|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վարկած` մարտի 1-ի զոհերի իրական թիվն առավել իրատեսորեն հաշվարկելու համար14:37 Yerevan | 10:37 GMT | Friday 10 October 2008Հեղինե Մանուկյան Հասարակության մեջ այս ողջ ընթացքում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով զոհված անձանց իրական թիվը շատ ավելին է, քան այդ մասին պաշտոնական տվյալն է` 10 զոհ: Եթե հիշում եք` դեռ արտակարգ դրության օրերին, որպես ՀՀ-ում «իրավիճակն ապակայունացնողներ», դատախազություն էին կանչվում բջջային հեռախոսներով զոհերի թվի վերաբերյալ SMS-ներ տարածող այն քաղաքացիները, ովքեր դրանցում նշել էին պաշտոնականից մի քանի անգամ ավել թվեր (նրանցից մեկը, որին նույնիսկ հեռուստատեսությամբ ցուցադրեցին, նշել էր 68 զոհի մասին): Տարօրինակ է, սակայն, որ այն ժամանակ այդ տոտալ գաղտնալսումների կամ գաղտնընթերցումների դեմ բողոքի ալիք չբարձրացավ: Բայց դա մեր խնդրից դուրս է: Այս պահին: Բացի այդ` մինչ օրս էլ չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե մարտի 1-2-ին զոհվածներից շատերի դիակները օրեր շարունակ պահվել են դիահերձարաններում, եւ հարազատներին են վերադարձվել միայն այն ժամանակ, երբ վերջիններս սպառնալիքի ներքո ստորագրություն են տվել առ այն, որ տվյալ մարդը` իրենց հարազատը, զոհվել է մարտի 1-2-ից ավելի վաղ կամ ավելի ուշ: Նման հրեշավոր գործարքի նպատակն այն է եղել, որպեսզի կոծկվի զոհերի իրական թիվը: Թե որքանո՞վ են այդ տեղեկություններն արժանահավատ` առայժմ չենք կարող ասել, բայց փոխարենը կարող ենք վստահ ասել, որ ծուխը երբեք առանց կրակի չի լինում: Դե իսկ «կրակը», մարելու փոխարեն, քանի գնում` թեժանում է: Վերջին թեժությունը մարտի 1-ի կադրերի հետ կապված փորձագիտական եզրակացությունն էր, ըստ որի` այդ կադրերում երեւացող մարմնի հատվածները` ծնոտ, լեզու, ուղեղ, ոչ թե մարդկային, այլ կենդանական ծագում ունեն` համապատասխանաբար խոճկորի են, տավարի կամ ոչխարի, իսկ գետնատարած հոծ շերտով արյունն իրականում բենզին է կամ ջուր: Իրոք որ մտքի ֆանտաստիկ թռիչք ու բարոյականություն է հարկավոր ունենալ նման եզրակացությամբ հանդես գալու համար: Բայց մի պահ պատկերացրեք. Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը կամ նրա այդ թեզիսը «պադդերժկա» անելու եկած մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ովքեր այդ հայտարարությունն արեցին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նիստում, ի լուր ամենքի հայտարարեին, որ ծնոտն ու մարմնի մյուս մասերն իրականում մարդու են: Թե ինչ կկատարվեր դրանից հետո այս երկուսի կյանքի եւ առողջության հետ` կարելի է միայն կռահել: Բայց նախքան այդ ուղղությամբ գուշակություններ անելը, եկեք խորհենք առաջ քաշված այն վարկածի շուրջ, թե մարմնի մասերն իրականում մարդու են. եթե ծնոտը մարդու է, նշանակում է մարտի 1-ի 10 զոհերի թվին պետք է գումարել առնվազն եւս մեկ հոգու` ծնոտի տիրոջը, ինչի արդյունքում կստանանք 11 զոհ: (Եթե հիշում եք, ՀՀ գլխավոր դատախազը ինքնավստահ հայտարարում էր, թե եթե զոհերի թիվը նույնիսկ մեկով ավելանա, ինքը հրաժարական կտա: Երբ դատախազը նման հայտարարություն էր անում, հիվանդանոցում էին գտնվում երկու ծանր վիրավորներ, ովքեր ժամանակ անց մահացան: Դատախազն, ինչպես հայտնի է, խոսքի տերը չեղավ եւ հրաժարական չտվեց: Գուցե այն պատճառով, որ մինչեւ հիմա, ինչպես կասեր պաշտոնյաներից մեկը, «ուղեղի մեջ չի տեղավորվում», որ 8-ից բացի լինելու են նաեւ 9-րդ, 10-րդ զոհերը): Իսկ ո՞ւմն են մարմնի մյուս մասերը` լեզուն եւ ուղեղի մնացորդները. չի բացառվում, որ նույն ծնոտի տիրոջը, բայց չի բացառվում նաեւ, որ բոլորովին այլ անձանց, ինչը հնարավոր է պարզել համապատասխան անալիզի միջոցով: Եթե պարզվի, որ լեզուն այլ մարդու է, կնշանակի 11-րդին գումարվում է եւս մեկ` 12-րդ զոհը: Եթե պահպանվել են գանգի հատվածները, ապա որտե՞ղ են անհետացել մարմնի մյուս մասերը: Սա եւս մտորելու տեղիք է տալիս (չենք հերքում, որ դրանց անհետացման պատճառը գիշերը թափառող շներն են եղել, բայց չենք էլ հաստատում, որ դիակապուտներն են եղել): Հնարավոր է, որ մարմնի մյուս մասերը գտնվել են քիչ հեռու վայրում, եւ դրանց կադրերի հեղինակը, ով «Ա1+»-ի օպերատորներից է, չի նկարահանել դրանք: Հաջորդը` ո՞ւմ է պատկանում նույն վայրում գետնին թափված արյունը. արդյո՞ք ծնոտի եւ մարմնի այլ մասերի տիրոջը կամ տերերին, թե՞ այլ` գուցե նույն վայրում վիրավորված եւ այլ վայր տեղափոխված անձանց, եւ հետո` նման ծավալի արյուն արդյո՞ք մեկ մարդու մարմնից է հոսել: Ի՞նչ պարկուճներ են նույն այդ արյան շերտի մեջ երեւացող պարկուճները, արդյո՞ք դրանք կարող էին մարդու մարմնին այնպիսի վնասվածք հասցնել, որի հետեւանքով մարմինը ծվեն-ծվեն լիներ: Իսկ գուցե կիրառվել է ա՞յլ ռազմական-տեխնիկական միջոց , որի կիրառման դեպքում է միայն, որ մարմնից կանջատվեին ծնոտը կամ մյուս մասերը: (Նշենք, որ հասարակության մեջ շրջանառվում է մի վարկած, ըստ որի` մարտի 1-2-ի գիշերը, փողոցում գտնվող խեղված դիակները վերացնելու համար իրականացվել է, այսպես ասած` «մսաղացի» օպերացիա, որի նպատակով գործի են դրվել «ԲԵՏԵԵՌ»-ներ: Այնպես որ, չի բացառվում, որ ուղեղի կամ ծնոտի մնացորդները հենց նման օպերացիայից հետո մնացած լինեն): Ինչպես հայտնի է` մարտի 1-ի լույս 2-ի գիշերն իրականացված սպանդից հետո գործի էին դրվել իբր ցուցարարներին ցրելու եկած ջրցան-ջրանետ մեքենաները: Դրանք իրականում «դեպքի վայր» էին բերվել բոլորովին այլ` սպանդի հետքերը «ջրելու» նպատակով: (Փաստ, որը մինչեւ այժմ պատկան մարմինները չեն հերքել): Մարտի 1-ի այլ կադրերում երեւում է, թե ինչպես են այդ մեքենաները մաքրում հատկապես ասֆալտի այն հատվածը, որտեղ փամփուշտներ ու լերդացած արյուն կա` այսպիսով վերացնելով իրեղեն ապացույցները: Ի դեպ` այն ապացույցները, որոնք այսօր պետք է օգնեին Շոթա Վարդանյանին ու Վահագն Հարությունյանին իրենց զանազան-զարմանազան փորձաքննություններն իրականացնելու համար: Եթե այդ ապացույցները պահպանված լինեին, նշված անձինք, թերեւս, ձերբազատված կլինեին դրանք պատկերող կադրերը դիտելու անհարմարությունից ու իրենց թանկագին ժամանակն այլ «բացահայտումներ» անելու վրա կծախսեին: ...Եվ ամենակարեւորը` չէին հայտնվի այնպիսի ամոթալի իրավիճակում, երբ ստիպված ես լինում քո նմանի մարմնի մասերը վերագրել ընտանի կենդանիներին: Հա, փաստորեն, ստացվում է, որ մեր գերագույն գլխավոր հրամանատարի «փայլուն» իրականացված օպերացիայի համար մարդիկ խոզ, ոչխար, տավար են քարշ տվել դեպքի վայր ու հերթով կամ միաժամանակ...մատաղ արել: Թերեւս արժեր, որ այս հրապարակման մեջ առաջ քաշված վարկածը համապատասխան ատյաններն ուշադրության արժանացնեին եւ աշխատանքներ տանեին նաեւ այն հերքելու կամ հաստատելու ուղղությամբ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |