“Zhamanak” Armenian-American Political Daily

Փորձաքննությանը մասնակցել է անասնաբույժը

14:22 Yerevan | 10:22 GMT | Thursday 9 October 2008

Մեր փորձերը` Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնից տեղեկանալու, թե հատկապես որ բուհերի դիմածնոտային ամբիոնների մասնագետներն են մասնակցել մարտի 1-2-ի տեսաերիզում պատկերված կադրերի փորձաքննությանը, այդպես էլ չհաջողվեց:

Հիշեցնենք, որ այդ կադրերում երեւացող մարմնի մասերը` ծնոտ, լեզու, ուղեղի կտորներ, համաձայն փորձաքննության արդյունքների` խոճկորի էին, ոչխարի կամ տավարի: Նշված կենտրոնից մեզ տեղեկացրել էին, որ չեն կարող հրապարակել բուհերի ամբիոնների անունները` պատճառաբանելով, թե «դա քննչական գաղտնիք է»: «ԺԵ»-ին, այնուամենայնիվ, հաջողվեց պարզել փորձաքննությանը մասնակցած բուհերից մեկը: Դա Հայաստանի պետական ագրարային համալսարանն է, որի անասնաբուժական ֆակուլտետի դասախոսներից մեկը մասնակցել է փորձաքննությանը, ում անունը, սակայն, ֆակուլտետի դեկան Ա.Վարդանյանը չցանկացավ հրապարակել: Վերջինս սկզբում հայտարարեց, թե «մեզ եկել են, առաջարկել են, մեր մասնագետն էլ գնացել է», իսկ երբ փորձեցինք պարզել, թե ո՞վ է այդ մասնագետը, ուզում ենք հանդիպել, զրուցել, դեկանը խոսքը փոխեց. «Գիտեք, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, եւ հետո մենք այժմ խիստ զբաղված ենք դասապրոցեսներով, եւ դժվար թե որեւէ մեկը ժամանակ ունենա պատասխանել ձեր հարցերին»: Ենթադրում էինք, որ Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմածնոտային ամբիոնի մասնագետները եւս պետք է մասնակցած լինեն այդ «դարի փորձաքննությանը», սակայն նշված ամբիոնի վարիչ Գ.Քոչարյանից պարզեցինք, իր հավաստմամբ անշուշտ` ոչ: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնից մեզ ձեռնպահ մնացին որեւէ պատասխան տալուց, ընդամենը փոխանցեցին, որ ամբիոնը նման փորձաքննությունների մասնակցում է միայն այն ժամանակ, երբ մարդաբանները հաստատում են, որ տվյալ մարմնի մասը ոչ թե մարդու է, այլ կենդանու. իրենք պարզում են, թե դա հատկապես որ կենդանունն է:

Մարդն, ինչպես հայտնի է, նույնպես կենդանի է, միայն թե այդ աղաղակող փաստի հետ չհամակերպվողներն իրողությունն այլ բառերով են ներկայացնում, թե «մարդը ամենակատարյալ արարչագործությունն է»: Մինչդեռ իրականությունը, այն էլ` հայ, այն էլ` ի դեմս քիչ վերը նշված փորձաքննությունն իրականացրած կենտրոնի, հակառակն է ապացուցում:

Հ.Մ.

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.