“Zhamanak” Armenian-American Political Daily

Բողոքի ակցիան հոբելյանական էր

17:44 Yerevan | 13:44 GMT | Saturday 8 November 2008

Մարինա Բաղդագյուլյան

Բողոքի ակցիան հոբելյանական էր
Ուրբաթ ժամը 2-ին, դատախազության շենքի առջեւ կանայք հավաքվել էին` արդեն 30-րդ անգամ: Արդեն 30 շաբաթ, այսինքն` մոտ 7 ամիս է, ինչ այս կանայք հավաքվում են այստեղ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Թվացյալ լռության, հանդարտության, գուցե համակերպվածության չգոյության ապացույցներն են այս շարունակական հավաքները` բողոքի ակցիաները: Եվ աղաղակող փաստը` երկրում քաղբանտարկյալների գոյության, աննորմալ վիճակի առկայության:

Ու այս կանայք ոչ անուղղելի ռոմանտիկներ են, ոչ էլ իրենց ժամանակը սպառելու, 30 շաբաթների ուրբաթները ինչ-որ կերպ իրացնելու խնդիր ունեցող սուր զգացողությունների սիրահարներ:

«Ամեն մի ակցիա իր ազդեցությունն ունի, անգամ` ամենափոքրը, - համոզված է Մելիսա Բրաունը, - Որովհետեւ ի՞նչ էր իշխանությունների նպատակը ընտրություններից հետո` ուզում էին, որ էս ժողովուրդը սուս ու փուս, վախեցած ու տխուր նստի իրենց տներում: Եվ իրենք հանգիստ գործեն ամենաթողության մթնոլորտում: Բայց այդպես չեղավ, եւ դա նրանց համար շատ ծանր է: Ու որ մենք ամեն ուրբաթ գալիս ենք, ամեն օր գնում ենք Հյուսիսային պողոտա` դա արդեն մեծ ազդեցություն ունի»:

«Ես որեւէ ազդեցություն չեմ տեսնում. երեւի միանգամից եւ գլոբալ ձեւով չենք էլ կարող զգալ: Հայրս` Վահագն Հայոցյանը, սեպտեմբերի 3-ից ճաղերից այս կողմ է` 6 ամիս հենց այնպես բանտում պատանդ պահվելուց հետո: Բայց հայրս ոչ մի հանցագործություն չի արել, ինչո՞ւ պիտի իր կյանքի 6 ամիսը բանտում անցկացներ, եւ հիմա էլ պայմանական ազատազրկվածի կարգավիճակում լիներ», - ասաց Ագնեսա Հայոցյանը:

«Կարծում եմ այս անիրավությանը վերջ պիտի լինի, արդարություն պիտի լինի: Իմ երեխաների հայրը, մյուս կանանց ամուսինները, եղբայրները ազատ են արձակվելու: Չնայած մինչեւ հիմա ոչ մի փոփոխություն չենք տեսել, դատավարություններն անցնում են կեղծ մեղադրանքներով, բայց էս վիճակը ժամանակավոր է: Արդարությունը հաղթելու է, համոզված եմ», - ասաց Աննա Մալխասյանը:

Կանայք ուրախ էին «Պիցա դի Ռոմայի» տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ աշխատակից Անուշ Ղավալյանի համար: «Շատ ուրախացանք, հատկապես Անուշի համար, որ փոքր երեխաներ ուներ: Մենք միշտ նրան պաշտպանել ենք, մեր բաց նամակներում նրա անունը հատուկ նշել ենք», - ասաց Մ.Բրաունը:

Բողոքի ակցիան հոբելյանական էր նաեւ Սասուն Միքայելյանի տարեդարձի կապակցությամբ: «Ուզում ենք շնորհավորել Սասուն Միքայելյանի` ազգային հերոսի, լավ մարդու, լավ ընկերոջ ծննդյան օրը: Ցանկանում ենք շուտափույթ ազատություն նրան եւ մյուս քաղբանտարկյալներին»:

Դատախազության շենքի մոտ էր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը: Պարզվեց` եկել է մոնիտորինգ անցկացնելու: ԵԱՀԿ-ի պատվերով Հայաստանում տարբեր հասարակական կազմակերպություններ, այդ թվում` «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ն ու Հելսինկյան կոմիտեն, անցկացնում են Ցույցերի եւ հավաքների մասին օրենքի իրականացման մոնիտորինգ` որքանո՞վ է օրենքը գործում անարգել, արդյո՞ք բռնություններ կիրառվում են: Ընդհանուր վիճակագրության արդյունքները կհրապարակվեն մի քանի ամսից: Իսկ թե ընդհանուր առմամբ ի՞նչ եզրահանգումների է եկել մի քանի ամիս շարունակ իրականացվող մոնիտորինգի արդյունքում` Ա.Կոստանյանն ասաց. «Եվ բռնի ուժի կիրառում եմ քանիցս տեսել Հյուսիսային պողոտայում, եւ տարբեր` բնապահպանական, քաղաքական թեմաներով ակցիաների մերժումներ: Եվ այդ մերժումները բողոքարկվել են Վարչական դատարանում: Այս բոլոր նյութերը հավաքել ենք եւ հրապարակելու ենք»:

Վերլուծական
Հնամաշ ոգեւորություն

Հնամաշ ոգեւորություն

Կարծես թե Միացյալ Նահանգները շատ խիստ է բարկացել Թուրքիայի վրա: Դրա մասին է վկայում, որ...

Քաղաքական
«Անուշադրության կենտրոն»

«Անուշադրության կենտրոն»

Հայաստանի իշխանությունը լավ է յուրացրել կեսարյան «հաց կամ տեսարաններ ժողովրդին» բանաձեւը ու այն պարբերաբար գործի է դնում...

Աշխարհ
«Բարգավաճը» դեռ մտորում է մանդատները վայր դնելու շուրջ

«Բարգավաճը» դեռ մտորում է մանդատները վայր դնելու շուրջ

Երեկ Երեւանի ավագանին հերթական նիստն է հրավիրել, որը, ի բարեբախտություն երեւանցիների, չի անցել նույն այն...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.