|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար12:00 Yerevan | 8:00 GMT | Thursday 20 November 2008Ծովինար Նազարյան Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր տեղափոխվել իր վրա կատարված հարձակման հետեւանքով: Սերժ Սարգսյանն արդեն կարգադրել է շտապ բացահայտել հանցագործությունը: Բայց լրագրողների նկատմամբ իշխանության վերաբերմունքը ոչ միայն չի բարելավվել, այլեւ` վատթարացել է: Դրա վկայությունը հենց Է.Բաղդասարյանի հիվանդասենյակում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աստղիկ Բեդեւյանի հետ վարչապետի երկխոսությունն էր: Հիշեցնենք, որ դեռեւս նորանշանակ Տիգրան Սարգսյանը խոստացել էր արձագանքել մամուլի հրապարակումներին: Նույնիսկ մի ծառայական քննություն նշանակեց, որի արդյունքում խոստացածը չարեց` ոչ հրապարակման հերոսին պատասխանատվության ենթարկեց, ոչ հեղինակին: Դրանից հետո նա հայտարարեց, թե «դեղին, անպատասխանատու մամուլի» հրապարակումներին չի անդրադառնալու, ինչն, անշուշտ, բխում էր ազատ մամուլի հակառակորդների շահերից: Եվ ահա, հիվանդանոց այցելած վարչապետին «Ազատության» թղթակիցը հարցադրում էր արել, թե նրա նման որակումները ի՞նչ հետեւանքների կարող են հանգեցնել, ինչին վարչապետը արձագանքել էր, թե դա «դուք եք արել` ձեր անպատասխանատու հայտարարություններով»: «Օրինա՞կ», - պահանջել էր լրագրողը: Պատասխան չունենալով` վարչապետը նետել էր. «Օրինակ` չեք թողնում մարդու հետ խոսեմ»: Նրա ցուցումով լրագրողներին դուրս էին հրավիրել հիվանդասենյակից, նա մի 10 րոպե զրուցել էր Է.Բաղդասարյանի հետ, իսկ հետո հեռացել` թույլ չտալով, որ «Ազատությունը» երկրորդի իր հարցը, եւ չպարզաբանելով, թե ո՞ւմ նկատի ունի` «դուք» ասելով: Այս երկխոսությունը Աստղիկ Բեդեւյանը թողարկել է ռադիոեթերով, բայց թողարկել է նաեւ «Հայլուրը»` կադրում պահելով երկխոսության երկու կողմերին էլ: Այսքանից հետո ստիպված ենք արձանագրել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը անձնական պատասխանատվություն է կրում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աստղիկ Բեդեւյանի անձնական անվտանգության համար: Վարչապետը, կամա թե ակամա, միտումնավոր թե պատահաբար, մատնացույց է արել ազատ մամուլի հերթական ներկայացուցչին, եւ եթե նրա նկատմամբ որեւէ հարձակում տեղի ունենա, դրա մեղավորն ու պատասխանատուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ուստի, եթե նա չի ուզում, որ իր անունը կապվի Հայաստանում լրագրողի վրա հարձակման հերթական դեպքի հետ, ստիպված է Աստղիկ Բեդեւյանին ապահովել անվտանգության միջոցներով եւ անձնական թիկնազորով: Նկատենք, որ սրանում պատասխանատվության բաժին ունի նաեւ «Հայլուրը», որը հավանական հարձակվողների համար տիրաժավորել է վարչապետի մեղադրանքը` բավական չէ, նաեւ ցուցադրել է «մեղադրվողի» դեմքը: Տարօրինակն այն է, որ վարչապետը չի տիրապետել իրեն` լրագրողների նկատմամբ սրտացավության կեղծ ժեստն անելիս, գոնե չհարձակվեր մյուս լրագրողների վրա: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |