“Zhamanak” Armenian-American Political Daily

«Շվեդական մոդելի» էությունը

14:54 Yerevan | 10:54 GMT | Friday 21 November 2008

Արմեն Գրիգորյան

Հայտնի է, որ Արեմտյան Եվրոպայում զանազան սոցիալական ծրագրերը վերջին տասնամյակների ընթացքում խոշոր հարկային բեռի են հանգեցրել:

Դրա բացասական հետեւանքները շատ են. դանդաղ տնտեսական աճ, բնակչության միջին տարիքի բարձրացմանը զուգահեռ աշխատունակ բնակչության համար հարկային բեռի առավել ծանրացում (աշխատունակների եւ թոշակառուների միջեւ հարաբերակցության փոփոխման պատճառով), գործազրկություն, որի մակարդակը ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասում գերազանցում է ամերիկյանը: Բացի այդ, ուռճացված սոցիալական ծրագրերի հետեւանքով շատերը կորցնում են աշխատելու մոտիվացիան: Չնայած դրան, վերջին տարիներին որոշ երկրներում շարունակվում է առկա խնդիրների լուծումը հետաձգելու, երբեմն ավելին` դրանք խորացնելու միտումը: Օրինակ` Ֆրանսիայում 3 տարի առաջ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո նախընտրելի համարվեց ավելացնել վճարվող նպաստները:

Այս առումով բավական հետաքրքիր է Շվեդիայի փորձը: «Շվեդական մոդելը» վաղուց ֆետիշացվել է` մեծապես եվրոպական եւ ամերիկյան ձախ մտավորականների ջանքերով: Կարելի է նշել, որ նրանցից շատերն իրական պատկերացում չունեն դրա էության մասին. նրանց, պարզապես, դուր է գալիս եկամուտների վերաբաշխումը` «սոցիալական արդարության» անվան տակ: Ինչ վերաբերում է Հայաստանին` կարելի է հիշել, որ 90-ականների սկզբին` պատերազմական վիճակում, շրջափակման մեջ գտնվող երկրի իշխանությանը վարկաբեկելու նպատակով «շվեդական սոցիալիզմ» էր քարոզում մի գործիչ, որը հետագայում դառնալու էր Ռ.Քոչարյանի խորհրդական, իսկ այժմ վերջապես հայտնվել է օգտագործված ու դեն նետվածների շարքում:

Իրականում անցած դարի 50- եւ 60-ականներին Շվեդիայի բուռն տնտեսական վերելքը եւ աննախադեպ հարստության կուտակումը հնարավոր էր դարձել ազատական տնտեսական մոդելի կիրառման շնորհիվ. դա մի ժամանակաշրջան էր, երբ հարկերն ավելի ցածր էին, քան նույնիսկ ԱՄՆ-ում: Համաշխարհային համբավ ունեցող հիսուն ամենախոշոր շվեդական ընկերությունները զարգացել են հենց այդ տարիներին: Սակայն արդեն 70-ականներին կատարվեց անցումը դեպի բարձր հարկերի վրա հիմնված սոցիալական մոդելի: Մտցվեցին աշխարհում ամենաբարձր հարկային տոկոսադրույքները (եկամտահարկը կարող էր կազմել շուրջ 80%), պետության միջամտությունը տնտեսական գործընթացներին կտրուկ ավելացավ: Տնտեսական աճը 1970-90թթ. ժամանակահատվածում ամենացածրն էր` Արեւմուտքի այլ երկրների համեմատ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Շվեդիան աշխարհում 4-րդ տեղից հասավ 14-րդ տեղը: Ի դեպ. չնայած առողջապահության զարգացած ոլորտի գոյությանը եւ կյանքի միջին տեւողության ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենալուն` Շվեդիայում չափազանց մեծ էր հիվանդության պատճառով աշխատանքի դուրս չեկողների քանակը` այլ եվրոպական երկրների համեմատ: Պատճառն այն էր, որ ժամանակավոր անաշխատունակության դեպքում վճարվում էր աշխատավարձի 80%-ը, իսկ վերահսկողությունը թույլ էր. արդյունքում շատերն օգտվում էին դրանից եւ մնում տանը` աշխատելը նվազ ձեռնտու էր:

Ի վերջո, 1992թ. ճգնաժամը դարձավ բացահայտ, փողը մոտավորապես կիսով չափ արժեզրկվեց: Դա ստիպեց կրկին հիշել ազատական մոտեցումների մասին: Ազատականացվեց գյուղատնտեսական ապրանքների շուկան` բոլոր տեսակի սուբսիդիաների վերացմամբ (1995թ. ԵՄ-ին միանալիս, սակայն, «միասնական ագրարային քաղաքականությունն» ընդունելը պարտադիր պայման էր` ինչը կրկին հանգեցրեց գյուղատնտեսական ոլորտում պետության դերի ուժեղացմանը): 1996թ. ազատականացվեց էներգետիկ ոլորտը, իսկ կապի եւ տրանսպորտի ոլորտները մասնակիորեն սեփականաշնորհվեցին: Կրթության եւ բուժսպասարկման ոլորտներում ընդլայնվեցին ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունները: Այժմ Շվեդիայում ազատականացված է բանկային ծառայությունների շուկան, գոյություն չունի նվազագույն աշխատավարձ սահմանող օրենք, իսկ ձեռնարկություններից գանձվող շահութահարկը կազմում է 28%: Դեռեւս պահպանվում են եկամտահարկի եւ ԱԱՀ-ի բարձր տոկոսադրույքներ. եկամտահարկը հասնում է մինչեւ 60%, իսկ ԱԱՀ-ն կազմում է 25%` ապրանքների եւ ծառայությունների մեծ մասի համար: Հարկերի նվազեցմանը զուգընթաց բյուջեի որոշ ծախսեր կրճատվում են. այսպես, բարձրագույն կրթությունն առայժմ անվճար է` նույնիսկ օտարերկրացիների համար, սակայն 2010թ.-ից նախատեսված է գործող կարգի փոփոխություն: Բացի այդ, Շվեդիան մեկն է այն սակավաթիվ արեւմտաեվրոպական երկրներից, որոնք 2004թ. սկսած չեն սահմանափակում ԵՄ-ին անդամակցած նախկին սոցիալիստական երկրներից աշխատուժի ազատ տեղաշարժը:

Չնայած առայժմ պահպանվող մեծ հարկային բեռին` Շվեդիան, այնուամենայնիվ, հրապուրիչ երկիր է ներդրողների համար. դրանում մեծ դեր է խաղում թե վերջին տարիներին կատարվող ազատականացումը, թե օրենքի գերիշխանությունը եւ կոռուպցիայի ցածր մակարդակը («Transparency International»-ի գնահատմամբ` Շվեդիան ամենաքիչ կոռումպացված երկրների եռյակի մեջ է մտնում` Դանիայի եւ Նոր Զելանդիայի հետ միասին): Այստեղ պարզապես անհնար է չնշել, որ «շվեդական սոցիալիզմ» ներդնելու փորձեր այլ երկրներում չպետք է կատարվեն` ոչ միայն դրա հենց շվեդների կողմից ապացուցված անարդյունավետության եւ ազատականության առավելությունների պատճառով: Այլ մշակութային արժեքների առկայության պայմաններում սոցիալական մոդելը պարզապես աղետալի կարող է լինել. մի կողմից` իշխանության հետ ընդհանուր լեզու գտնելու ունակները կխուսափեն հարկեր վճարելուց (ինչը կատարվում է Հայաստանում` անգամ համեմատաբար ցածր հարկերի դեպքում), իսկ մյուս կողմից` առկա միջոցների մեծ մասը պետական պաշտոնյաների եւ սոցիալական ծառայությունների աշխատակիցների կողմից կյուրացվի (ինչը կատարվում է Հայաստանում` անգամ փոքրաքանակ սոցիալական ծրագրերի գոյության եւ համեմատաբար համեստ գումարների առկայության դեպքում):

Մշակույթների եւ մտածելակերպի տարբերություններին առաջիկայում դեռ կանդրադառնանք:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.