|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Չարենցը՝ սիրո մեջ, մենք՝ Չարենցին սիրելիս...9:58 Yerevan | 5:58 GMT | Thursday 19 March 2009Մարինա Բաղդագյուլյան 1937 թվականի հուլիսին Չարենցին ձերբակալեցին: Չորս ամիս անց սպանվեց ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի կողմից: Այն ընթացքում, երբ Չարենցը բանտում է եղել, կնոջը ձերբակալել են, ընտանիքին վտարել բնակարանից: Թղթապանակները տնից տեղափոխելիս այնտեղ է եղել Գեւորգ Էմինը, ով հասցրել է վերցնել Չարենցի մի շարք գործեր: Պատահաբար Էմինի ձեռքն անցած չարենցյան վիթխարի ժառանգությունն անցնում է Գեւորգ Էմինի որդուն՝ Արտաշես Էմինին: Ա.Էմինը որոշում է ժառանգությունը փոխանցել ոչ թե Չարենցի ժառանգներին՝ դուստրերին, կամ՝ Գրականության եւ արվեստի թանգարանին, այլ՝ վաճառել, քանի որ, ինչպես ինքն է ասել, նյութական ծանր կացության մեջ էր: Ու վաճառում է ոչ թե թանգարանին կամ՝ Չարենցի ժառանգներին, այլ՝ Աշոտ Շաբոյան անունով մեկին: Վերջինս էլ անցյալ տարի սեպտեմբերի 10-ին Գրականության եւ արվեստի թանգարանին է վաճառում Չարենցի ձեռագրերից 275 էջ. հավանաբար՝ ավելի թանկ, քան գնել էր: Ամբողջ ձեռագրերը վաճառելու համար Ա.Շաբոյանը պահանջել է 8 մլն դրամ: Ու քանի որ պետությունը այդքան գումար չի ունեցել՝ բոլորը գնելու համար, գնվել է գործերի 70 տոկոսը: Գումարը կլինի՝ 30 տոկոսն էլ կգնեն: Մինչ վաճառքը՝ Չարենցի անտիպ ժառանգությունը պատճենահանած տալիս է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ազգությամբ հրեա Ջեյմս Ռասելին, ով դեռ երեխա ժամանակ եղել էր ԽՍՀՄ-ում, հետաքրքրվել Հայաստանով: Բարձր դասարաններում հայերեն է սովորել, ավելի ուշ՝ գիտական թեզեր պաշտպանել Թլկուրանցու, Հայաստանում զրադաշտականության թեմաներով: Գործունեությունը շարունակել է էպիկական ժանրի ստեղծագործությունների, արդի եւ միջնադարյան պոեզիայի, «Նարեկ»-ի ուսումնասիրության ոլորտում: Հայտնի չէ՝ Արտաշես Էմինը Ռասելին վաճառե՞լ, թե՞ նվիրաբերել է Չարենցի անտիպների պատճենահանումը: Բայց՝ անտիպ էջերում տեղ գտած սեռական բնույթի բանաստեղծություններից Ջեյմս Ռասելը եզրակացրել է, որ Չարենցը միասեռական է եղել: «Այս բանաստեղծությունների մեծ մասն իր բնույթով շատ էրոտիկ է: Դրանցից մեկը, որը ներկայացվում է ընթերցողին, ըստ էության՝ միասեռականի զգացողությունների վառ նկարագիր է: Չարենցը խորապես էմոցիոնալ, կրքոտ անձնավորություն էր. այն դեպքերում, երբ նրա տպագրված երկերում հայտնվում են սիրո եւ սեքսի թեմաներ, դրանք գրեթե միշտ հետերոսեքսուալ բնույթի են: Բանաստեղծը երկու անգամ է ամուսնացած եղել, խենթի պես սիրել է առաջին կնոջը՝ Արփենիկին, որի վաղաժամ մահը գրեթե հոգեխանգարմունքի է հասցրել նրան: Ինձ հայտնի չեն փաստեր այն մասին, թե երբ է Չարենցը հայտնաբերել իր բիսեքսուալությունը կամ դա ինչ հետեւանքներ է ունեցել: Սակայն առկա տեղեկությունները վկայում են այն մասին, որ հոմոէրոտիզմը բանաստեղծի երկերում հայտնվում է նրա կյանքի միայն վերջին երկու տարիներին»: «...Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե Մի տրփուհի աստվածածին կրքերն Չարժե սիրած մի պատանու մանկատես Բարով մարմինն, աստվածային ու գերիչ»... Չարենց («Ինքնագիր» հանդես, 8-րդ համարից): Ի դեպ, Էմինին փոխանցված արխիվային նյութերում պահպանվել է բանաստեղծի հետեւյալ գրությունը. ԱԶԴ! Եթե որեւէ բերումով սույն գրություններն ընկնեն հասկացող մեկի ձեռն՝ պահել խնամքով եւ միայն իմ մահից հետո հանձնել մեր թանգարանին: Ոչ մի դեպքում չոչնչացնել: Լավ է հանձնել ուր լինի անգամ իմ կյանքի օրով, իմանալով, որ սրանք ինձ կկորցնեն - քան ոչնչացնել: Փաստորեն, Չարենցի եւ ոչ մի պահանջ-ցանկությունը չի կատարվել՝ հասկացող մարդու ձեռքն ընկնելու, մահից հետո թանգարանին հանձնելու հետ կապված: Այնուամենայնիվ, Չարենցի անտիպները եւ Ռասելի վերլուծությունները տպագրվել են «Ինքնագիր» հանդեսում: «Չարենցի յուրաքանչյուր տող պետք է տպագրվի՝ ինչ էլ որ գրած լինի, եւ ինչ ձեւով էլ որ գրած լինի», - ասում է չարենցագետ Դավիթ Գասպարյանը: Բայց՝ գրականագետը զայրանում է ոչ պրոֆեսիոնալ կարծիքներից ու եզրակացություններից: Այլ բան է տպագրելը, այլ բան՝ մեկնաբանելը: «Կար շրջան, երբ նա միայն «Կարմիր» Չարենց էր ներկայացվում: Եկավ ողբերգական Չարենցի շրջանը, երբ բացահայտվեց նրա անձնական, մարդկային ու ստեղծագործական ողբերգությունը: Ու ոչ թե Չարենցին պետք է հարմարեցնենք մեզ, այլ՝ պետք է գնալ դեպի Չարենցը»: Չարենցի վերջին շրջանի գործերի մեկնաբանությունները այլ դիրքերից է մեկնաբանում արվեստաբան Արման Գրիգորյանը, ով «Ինքնագիր» ակումբի անդամ է. «Ինչ-որ խնդիր կա 30-ականների արվեստի հետ կապված, եւ Չարենցին գովելով՝ կարծես ուզում ենք ինչ-որ բան թաքցնել»: Նա կոչ է անում վերջ դնել Չարենցի շուրջ ձեւավորված պաշտամունքին ու դիտարկել նրան որպես պոետ, ոչ թե՝ կոթող: Իհարկե, արվեստաբան Արման Գրիգորյանը կարող է հիացած լինել Չարենցով կամ՝ բնավ ոչ: Ինչպես մարդը կարող է ասել, որ ինքը չի հավատում Աստծուն: Բայց՝ ամենամեծ ֆիզիկոսները իրենց ամենահանճարեղ հայտնագործումից հետո դառնում են ամենախոր հավատացյալը: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԿոտրած տաշտակի ճանապարհինԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը առաջին... ՔաղաքականՈ՞ւմ համար է բնակարան գնելու Սեյրան ՕհանյանըԿառավարությունը գնում է բացառիկ քայլի ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |