“Zhamanak” Armenian-American Political Daily

Մտորելու առիթ` օգնելու եկած ամերիկացիների համար

19:03 Yerevan | 15:03 GMT | Friday 3 October 2008

Արամ Ամատունի

Մտորելու առիթ` օգնելու եկած ամերիկացիների համար
Եվ այսպես` արդեն հայտնի է, որ հոկտեմբերի 5-11-ը Երեւանում են լինելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ուսումնասիրման հանձնախմբի երեք փորձագետներ, որոնք Հայաստանում «օժանդակելու» են մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրություն եւ քննություն իրականացնողներին:

Իհարկե, այն բանից հետո, երբ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու բժշկական գիտությունների «մոնստր» Շոթա Վարդանյանը Մարտի 1-ի հանձնաժողովում ունեցան իրենց պատմական ելույթը, երեւի թե արդեն ոչ թե փորձագետներ, այլ կինոբեմադրիչներ եւ անասնաբույժներ պետք է գային մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելուն օգնելու: Բայց դե հիմա ամերիկացիները երեւի հայերեն չեն հասկանում, իսկ նրանց համար էլ ոչ ոք չի համարձակվել թարգմանել մոնտաժված կադրերի, ներկ-արյունի, խոճկորի ծնոտի կամ տավարի լեզվի մասին այն զառանցանքները, որ ներկայացվել էին Մարտի 1-ի ուսումնասիրությունների հանձնաժողովում:

Եվ այսպես` բանից անտեղյակ, բանից բեխաբար ամերիկացիները գալիս են: Ի՞նչ է տալու նրանց այդ գալը: Նախ` այն, որ ամերիկյան փորձագետները տեղի ունեցածից կես տարի անց գալիս են, որ օգնություն ցուցաբերեն կատարվածը քննողներին եւ ուսումնասիրողներին` վկայում է այն մասին, որ թե քննողները, թե ուսումնասիրողները, ըստ էության, կես տարի շարունակ զբաղված են եղել ջուր ծեծելով: Ամերիկացիների ժամանման փաստը հենց դա է վկայում, այլապես հիմա երեւի ոչ միայն օգնության կարիք պիտի չլիներ, այլ նույնիսկ արդեն պետք է լինեին մարտի 1-ի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, առավել եւս, որ ողջ են այդ օրվա գրեթե բոլոր մասնակիցները, բացի իհարկե տասը անմեղ զոհերից: Այսինքն` ողջ է այդ օրն իր տանը ապօրինի բանտարկված Լեւոն Տեր-Պետրոսյանը, ողջ են տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարները, որոնց հանդեպ մարտի 1-ի դեռեւս լույսը չբացված ժամանակահատվածից սկսվել են ռեպրեսիաներն ու բռնությունները, մինչեւ մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած գնդակահարությունը, ողջ է այն նախագահը, որը ղեկավարել է այդ օրը ստեղծված կառավարական շտաբը, ողջ են այդ շտաբի բոլոր անդամները, ողջ է ոստիկանապետը, նրա տեղակալները: Նույնիսկ Խոսրով Հարությունյանն է ողջ, որ բնակվում է Հյուսիսային պողոտայում եւ աղմուկից քնահարամ է եղել ու իջել բակ տեղի ունեցածը տեսնելու: Բոլորը ողջ են, կան կադրեր, ընդ որում` ոստիկանության նկարած, որոնք գրեթե տալիս են ամեն ինչի պատասխանը: Բայց դեռ շարունակում են մնալ հարցեր, որոնք ոչ մի կերպ քննությունը կամ ուսումնասիրությունը չի կարողանում պարզել: Նույնիսկ Մարտի 1-ի գործը երկու մասի բաժանելն էլ խորհրդարանական հանձնաժողովին չօգնեց, որ պարզի թեկուզ մի տարրական բան` ե՞րբ է ոստիկանությունը գործողություն սկսել Ազատության հրապարակում կամ ի՞նչ է արել կամ ասել այդ գործողությունը` բռնի գործողությունը, իրականացնելուց առաջ: Կարելի է պատկերացնել, որ եթե Մարտի 1-ի հանձնաժողովը տեղի ունեցածը երկու մասի չբաժաներ, երեւի մինչեւ հիմա նստելու էին եւ պարզելու, թե մարտի 1-ին արդյոք օրը սովորականի նման առավոտի՞ց է սկսել, թե՞ սկսել է գիշերվանից ու նոր եկել է առավոտը: Ամերիկացի փորձագետների ժամանումը ակնհայտորեն ցույց է տալիս, քանի որ այն տեղի է ունենում իշխանությունների հետ համաձայնեցված, որ, ըստ էության, կամա թե ակամա, իշխանություններն ընդունում են, որ այս ընթացքում, ամբողջ կես տարվա ընթացքում ոչինչ չի արվել մարտի 1-ի իրադարձություններն իրապես բացահայտելու համար: Մինչդեռ... մինչդեռ այդ կես տարվա ընթացքում մի քանի տասնյակ մարդ պահվում են բանտերում` անհիմն, մտացածին մեղադրանքներով, հենց մարտի 1-ի կապակցությամբ: Ավելին` մի քանի տասնյակ մարդու ուղղակի արդեն իսկ դատապարտել են ազատազրկման, կրկին այդ մարտի 1-ի, այսինքն` այն իրադարձության առիթով, որը դեռեւս բացահայտված չէ ամբողջությամբ: Սակայն ամերիկացի փորձագետների ժամանումը ոչ միայն այդ փաստը` իշխանությունների անգործությունն է արձանագրում, այլ նաեւ տալիս է բավականին լուրջ մտահոգությունների տեղիք:

Բանն այն է, որ այդ փորձագետները, ինչպես նշվում է նրանց ժամանման մասին հաղորդագրությունների մեջ, գալիս են Հայաստան ուղղակի իրենց փորձն ու գիտելիքները հաղորդելու համար բոլոր այն կառույցներին, որոնք կապ ունեն մարտի 1-ի քննությունն ու ուսումնասիրությունն իրականացնելու գործընթացի հետ: Ամերիկացիները ուղղակի որեւէ աշխատանքի չեն մասնակցելու, որեւէ հաշվետվություն կամ զեկույց, որեւէ անձնական եզրակացություն չեն անելու, որեւէ ուսումնասիրություն չեն կատարելու: Սա բավական մտահոգիչ է: Դժվար է ասել, թե արդյոք իրենք ամերիկացիները եւ նրանց ժամանման մասին որոշում կայացրած ամերիկյան պաշտոնյաները եւ հենց իրենք փորձագետները գիտակցո՞ւմ են այն ամբողջ վտանգը, այն «արջի ծառայությունը», որ իրենք կարող են մատուցել իշխանություններին, մարտի 1-ի բացահայտման գործը վերջնականապես թաղելու եւ պատասխանատվությունը փոշիացնելու հարցում: Բանն այն է, որ եթե գալիս են ամերիկյան փորձագետները, բայց ընդամենը հաղորդում են փորձն ու գիտելիքները եւ ոչ մի մասնակցություն չեն ունենում` եթե ոչ քննչական աշխատանքներին, ապա գոնե ուսումնասիրություններին, եթե անձամբ իրավիճակի մեջ չեն փորձում խորամուխ լինել իրենց մասնագիտական հայացքով, ապա դրանով ընդամենը կատարում են մարտի 1-ի դե յուրե բացահայտման, իսկ դե ֆակտո չբացահայտման իշխանական սցենարի լեգիտիմությունն ապահովողի դերը:

Ըստ էության` ի՞նչ է տեղի ունենում. գալիս են ամերիկացի փորձագետները, մեկ շաբաթ շարունակ փորձ ու գիտելիք են հաղորդում, այսինքն` ասում են, որ օրինակ` իրենք այս կանեին, այն կանեին, սա են արել, այն են արել, հետո գնում են իրենց երկիր: Իսկ մեր պաշտոնյաները, քննիչները, դատախազները, խորհրդարանական հանձնաժողովի անդամները լսում են նրանց, գլխով անում` իբրեւ թե հասկանում են, իսկ դրան զուգահեռ եւ նաեւ ամերիկացիների գնալուց հետո շարունակում են անել այն, ինչ արել էին: Բայց արդեն կա ամերիկացիների «մատը խառը» լինելու հանգամանքը, եւ երբ որեւէ մեկը դժգոհություն հայտնի մարտի 1-ի բացահայտման կապակցությամբ իշխանական գործողություններից եւ եզրակացություններից, ապա կհնչի պատասխանը, թե եթե մեզ չեք հավատում, եթե մենք անկողմնակալ չենք, ծախված կամ չգիտես էլ ինչ ենք, ապա ամերիկացիներին գոնե չեք կարող չհավատալ: Այսինքն` իշխանություններն, ըստ էության, իրենց հատուկ խորամանկությամբ գործընթացի մեջ ներքաշեցին Միացյալ Նահանգներին, որպեսզի հետագայում այդ հանգամանքը օգտագործեն իրենց արածի լեգիտիմությունը ապահովելու համար: Իսկ ամերիկացիներն էլ` կամ իրենց հատուկ «միամտությամբ» կամ ակնհայտ քաղաքական նպատակներով կարծես թե ներքաշվեցին այդ գործընթացի մեջ, չգիտես ինչի դիմաց ստանձնելով մարտի 1-ի ակնհայտ եւ պլանավորված չբացահայտման պատասխանատվությունը: Թեեւ մյուս կողմից, չխախտելով օգտակարության կանխավարկածը, տեսականորեն կարող ենք հնարավոր համարել, որ միգուցե իսկապես փորձագետներն օգնեն: Այսինքն` կօգնեն, երեւի թե հաստատ, եթե նրանց ցուցումներն ու մոտեցումները ընդունվեն: Այդ իսկ պատճառով ամերիկյան փորձագետների դերի մասին վերջնական եզրակացություն անելուց երեւի թե ձեռնպահ մնանք, միայն հայտնելով այն մտահոգությունները, որոնք պետք է որ ոչ մի դեպքում չանտեսեն հենց իրենք` ամերիկացիները, առավել եւս այն պարագայում, երբ հայտարարում են Հայաստանում ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին օժանդակելու պատրաստակամության մասին, ինչպես երեկ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Մարի Յովանովիչը:

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.