|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Քառակուսի» մտածելակերպով «հայրենասերներն» ու Զ.Փոստանջյանը16:12 Yerevan | 12:12 GMT | Friday 26 June 2009Արթուր Խեմչյան Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին ընդունված թվով 4-րդ 1677 բանաձեւում նշվել է, որ նախորդ երեք բանաձեւերում արտացոլված պահանջներն ու առաջարկներն «ամբողջությամբ մնում են ուժի մեջ», եւ որ մոնիտորինգի կոմիտեն հետեւելու է այդ բանաձեւերի պահանջների կատարման ընթացքին: Բանաձեւում ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում հայտարարված համաներումը, սակայն նշելով, որ դրա արդյունքում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ մեղադրվող կամ դատապարտված ոչ բոլոր անձինք են հայտնվելու ազատության մեջ, վստահեցնում է, որ հետեւելու է համաներման շրջանակից դուրս մնացած գործերի հետ կապված հետագա զարգացումներին: Մասնավորապես` Վեհաժողովը կոչ է անում դատավարության ընթացքում ազատությունից չզրկել այն անձանց, ովքեր ներկայումս հետախուզման մեջ են, սակայն կներկայանան Հայաստանի իշխանություններին մինչեւ այս տարվա հուլիսի 31-ը: ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ ԱԺ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225¨300 հոդվածներում իրականացված փոփոխությունները, որոնք ընդհանուր առմամբ հավանության են արժանացել Վենետիկի կոմիտեի կողմից, նաեւ նշել, որ տվյալ փոփոխությունները չեն ազդել մարտի 1-ի դեպքերով հարուցված մի շարք գործերի վրա, որոնց դեպքում մարդիկ ձերբակալվել են առանց հիմնավոր ապացույցների, ոստիկանական ցուցմունքների հիման վրա, ինչը մտահոգում է Վեհաժողովին: Անդրադառնալով մարտի 1-2-ի դեպքերի հետաքննությանը` ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում Փաստահավաք խմբի գործունեության դադարեցման կապակցությամբ եւ կոչ է անում Խմբի նախկին անդամներին իրենց եզրակացությունները ներկայացնել «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին, որի եզրափակիչ զեկույցը ցույց կտա, թե արդյո՞ք դրսեւորվել է անկողմնակալ եւ վստահություն ներշնչող վերաբերմունք եւ արդյոք հարկավո՞ր է հետագա քննություն: Վեհաժողովը նաեւ լուրջ մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությունը գլխավոր դատախազի կողմից առայժմ որեւէ կոնկրետ արդյունքի չի հանգեցրել եւ «էական է համարում, որպեսզի այդ հետաքննությունը ավարտին հասցվի առանց հետագա ձգձգումների»: Այնուհետեւ անդրադառնալով մեդիա ոլորտին` ԵԽԽՎ-ն, մասնավորապես, եւս մեկ անգամ կարեւորել է հեռուստատեսային հաճախականություն տրամադրելու համար անկախ եւ թափանցիկ տենդերի անցկացումը եւ ընդգծել, որ Հայաստանում թվային հեռարձակման համակարգի ներդրումը չպիտի օգտագործվի որպես պատրվակ «Ա1+»-ի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար: Ի դեպ, «Ա1+»-ին վերաբերող կետը բանաձեւից հանելու ՀՀ պատվիրակության առաջարկը չի ընդունվել: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին` Վեհաժողովը նշել է, որ գրանցվել են խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ եւ որ ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը ցածր մակարդակի վրա է: Ի դեպ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի կողմից Վեհաժողովին ուղղված առաջարկների ներքո, որոնցից մեկը վերաբերել է համաներումից հետո անազատության մեջ մնացած քաղբանտարկյալներին, այդ թվում ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանին ազատ արձակելու համար այլ իրավական միջոցներ կիրառելուն, ստորագրել են նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ Գյուլթաքին Հաջիեւան եւ Թուրքիայի պատվիրակ Էրոլ Ասլան Ցեբեցին, եւ սա առաջին նման դեպքն է: Այս առնչությամբ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամներն ու «պատասխանատու» լրատվամիջոցները բառիս բուն իմաստով վայնասուն են բարձրացրել` Զարուհի Փոստանջյանին մեղադրելով թշնամու հետ համագործակցելու, ընդհուպ մինչեւ ազգային դավաճանության մեջ: Ինքը Զ.Փոստանջյանը կարծում է, որ իր համար կարեւորը եղել է այն, որպեսզի անազատության մեջ գտնվող մարդիկ կարողանան դուրս գալ մեկուսարաններից եւ անգամ ոգեւորվել է, որ արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկի ազատ արձակման համար ստորագրել է նաեւ ադրբեջանցի պատգամավորը: Իհարկե, մեր կաղապարված ու «քառակուսիներով» մտածող իշխանամետ գործիչների համար, եթե հայ պատվիրակի առաջարկի տակ ստորագրում է ադրբեջանցին, ուրեմն այդ հայը դավաճան է: Ի դեպ, նույնկերպ, Ադրբեջանում կարող են մտածել, որ եթե իրենց պատվիրակը ստորագրել է հայի առաջարկի ներքո, ուրեմն իրենց պատվիրակն է դավաճան: Այս տեսանկյունից մեր ու Ադրբեջանի իշխանամետ գործիչների միջեւ կարծես տարբերություն չկա էլ: Խնդիրն այստեղ բոլորովին այլ է: Փաստորեն Զարուհի Փոստանջյանին հաջողվել է հասնել նրան, որ ադրբեջանցի պատվիրակը ստորագրել է մի փաստաթղթի ներքո, որով ազատություն է պահանջվում Ղարաբաղի, ասել է թե` ընդդեմ Ադրբեջանի պատերազմին մասնակցած մարդկանց համար: Ու դրանից հետո հարց է, թե ինչպե՞ս են այդ ադրբեջանցի պատվիրակին ընդունելու սեփական երկրում: Ամենայն հավանականությամբ, այդ պատվիրակը կամ նույն «քառակուսի» ուղեղն է ունեցել ու մտածել է, որ եթե ՀՀ ընդդիմադիր գործչի առաջարկի տակ է ստորագրում, ուրեմն դա ՀՀ իշխանությունների դեմ է, կամ էլ անկեղծորեն կարծել է, որ հարեւան երկրում քաղբանտարկյալների ազատումը կարող է նպաստել, որպեսզի իր երկրում եւս քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Մեզ մնում է միայն հռետորական հարց ուղղել Զ.Փոստանջյանին ազգի դավաճան համարողներին ու նրանց հավատացողներին. ո՞վ է երկրի դավաճանը` Զ.Փոստանջյա՞նը, ով այնքան է նվիրված իր քաղբանտարկյալ ընկերներին օր առաջ դրսում տեսնելու ցանկությանը, որ պատրաստ է անգամ սատանայի հետ համագործակցել (ընդ որում` համոզելով նրան Հայաստանում հերոս համարվող մարդու ազատության համար ստորագրել), թե՞ այն մարդիկ, ում ջանքերով Հայաստանում ազգի հերոս համարվող ազատամարտիկները հայտնվել են բանտերում, ում ջանքերով Հայաստանում փակվել է միակ ազատ «Ա1+» հեռուստաընկերությունը, ում ջանքերով Հայաստանում 10 անմեղ մարդ է զոհվել: Զ.Փոստանջյանն իր այս քայլով ոչ միայն ազնիվ է գտնվել իր երկրի հանդեպ, այլ նաեւ կոտրել է այն կարծրատիպը, թե չի կարելի համագործակցել հակառակորդի հետ, եթե անգամ դա քեզ ձեռնտու է: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԵթե թողնեն բանալինՈր Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում... ՔաղաքականՓաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինիՓաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա: ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |