|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ովքե՞ր են քաղաքապետի աթոռի հավակնորդները17:54 Yerevan | 13:54 GMT | Wednesday 8 October 2008Գայանե Հովսեփյան 2002թ. ՏԻՄ ընտրություններին Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանի մրցակիցը մեկն էր` Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը: 2005թ. Դարբինյանի մրցակիցների թիվն ավելացավ եւս մեկով. Ղուկասյանից բացի` ընտրարշավին ներգրավվեց նաեւ անկուսակցական, «Ավտոմատիկա» գործարանի տնօրեն Գագիկ Հովսեփյանը, ով այն ժամանակ մեծ թվով ձայներ հավաքեց, բայց չընտրվեց (հիշեցնենք, որ Գ.Հովսեփյանի ազգականը` Լոռու մարզի նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանը, 2007թ. օգոստոսին սպանվեց, եւ այդ սպանությունն առ այսօր չի բացահայտվել): Այս տարվա հոկտեմբերի 19-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին Գ.Հովսեփյանը չի առաջադրվել, ինչպես նաեւ չի առաջադրվել քաղաքապետի էքս-թեկնածու Անդրանիկ Ղուկասյանը, բայց թեկնածուների թիվը դարձել է յոթ: Ամենայն հավանականությամբ, ոմանք լրջությամբ չեն վերաբերվում այն փաստին, որ Դարբինյանին հովանավորում է «Հանրապետական» կուսակցությունը` մարզպետ Արամ Քոչարյանի գլխավորությամբ: Եվ այսպես, 1999 թվից պաշտոնավարող, 4-րդ անգամ առաջադրվող Ս.Դարբինյանի հիմնական «ախոյանը», թերեւս, «Հայփոստի» Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդուարդ Խլղաթյանն է, ով համարվում է նախկին պատգամավոր, գործարար Վահրամ Բաղդասարյանի «թիմակիցը»: Հիշեցնենք, որ 2-3 տարի առաջ քաղաքապետի եւ Խլղաթյանի միջեւ պարբերական ընդհարումներ էին տեղի ունենում` ազգամիջյան բախումների տեսքով, որոնց պարբերաբար անդրադառնում էր մամուլը: Վերջին մեկ տարում, սակայն, նրանց միջեւ կարծես թե հարաբերական անդորր է հաստատվել: Բավականին անսպասելի էր Լոռու նախկին` 1997-98թթ. մարզպետ, նախկին լիբերալ, այնուհետ` ՄԱԿ անդամ Ստեփան Այվազյանի առաջադրումը: 1998թ. Այվազյանը պաշտոնից ազատվեց երկրապահա-հանրապետական «խաղերի» արդյունքում. թերեւս, այն բանի համար, որ «երկրապահացավով» չէր տառապում եւ փորձում էր մնալ լիբերալ դիրքերում, բայց «չար ուժերը» նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի «ականջը գցեցին», թե Այվազյանը աջակցում է ոչ թե նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին (որին աջակցելը 1998թ. իշխանափոխությունից հետո գլխավոր նախապայման էր` պաշտոնում մնալու համար), այլ` նախագահի թեկնածու, լիբերալ Վիգեն Խաչատրյանին («Առավոտ», 6.03.98թ., «Իսկ Լոռու մարզպետը Երկրապահ չի մտել»): Եվ միայն այն բանից հետո, երբ Այվազյանը մի կերպ կարողացավ համոզել, որ ինքը սատարում է Ռոբերտ Քոչարյանին, նրան «մեծահոգաբար» թույլ տվեցին ղեկավարել մարզի կենսաթոշակային ոլորտը: Վանաձորցիների համար «հայտնություն» էր Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմի նախկին 1-ին քարտուղար, անկախության տարիների անցումային շրջանի արմատական ընդդիմադիր, ներկայումս` էներգահամակարգի պաշտոնյա Սենիկ Էվինյանի վերստին քաղաքականություն մտնելը: Հիշեցնենք, որ Ս.Էվինյանը Վանաձորի կոմկուսում վերջին «ապարատայինն» էր, որ մնացել էր «սովետների» ժամանակվա քաղկոմից: Մինչեւ 1999թ. Էվինյանը բուռն ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, հանրահավաքներ կազմակերպում, սակայն 1999թ. իր համախոհների հետ մեծ աղմուկով հեռացավ Սերգեյ Բադալյանի ղեկավարած կոմկուսից` «Իրավունք» թերթում բուռն քննադատության ենթարկելով Բադալյանին. նրան մեղադրում էր իշխանությունների հետ համագործակցելու մեջ: Քաղաքապետի թեկնածուների թվում է «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Գառնիկ Սահակյանը: Չնայած նա բուռն քաղաքական գործունեությամբ աչքի չի ընկել, սակայն մշտապես մասնակցել է Համաժողովրդական Շարժման հանրահավաքներին թե մայրաքաղաքում, թե Վանաձորում: Քաղաքապետի թեկնածուների թվում են նաեւ գործարարներ Սեյրան Հարությունյանը (տոնավաճառի տնօրեն է) եւ Գագիկ Ղազարյանը: ...ՀԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը վերջերս մեղադրում էր Հայ Ազգային Կոնգրեսին «պասիվության» համար եւ կոչ էր անում ՏԻՄ ընտրություններին ներգրավվել, մինչդեռ ՀԿԿ Վանաձորի քաղկոմը, փաստորեն, չի մասնակցի ընտրություններին, իսկ թե ինչո՞ւ` Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար, ներկայումս գործարար Անդրանիկ Ղուկասյանը մեր հետ հեռախոսազրույցում պատասխանեց, որ պատճառը ներքաղաքական անբարեհույս մթնոլորտն է, որի պայմաններում իրենք արդար ընտրությունների հույս չունեն, ուստի անիմաստ են համարում «խաղի մեջ մտնելը»: Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Լոռու մարզի թիվ 30 ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել քաղաքապետի թեկնածու Ստեփան Այվազյանի գրանցումը՝ «տվյալ համայնքի տարածքում 2 տարի չբնակվելու» պատճառաբանությամբ: Ըստ տեղեկությունների` Այվազյանը բողոքարկել է մարզային հանձնաժողովի որոշումը՝ դատական կարգով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |