“Zhamanak” Armenian-American Political Daily

Ուսուցչի օրը

18:43 Yerevan | 14:43 GMT | Saturday 4 October 2008

Որը Աստծո ամեն օրը պետք է լինի: Որովհետեւ Աստծո ամեն օրն էլ դու բան ունես ստանալու: Տալու էլ: Թեկուզեւ` անկախ քեզանից: Քանզի երբ արդեն ոչինչ ոչ տալու ունես, ոչ իսկ` ստանալու` ավարտված ես այլեւս:

Ու որեւէ մեկին-բանի-անգամ ինքդ քեզ` անպիտան:

Ուսուցիչը` պետք է տա. ու ոչ միայն այն, ինչ գիտի, այլ ինքն իրեն: Ու` անմնացորդ: Մոմն ինչպե՞ս է այրվում. հենց այդպես: Հո չի մտածում կեսս այրեմ-մյուս կեսս թողնեմ... Չէ. այրվում է անմնացորդ` վերափոխվելով հազարավոր այլ ապագա մոմերի մի մասնիկի: Նույնն ուսուցիչը պետք է լինի:

Ուսուցիչը` մի անգամ արդեն ասել եմ, բայց փույթ չէ. իրավունք չունի սխալվելու: Չիմանալ` կարող է: Անազնիվ լինել` ոչ: Որովհետեւ նա երկիր կոչվածի երեկը-այսօրը-վաղը շաղկապող միակ ամուր-կայուն-հուսալի կամուրջն է: Որի ինչ-որ հատված թե խոնարհվեց` քանդվում-ավերվում-ավերակվում է ամբողջականությունը, ու երկիրը դադարում է երկիր լինելուց: Չէ, չի գոլորշիանում, անշուշտ: Բայց դա արդեն երկիր չէ. հող է-քար է-փող եւ այլն: Բայց ոչ բնավ երկիր:

Եվ վերջապես. ուսուցիչը պետք է մշտապես սովորի: Էլ ինչ ուսուցիչ` եթե ինքը չի սովորում: Երբ մարդն ինքը չի ըմբոշխնում սովորելու-ձեռք բերելու-հայտնության հրճվանքը` չի կարող, բնավ, նույնը պարգեւել իր աշակերտներին:

Որոնց նա պետք է մի գլխավոր բան սովորեցնի` սովորել:

...Երեւի չնշեցի, չէ՞, որ խոսքը ուսուցչին է վերաբերում, ոչ էսօրվաններին... Որոնց շրջանում սովորողները եզակի բացառություններ են կազմում:

Էսօրվա ուսուցիչը հիմնականում` իր էսօրվա երկրի պես է. ինքնահավան, հավակնոտ, դժգոհ...

Դժգոհ` ամեն ինչից: Վարձատրությունից սկսած: Ու իր անգիտությամբ ինքն իր անբարո կերպը բարձրաձայնում է նաեւ. ասելով, որ քիչ եք տալիս` ես էլ դրա դիմաց էսքանը կարող եմ տալ: Այսինքն` ավելին ունի-կարող է-կա` ու չի տալիս: Հենց որ փողը` աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնեն` կտա: Թե՞ 100 հազարով:

Ինչքա՞ն է պետք բարձրացնել` հետաքրքիր է, որ տա այն, ինչ ունի-կարող է-կա:

Ինչքան ուզում ես աշխատավարձ բարձրացրու-ուզում ես կաշառք էլ տուր-կողքից էլ էլի բաներ հավելիր` էդպիսի մարդը ավելին տալ ի զորու չէ:

Իսկ իրական ուսուցիչը` առանց այն էլ տալիս է այն, ինչ ունի: Նրան դրա համար ոչ աշխատավարձը խոչընդոտ կլինի, ոչ վերաբերմունքը, ոչ էլ որեւէ այլ բան: Ինքն աշակերտի հաշվին չէ, որ կգտնի ապրելու իր դարձյալ արժանապատիվ կերպը, իսկ նրան կտա այն, ինչ պիտի տա:

Բայց մի կարեւոր հանգամանք էլ կա, որը պետք է նպաստի ուսուցչի լիարժեք ու լիակատար կայացմանը. աշակերտը:

Մինչդեռ այսօր...աշակերտ չունենք: Ֆիզիկապես չէ. խորքով, էությամբ: Բոլորն ուսուցիչներ են: Բայց կեղծ-պատիր-իրենց կերպից դուրս` քանզի նրանք էլ, ինչպես համոզվեցիք, աշակերտ պետք է լինեն եւ գուցե թե` հենց առաջին հերթին:

Ուսուցիչն էլ, աշակերտն էլ, կողմնակի դիտորդն էլ` էդ երկուսին իրական ու ճիշտ գնահատական տվողը, մեր մեջ են: Ու մենք` էդ տեսանկյունից, էդ երեքի միասնությունն ենք:

Մեկը մի քիչ շատ-մյուսը մի քիչ քիչ-երրորդը` հավասարակշռող:

Բայց անպայման` հավասարակշռող:

Այլապես, հավասարակշռությունը խախտված, հայտնի չէ, թե երբ-ինչպես-եւ ուր կփլվեք:

Ավերակելով շատ ու շատ բան:

Ու մի բան էլ. նախկին ուսուցիչ էլ չի լինում: Ոչ իսկ հանգուցյալ:

Շնորհավոր ձեր տոնը, ուսուցիչներ:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.