվեր բոլոր քաղբանտարկյալների վրա, որքան կուզենար, որ դա այդպես լիներ, եւ վերջապես` որքան արգահատելի անփորձություն էր Զարուհի Փոստանջյանի արարքը` ադրբեջանցուն ներգրավել ազատամարտիկ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում եւ այլն:

«Գիտեք, նա ինձ էլ է դիմել, որ ստորագրեմ այդ երեք առաջարկությունների տակ: Եթե ուրիշ պատճառ չնշեմ, գոնե էն պատճառը, որ ես ինձ չեմ պատկերացնում մի թիմում, որի մեջ տիկին Հաջի Բեյլին է», - թերեւս իր պատկերացումից սարսափած հայտարարեց Ռուստամյանը` շարունակելով. «Ես կարող էի, այսպես ասած, տիկին Զարուհու թեթեւ ձեռքով հայտնվեի ինձ համար անընդունելի թիմի մեջ: Պատկերացնո՞ւմ եք` ես ստորագրեի, տաներ տար Հաջի Բեյլին ստորագրեր»: Այնուհետեւ, թերեւս, առաջարկը մերժելու իր քայլից թեթեւացած` Ռուստամյանը հավելեց, թե ընդհանրապես հընթացս չի միանում որեւէ փոփոխության, որի քննարկմանը մասնակից չի եղել:

«Ես ինքս եմ ասել, որ համաներումը պետք է տարածվի բոլորի վրա: Բոլորն էլ պետք է ազատ արձակվեին: Ինչքան երկար մնաց էս պրոցեսը, այնքան էս քննարկումները երկարեցին, եւ էնքան մեծ հարվածներ բերեցինք երկրի վրա: Հիմա արդեն լայնորեն քննարկման առարկա է դարձել ԵԽ-ում քաղբանտարկյալների խնդիրն ընդհանրապես: Հավասարության նշան է դրվում Ադրբեջան-Հայաստան», - լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Դաշնակցության ԳՄ անդամը` չմոռանալով հավելել, որ «դրան հասել են հենց ադրբեջանցիները, եւ այդ տրամաբանության մեջ իրենք կպաշտպանեն ցանկացած նման առաջարկություն»: Կարելի է մտածել` ադրբեջանցիներն են մարտի 1-ին բանտարկել ցույցի մասնակիցներին, 1.5 տարի պահել ու հիմա իրենց պատճառով է, որ ԵԽ-ում խոսում են Հայաստանի քաղբանտարկյալների մասին: Ինչ խոսք, Արմեն Ռուստամյանի` հայկական կոնյակով, յուղաներկ նկարներով Ստրասբուրգ մեկնած «կոալիցիոն գործընկերներն» ամեն ինչ արեցին, որ Հայաստանի քաղբանտարկյալների մասին ԵԽ-ում մոռանային, եւ նրանք փտեին բանտերում: Եվ այսօր Արմեն Ռուստամյանին տանջում է մեկ հարց. որ «Ժառանգության» պատգամավորը «հպարտանում է իր արածով, սպառնում է` կրկնել»:

Համաներումից ու քաղբանտարկյալներին ազատելու անհրաժեշտության մասին խոսող Դաշնակցության ներկայացուցչին հարց ուղղեցինք, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի` Ստրասբուրգում միանար քաղբանտարկյալներին ազատելու առաջարկին, որ հաջիբեյլիների կարիք չզգացվեր, հակառակ պարագայում Դաշնակցության ներկայացուցչի խոսքի ու գործի մեջ հակասություն է նկատվում: «Նախ` ես չէի բավարարում, որ ինքը 5 պատգամավոր ունենար, եթե անգամ ես ստորագրեի... Եթե ես ստորագրեի, միեւնույն է` էնտեղ Հաջի Բեյլի ազգանունը կարող էր արձանագրվել, եւ ես ինքս հիմա իմ համար հայտնվեի շատ անհարմար վիճակի մեջ, որովհետեւ ես չէի պատկերացնում Հաջի Բեյլիի հետ ինչ-որ ընդհանուր գործ անել ընդհանրապես եւ դրան ես չեմ հավատում», - կրկին Հաջի Բեյլիին հիշելով` ահաբեկվեց Ռուստամյանը: Քաղբանտարկյալների ազատ արձակման պայքարից փաստացի հրաժարված հայը նաեւ հավելեց, թե Փոստանջյանի առաջարկությունները «բովանդակային առումով նոր բան չեն ավելացրել այս փաստաթղթի մեջ»: Հարց է ծագում, թե ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը այդպես խրտնել դրանց տակ ստորագրելուց: «Այն տեքստը, որին ընթացքում... եթե որեւէ առաջարկության վրա նախապես չեմ աշխատել, իմ հետ դա չեն բարեհաճել քննարկել, սա նաեւ հարգանքի հարց է, չէ՞: Ինչի պիտի ես միանամ իր առաջարկություններին: Ես իրեն ասե՞լ եմ` իմ առաջարկությանը միանա: Ոչ: Ես ինքնուրույն իմ գործն արել եմ: Ոչ մի հայ պատգամավոր իմ առաջարկի տակ չի ստորագրել», - թերեւս ազգային միասնության ծիրին մեջ հայտարարեց Ռուստամյանը:

«Մոտեցել եմ, Արմեն Ռուստամյանն էլ է կարդացել, ասել է` ես սրա տակ չեմ ստորագրի: Ինքը հրաժարվել է, նոր ես ստիպված եմ եղել գնալ այլ ստորագրություններ որոնելու», - մեզ հետ զրույցում երեկ պարզաբանեց Զարուհի Փոստանջյանը` շարունակելով. «Դե եթե հիմա այդքան «պետք է» ասում, թող այդ նախաձեռնությունն ինքն աներ, ինչո՞ւ չի արել: Ես իրեն մոտեցել, ասել եմ` մնացած քաղբանտարկյալների, Սասուն Միքայելյանի համար է, չե՞ք ստորագրում, ասել է` ոչ, ես ձեր նախաձեռնության տակ չեմ ստորագրելու: Ինքը նույնիսկ կարող էր ինձ օգնել, որ այդ առաջարկին միանային այլ մարդիկ: Կամ ինքը նաեւ կարող էր նախաձեռնել: Ինքը նույնիսկ դա չի էլ արել: Այսինքն` չի ցանկացել: Այնպես որ, թող պատճառներ չներկայացնի, եթե իսկապես կողմ էր, որ ազատ արձակվեն մնացած քաղբանտարկյալները, կարող էր իր առաջարկության տակ ստորագրածներին ասել` այս նախաձեռնության տակ էլ ստորագրեին»:

Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ իր առաջարկները մասամբ ներառվել են բանաձեւում:

Վերլուծական
Ո՞վ «կասի» ապագան Կովկասի

Ո՞վ «կասի» ապագան Կովկասի

Մինչ հասարակությունն ապրում է ներքաղաքական աշնան սպասումներով` կանխատեսելով, թե ինչ է լինելու...

Քաղաքական
Հատեցին շփման գիծը, որպեսզի ցույց տան, որ այն սահման չէ

Հատեցին շփման գիծը, որպեսզի ցույց տան, որ այն սահման չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, Իգոր Պոպովը` ՌԴ եւ Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, երեկ հատել են...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.