“Zhamanak” Armenian-American Political Daily

Մտահոգիչ սպասումներ

13:04 Yerevan | 9:04 GMT | Tuesday 21 April 2009

Մտահոգիչ սպասումներ
Երեկ Երեւանում համատեղ ուսումնական վարժանք են անցկացրել Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության հատուկ զորամիավորումները:

Մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունից միջոցառմանը մասնակցել է ոստիկանության հատուկ նշանակության «Լուսան» ջոկատը: Այդ ջոկատը համարվում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության զորքերի էլիտան եւ հանդիսանում է նախարարի ռեզերվը: Հետեւաբար, այն, որ հենց այդ ջոկատն է Հայաստանում մասնակցել համատեղ վարժանքին` վկայում է, որ խնդիրը ոչ միայն ուսումնական հերթական միջոցառումն է, այլ` որ այդ միջոցառմանը տրվել է կարեւոր նշանակություն, եթե Հայաստան է գործուղվել Ռուսաստանի հատուկ նշանակության ներքին զորքերի էլիտար ստորաբաժանումը: Հետեւաբար, ի՞նչ եզրակացություն կարելի է անել այս ամենից: Բանն այն է, որ «Լուսան» ջոկատը պայքարում է թե ներքին հանցավոր խմբերի, թե ահաբեկիչների դեմ, ինչը նշանակում է, որ կամ Հայաստանն ու Ռուսաստանը Հայաստանում կանխատեսում են լուրջ ահաբեկչություններ, կամ էլ հանցավոր խմբերի լուրջ գործունեություն: Սակայն երեւի թե խնդիրը ոչ մեկն է ու ոչ էլ մյուսը, այլ տնտեսական ճգնաժամն ու դրա առաջացրած սոցիալական դժգոհության վտանգները: Այդ վտանգները Ռուսաստանում արդեն իսկ լոկալ դրսեւորումներ ունեցել են մի քանի քաղաքներում, ուր կարիք եղավ հենց հատուկ ջոկատայինների միջամտության: Այսինքն` տվյալ պարագայում միգուցե իշխանությունների համար այլեւս վտանգ է ամբողջ հասարակությունը, այսինքն` ամբողջ հասարակությունն է պոտենցիալ ահաբեկիչ կամ հանցագործ դիտվում:

Հայաստանում վտանգը դեռեւս տեսական է, եւ իշխանությունը, թերեւս, այդ տեսական վտանգի գործնականացումը կանխելու համար էլ օգնության է կանչում Ռուսաստանի հատուկ ջոկատային էլիտար ստորաբաժանմանը, որի մարտիկներն, ի դեպ, մարտական մկրտություն են ստացել նաեւ չեչենական պատերազմի ժամանակ: Այսինքն` նմանօրինակ մասնակցությամբ զորավարժությունները վկայում են, որ Հայաստանի իշխանությունն ունի իսկապես լուրջ անհանգստություն, իսկ Ռուսաստանի իշխանությունն էլ այդ անհանգստությունը համարել է հիմնավոր, եթե էլիտար ստորաբաժանմանը գործուղել է Երեւան ուսումնական վարժանքների: Համենայնդեպս, սովորաբար ռուսները նման դեպքերում Երեւան են գալիս միայն գործնական առիթներով, ինչպես որ «Ալֆա» ջոկատն էր Երեւան ժամանել 99-ի հոկտեմբերի 27-ին: Դժվար է ասել` միայն տնտեսական ճգնաժա՞մն է Հայաստանի իշխանություններին մղել նմանօրինակ ներկայացուցչական զորավարժություններ կազմակերպելուն, թե՞ դեր են կատարում նաեւ քաղաքապետի ընտրությունները կամ նաեւ արտաքին զարգացումներ: Չի բացառվում նույնիսկ, որ ուսումնական նման վարժանքի նախաձեռնությունը ամենեւին էլ Հայաստանի իշխանություններինը չէ, այլ ռուսներինը: Ամեն դեպքում ակնհայտ է, որ այս վարժանքը խոսում է բավական մտահոգիչ սպասումների մասին, որ ունեն իշխանությունները: Սակայն այն ինքնին վկայում է, որ մտահոգվելու տեղ ունի նաեւ հասարակությունը, քանի որ եթե իշխանությունները զբաղվում են բազկի վարժանքներով, կնշանակի` մտքի վարժանքները նրանց համար շարունակում են դեռեւս խորթ մնալ, այդ թվում եւ տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում:

Վերլուծական
Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն...

Քաղաքական
Մնաց իր արձանը բացի

Մնաց իր արձանը բացի

Վերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.