“Zhamanak” Armenian-American Political Daily

Դատական տրագիկոմեդիան շարունակվում է

14:44 Yerevan | 10:44 GMT | Tuesday 14 October 2008

Կարինե Հարությունյան

«Հոկտեմբերի 17-ից է սկսվում իսկական գործը: Լավ եղեք»: Սմբատ Այվազյանն էր: Բանտում: Չէ` դատարանում: Հայաստանի: Իբր` ժողովրդավարական: Իբր` ժողովրդի իրավունքներին տեր կանգնող «իբր` նախագահի» ղեկավարած երկրում:

Մարտի 1-ի համատեքստում դեռեւս շարունակվող դատական խեղկատակություններից հերթականն էր երեկ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին դեռեւս բերում-տանում են. փաստաբանների միջնորդությունները մերժում, ինչ-որ վկաներ դեմ տալիս ու...դատը հետաձգում: Երեկ էլ նույնն էր: Սերժիկ Սարգսյանի սցենար-հրահանգ- ցուցումի տակ ճկռացող դատավոր Գագիկ Ավետիսյանը հրաժարվեց ընդունել պաշտպանական կողմի` լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդությունները: Քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի փաստաբանները նախորդ նիստին միջնորդել էին` հարցաքննության հրավիրել ՀՀ քաղաքացիներ Արտակ Սիսակյանին եւ Վարդան Կիրակոսյանին: Վերջիններս գործում ներկայացված «դեպքի» օրը եղել են Սմբատ Այվազյանի հետ: Դատարանը երեկ մերժեց այդ միջնորդությունը: Դատապաշտպան Լուսինե Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե` դրանով խախտվում է Եվրոպական կոնվենցիայի թիվ 6 հոդվածը եւ կողմերին զրկում է ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Իսկ պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդություն ներկայացրեց` որպես վկա եւս հինգ հոգու հրավիրելու մասին, ինչպես նաեւ` վեցերորդ վարչության պատին տեղադրված տեսախցիկի` Սմբատ Այվազյանի «դեպքի» օրվա տեսաերիզը: Լուսինե Սահակյանն էլ իր կոլեգայի միջնորդության հետ կապված դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենք արդեն մեկ ամսից ավելի է` դիմում են տեսաերիզը ստանալու համար, սակայն որեւէ պատասխան դեռեւս չեն ստացել: Դատախազ Հովսեփ Սարգսյանը, ում ձեռքի տակով մի քանի քաղբանտարկյալների գործ է անցնում եւ ով քայլ առ քայլ իրականացնում է մարտի 1-ի սցենարիստների` քաղբանտարկյալների մասով ծրագիրը, առարկեց առաջին` լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդությանը` ասելով, թե դրա իմաստը չի տեսնում, քանի որ «մեկ է` նախապես գիտենք, թե ինչ ցուցմունք են տալու»: Չենք կարող չնկատել, որ գործող իշխանության` իրականում դատական կատարածու Հովսեփ Սարգսյանը, իր նմանների պես, ջայլամի «պոզայի» վիճակում է: Այլապես` ոչ մի տրամաբանության չի ենթարկվում իշխանության ներկայացրած` կեղծ վկաներին լսելու կարեւորությունը եւ հանիրավի մեղադրվող քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի դատապաշտպանների` լրացուցիչ վկաների լսելու «անիմաստությունը»: Դատարանը բավարարեց միայն երկրորդ` տեսաերիզի մասով միջնորդությունը եւ առաջինի` լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդությունը հետաձգեց մինչեւ տեսանյութի դիտումը:

Սմբատ Այվազյանի պաշտպանները այնուհետեւ միջնորդեցին` որպես վկա հրավիրել Գագիկ Ջհանգիրյանին, ով նույն օրը` փետրվարի 23-ին, ժամեր առաջ արդեն բերման էր ենթարկվել Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն: Լուսինե Սահակյանը Գագիկ Ջհանգիրյանին հարցաքննության հրավիրելը կարեւորեց` ասելով, որ քաղբանտարկյալ Ջհանգիրյանը բերման ենթարկված ժամանակ արդեն տիրապետել է` Սմբատ Այվազյանի նկատմամբ պատրաստվող «գործ սարքելու» տեղեկությանը: Դատավորն այստեղ երեւի իր կյանքի մեծագույն զարմանքներից մեկը ապրեց, թե` քրեական գործում Ջհանգիրյանի անունը չկա, որտեղի՞ց փաստաբանին նման ինֆորմացիան ու միջնորդությունը մերժեց: Դատավոր Գագիկ Ավետիսյանի զգայարանները, ինչպես արդեն բազմիցս պարզվել է, միայն ընդդիմության դեպքում են աշխատում, այն էլ` բավականին վատ: Իսկ երկրի իշխանությունը զավթած Սերժիկ Սարգսյանի, սրանից առաջ` Ռ.Քոչարյանի, ու այս երկուսի շրջապատի միջավայրում ոչ միայն Գագիկ Ավետիսյանի, այլեւ նրա կոլեգաների միայն գլուխն է աշխատում` վերեւ-ներքեւ: Պաշտպանները այլեւս հրաժարվեցին որեւէ միջնորդություն ներկայացնելուց մինչեւ կներկայացվի տեսաերիզը: Քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 16-ը, ժամը 14-ը: Իսկ քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանը դահլիճը լքելուց առաջ դիմեց ժողովրդին` ասելով, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքը խիստ վճռորոշ դերակատարություն է ունենալու Համաժողովրդական Շարժման այս պայքարում:

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.