|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը11:57 Yerevan | 7:57 GMT | Thursday 20 November 2008Արամ Ամատունի Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտեց Սերժ Սարգսյանն ու արդեն ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը, իրականում իշխանության հերթական քարոզչական մի հնարքն է, որը այլ նպատակ, անկասկած, չունի: Խնդիրը նախ դիտարկենք զուտ թվաբանական հարթության վրա: Ի՞նչ է նշանակում կուսակցություն: Կուսակցությունն այն է, որ ընդգրկում է որոշակի գաղափարների եւ մոտեցումների ընդհանրություն ունեցող մարդկանց, որոնք էլ, իրենց հերթին, ներկայացնում են հանրային որեւէ շերտ: Այսինքն` միայն գաղափարի եւ մոտեցումների ընդհանրություն ունենալը դեռ բավարար չէ կուսակցություն կոչվելու եւ կուսակցական առաքելություն իրականացնելու համար: Անհրաժեշտ է, որ տվյալ համախումբը ներկայացնի նաեւ հանրային կոնկրետ շերտ կամ խավ: Իսկ ո՞րն է այդ չափանիշը պարզելու լավագույն տարբերակը: Դե իհարկե` ընտրությունը: Ընտրությամբ է պարզ դառնում, թե որ կուսակցությունն ինչ խավ կամ շերտ է ներկայացնում, ովքեր են կուսակցությանը ձայն տալիս, ինչ հեղինակություն ունի այն եւ այլ` այդ կարգի չափանիշներ: Հայաստանում, իհարկե, ամեն ինչ այլ է: Հայաստանում շատ դժվար է ընտրությամբ որոշել կուսակցության ազդեցիկությունը, հեղինակությունը, ընկալելիությունը: Անգամ այն պարագայում, երբ համոզված ես, որ իշխանությունը խլել է ընդդիմության հաղթանակը, կրկին դժվար է ասել, թե հատկապես քանի՞ տոկոսով էր ընդդիմությունը հաղթել, այսինքն` քանի՞ տոկոս ձայն էր ստացել` 60, 70, թե՞ 80, կամ` հատկապես հանրային ո՞ր խավն է ձայն տվել ընդդիմությանն ավելի շատ: Սոցիոլոգիական հարցումների ինստիտուտն էլ Հայաստանում աղավաղված է այն աստիճան, որ դժվար է անգամ սեփական հարցման իսկությանը հավատալ` այն պարզ պատճառով, որ մարդիկ, այսինքն` հարցվողներն արդեն իսկ չեն վստահում որեւէ հարցնողի, եւ չկա երաշխիք, որ նրանք, անվստահությունից դրդված, չեն որոշի խաբել իրենց պատասխանով: Ինչ իմանաս, թե հարցնողն ով է, միգուցե ԿԳԲ-ական է, եւ մի փոքր ոչ նպատակահարմար պատասխանը կարող է փոխել կյանքիդ ընթացքը, եւ պարզվի, որ ասենք` դու էլ ես պետական հեղաշրջման փորձ արել: Հետեւաբար, Հայաստանում մեծ անորոշություն է, թե ի վերջո որ կուսակցությունն իրականում հանրային ի՞նչ ընկալում, ի՞նչ ընդունելություն, ի՞նչ սոցիալական բազա ունի: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու Ս.Սարգսյանն իր կազմակերպելիք կուսակցական քննարկումով, եթե հայտնի չէ, թե որ կուսակցությունն ո՞ւմ կամ ի՞նչ է ներկայացնում, կամ առավելապես անհայտ է, թե որ կուսակցությունն ի՞նչ է ներկայացնում: Այո, անգամ` ընդդիմության պարագայում: Բանն այն է, որ օրինակ վերջին համապետական ընտրությանը` նախագահի ընտրությանը, նույն ընդդիմությունը ներկայացել էր ոչ թե որպես կուսակցություն, այլ` որպես կուսակցությունների մի համախումբ, որը Շարժում էր ձեւավորել Լեւոն Տեր-Պետրոսյանի լիդերությամբ: Թե այդ Շարժման մեջ որ կուսակցությունն ի՞նչ վարկանիշ ուներ եւ ի՞նչ վարկանիշ էր ապահովում Շարժման համար` բավական դժվար է ասել, առավել եւս` որ կարծես թե դա որեւէ մեկին չէր էլ հետաքրքրում, քանի որ այդ բանը պարզելու խնդիր էլ դրված չէր: Կար ընդհանուր մոտեցում, կար նպատակ, կար հանրային անվերապահ աջակցություն, կար ակնհայտ եւ անքննարկելի լիդեր, մնացյալն արդեն երկրորդական էր, թե ում կշիռն ինչքան է: Իշխանական ճամբարի կամ իշխանամերձ կուսակցությունների մասին խոսելն ընդհանրապես երեւի թե ավելորդ է: Օրինակ` ինչ իմանաս, թե ի՞նչ աջակցություն է վայելում կամ ի՞նչ հանրային խավ է ներկայացնում, ասենք, «Բարգավաճ Հայաստանը», եթե հայտարարում է 400 հազար անդամի մասին, բայց խորհրդարանի ընտրությանը ստանում է 200 հազար ձայն: Կամ ո՞ւմ է ներկայացնում Դաշնակցությունը, եթե խոսում է «ոչ մի թիզ հողի» մասին, բայց արդարացնում է ոչ միայն թիզերի, այլ ամբողջ շրջանների մասին իշխանության վարած բանակցությունը: Արդարացնում է թեկուզ հենց միայն նրանով, որ բաց չի թողնում նույն այդ իշխանության փեշը եւ չի դառնում, ասենք, ընդդիմություն: Իսկ թե ինչու չի դառնում, պարզ է` Դաշնակցությունը չի ներկայացնում ոչ մի հանրային շերտի շահ, հետեւաբար` նրա շահի միակ պաշտպանը կարող է լինել իշխանությունը: «Օրինաց երկրի» մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Այդպիսի կուսակցություն կար դեռեւս մինչեւ 2008 թվականի փետրվարի 29-ի առավոտ, սակայն իշխանությունը նախ «Օրինաց երկիրը» «ցրեց»` որպես կուսակցություն, քաղաքական դաշտից տանելով կոալիցիա, հետո նոր միայն հաջորդ օրն առավոտյան որոշեց ցրել ազատության եւ իրավունքների համար պայքարող քաղաքացիներին: Թե ի՞նչ հանրային խավ կամ սոցիալական շերտ է ներկայացնում «Հանրապետական» կուսակցությունը, երեւի թե անհայտ է նույնիսկ իրենց` հանրապետականներին: ՀՀԿ-ն ոչ թե ներկայացնում, այլ, ըստ էության, հակասում է հանրային որեւէ շահին, սոցիալական որեւէ խավի շահին: Մնում են քաղաքական մարգինալները` ի դեմս քրիստոնեադեմոկրատների, աժմների, ազգայինմիաբանությունների, ազգայինհամաձայնությունների, մակերի, հռակների, որոնք ունեն քաղաքական մեկ հավատամք` թեքվել այն կողմ, որտեղից որ կզգան քամին: Ահա այդ պարագայում Ս.Սարգսյանը ցանկանում է նախաձեռնել քննարկում կուսակցությունների հետ եւ խոսել Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից: Թե ո՞ւմ անունից են հանդես գալու այդ կուսակցությունները, որոնց Ս.Սարգսյանը հրավիրում է նախագահի նստավայր, նրան երեւի թե քիչ է հետաքրքրում: Նրան հետաքրքրողը, թերեւս, միայն քարոզչական հնարքն է, որ հասարակությունը տեսնի, թե ինչպես է Ս.Սարգսյանը փորձում Ղարաբաղի հարցով երկխոսել բոլոր քաղաքական ուժերի հետ: Իրականում, այդ քայլը երկխոսությունից, իրական եւ ուղիղ երկխոսությունից խուսափելու մի հնարք է, ոչ ավելին: Բանն այն է, որ Ս.Սարգսյանին չի հետաքրքրում հրավիրյալների «որակական» կողմը` հանրային ներկայացվածության տեսանկյունից: Կարեւորը քանակն է, որպեսզի այդ «աղմուկի» մեջ խլացվեն այն իրական ձայները, որոնք կներկայացնեն հասարակությանը: Իսկ հասարակության իրական ձայնը այսօր կարող է ներկայացնել միայն Հայ Ազգային Կոնգրեսը, եւ նույնիսկ համապետական ընտրության պաշտոնական թվերն են այդ մասին վկայում: Բանն այն է, որ եթե հանում ենք իշխանական բոլոր ուժերի ստացած ձայները, ապա տեսնում ենք, որ միայն Հայ Ազգային Կոնգրեսի հիմքը կազմած Շարժումն է ստացել ձայն, մնացյալ բոլոր կուսակցությունները ծաղր են ստացել` զրոյական տոկոսների տեսքով: Այսինքն` անգամ պաշտոնական թվանկարչությունը հուշում է, որ հասարակության ձայն ներկայացնում է Հայ Ազգային Կոնգրեսը, հետեւաբար` եթե Ս.Սարգսյանը Ղարաբաղի հարցով հանրային կարծիքի հետ է ցանկանում շփվել, ի դեմս քաղաքական ուժերի, ապա նա ոչ թե կուսակցությունների, այլ հենց Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարությանը պետք է հրավիրեր քննարկումների: Ընդ որում` քանի որ դրանց նպատակն, ի վերջո, հանրության հետ երկխոսությունն է, այդ քննարկումները պետք է լինեին հանրության համար հնարավորինս բաց, օրինակ` Հանրային հեռուստաընկերության եթերում, բանավեճի տեսքով: Բանավեճը իշխանության եւ ընդդիմության միջեւ պարտադիր չէ, որ լինի միայն ընտրությունների ժամանակ: Այն ցանկացած կարեւոր եւ հանգուցային պահի համար էական նշանակություն ունեցող ինստիտուտ է, իսկ Ղարաբաղի հակամարտությունը, հատկապես դրա ներկայիս ակտիվ ու վճռական գործընթացը, ըստ էության, պակաս կարեւոր չէ, քան համապետական որեւէ ընտրություն: Սակայն, իհարկե, հասկանալու համար, որ Ս.Սարգսյանն իրականում ամեն ինչ անում է հասարակության հետ` ընդդիմության միջոցով, ուղղակի երկխոսությունից խուսափելու համար, պետք չէ նկատել միայն կուսակցական հավաքի նրա նախաձեռնության ուղղակի անտրամաբանականությունը: Երբ Սարգսյանը շարունակում է բանտերում պահել ընդդիմության առաջնորդներին, ընդ որում` ուղղակի անհեթեթ մեղադրանքով, երբ Սարգսյանը շարունակում է հետապնդումները ընդդիմության ակտիվիստների հանդեպ, երբ Սարգսյանը շարունակում է հաշվեհարդարը ընդդիմությանն աջակցած գործարարների հանդեպ, ակնհայտ է, որ նա չունի որեւէ երկխոսության իրական ցանկություն: Մնացյալը, քարոզչական տեխնոլոգիաներ են, ընդ որում` բավական մաշված, որովհետեւ` երբ, օրինակ, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ու ասենք` ԱԻՄ-ի կամ մյուսների հետ նստում ես քաղաքական երկխոսության Ղարաբաղի հարցի շուրջ, հասարակությունը ոչ թե հիանում է քո հանդուրժողականությամբ եւ լայնախոհությամբ, այլ` ամբողջ երկխոսության ընթացքում փորձում է հիշել, թե որտեղի՞ց են ծանոթ դրա մասնակիցների դեմքերը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |