|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով13:16 Yerevan | 9:16 GMT | Saturday 6 September 2008Էմմա Գաբրիելյան Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց ուղղեց, որը վերջին շաբաթներին, թերեւս, մեր քաղաքացիներից շատերի ուղեղում ծագած կլինի: Հարցը հետեւյալն էր. «Ինչո՞ւ է այսօր հասարակական կարծիքը փոխվել, ինչո՞ւ այսօր ընդվզում չկա այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը արդեն մի քանի անգամ է հրավեր ուղարկում Թուրքիայի նախագահին, մինչդեռ Ձեր իշխանավարման տարիներին անգամ Թուրքիա բառ արտաբերելն էր խիստ դժգոհություն առաջացնում»: Լ.Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Իմ կառավարման ժամանակ հասարակական կարծիքի կողմից ընդվզում գոյություն չուներ իմ քաղաքականության նկատմամբ, հասարակությունը շատ հանգիստ, հանդարտ եւ ըմբռնումով էր մոտենում իմ բոլոր քայլերին: Խոսքը վերաբերում է ընդդիմության որոշ ծայրահեղ արտահայտություններին, դա հասարակական կարծիք չէ, հասարակության 90 տոկոսը, այո, հավանություն էր տալիս իմ քաղաքականությանը Թուրքիայի հետ հարաբերություններում: Ի՞նչ էր ասածս` Թուրքիայի հետ մենք պետք է հաստատենք նորմալ, բարիդրացիական հարաբերություններ, այո, Ցեղասպանությունը չդնելով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում` Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատել առանց նախապայմանների: Երբ այդ բանը ես ասում էի, ասում էին` «այս ի՞նչ դավաճանություն է...»: Հիմա իրենք արդեն գիշեր-ցերեկ դա կրկնում են, այդ մասին ոչ ոք չի խոսում»: Հիշո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները... ՀՅԴ-ն իսկապես փայլում էր «սկզբունքայնությամբ». պատերազմի ամենաթեժ տարիներին հանրահավաքներ էին անցկացնում, «ազգադավ» իշխանություններին տարբեր մեթոդներով ոչնչացնելու կոչեր ու առաջարկներ էին անում: Այն ժամանակ, որեւէ դաշնակի պայծառ ուղեղ «քաղաքակիրթ ընդվզումների» կամ գոնե` «Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնելու» մասին չէր մտորում: Հայկական կողմը իրեն պարտադրված պատերազմում հաղթանակներ էր տանում, իսկ այն ժամանակվա «սկզբունքայինները» իշխանություններին «կախելու» պահանջներ էին ներկայացնում: Իսկ հայ-թուրքականն ու «Լ.Տեր-Պետրոսյանի թուրքամետ քաղաքականությունը»` արդեն առանձնահատուկ թեմա էր հարյուրամյա կուսակցության համար... Եվ մինչեւ նախագահական վերջին ընտրությունները այդ «համոզմունքը» իներցիայով առաջ էր մղվում. այդ թեմաները շարունակում էին արտացոլվել դաշնակցական թերթերի էջերում` համապատասխան ֆոտոձեւավորումներով: Թուրքիայի նախագահի Հայաստան կատարվելիք այցի առիթով ՀՅԴ-ի «ընդվզման ձայնի» ու «քաղաքակիրթ ակցիաների» մասին վերջին օրերին շատ է խոսվել իհարկե: Անշուշտ` որպես իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցություն` ՀՅԴ-ն կամ պետք է հասներ նրան, որ Ս.Սարգսյանը չհրավիրեր Թուրքիայի նախագահին Հայաստան, կամ, եթե նրանց դիրքորոշումն արհամարհվեց` միակ տրամաբանական լուծումը, թերեւս, կոալիցիայից նրանց դուրս գալը կլիներ: Սակայն պարզ է, որ մեր օրերում չեն գտնվի միամիտներ, որպեսզի նման սկզբունքայնություն ակնկալեն ՀՅԴ-ից... Դաշնակցությունն ավելի կարեւոր գործով էր զբաղված` հանրահավաք էին հրավիրել, դաշնակցական կրթության նախարարի հրահանգով ու քաղաքապետարանի «կատարմամբ» հանրահավաքի համար մասսա էին ապահովում, եւ ի՞նչ կարեւոր է, որ այս ամոթալի փաստը հետեւեց վարչապետ Սարգսյան Տիգրանի հրահանգին` չեն թույլ տալու կրթական հաստատություններում զբաղվել քաղաքական քարոզչությամբ... Կարեւորն այն է, որ հարյուրամյա կուսակցությունը համախոհների դեֆիցիտի խնդրի առջեւ կանգ առած մանկավարժներին ու աշակերտներին է քշում հանրահավաքի, իսկ հետո ներկա-բացակա անում Մատենադարանին հարող տարածքներում, թե` որ դպրոցն է եկել, որը` ոչ: Մի եզրակացություն է բխում ասվածից` ոչ իրենք են հավատում իրենց «ազգայինին», ոչ էլ` իրենց համախոհները: Բնավ ցանկություն չունենք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը այժմ կապել ՀՅԴ-ի «սկզբունքայնության» հետ: Թուրքիայի նախագահի այցը փաստ է, որը մեր հասարակության գերակշիռ մասը ընդունում է` «հանգիստ, հանդարտ եւ ըմբռնումով», եւ դա իսկապես դրական է: Լ.Տեր-Պետրոսյանը եւս` թե իր իշխանավարման տարիներին, թե այսօր` նույն դիրքորոշումն ունի հարեւան երկրների հետ փոխհարաբերությունների հարցում, եւ այդ դիրքորոշումը ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ եւ ծանր մարտերի օրերին անգամ Հայաստանի համար կոնկրետ ձեռքբերումներով է արձանագրվել. «Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների եւ ժամկետների վերաբերյալ հարցերը քննարկելու համար: Օգտվում եմ առիթից, որպեսզի նշեմ այն կարեւորությունը, որը մենք հատկացնում ենք կովկասյան ժողովուրդների բարեկեցությանն ու բարգավաճմանը, եւ հիշեցնեմ Թուրքիայի ավանդական մոտեցումը մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում: Դա մեր անկեղծ ցանկությունն է` տեսնել հարեւան տարածաշրջանը որպես համերաշխության, կայունության, բարգավաճման եւ համագործակցության մի կղզի: Կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ Թուրքիան կշարունակի իր կառուցողական գործունեությունը այս ասպարեզում» (22.09.1992թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ): Սա հատված է պատերազմի ամենաթեժ եւ ծանր մարտերի օրերին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի` 1992թ. սեպտեմբերի 21-ին հրապարակված նամակից, որը ստացվել էր ՀՀ վարչապետի` Հայաստանին հացահատիկ տրամադրելու նամակին ի պատասխան: Ղարաբաղյան պատերազմում, երբ հակամարտող կողմերը անդառնալի կորուստներ ու տառապանքներ էին կրում, եւ թիվ մեկ խնդիրը` ռազմական գործողությունների դադարեցումն ու զինադադարի կնքումն էր, 1993թ. ապրիլին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղման արարողությանը մասնակցելու առիթով Անկարա էր մեկնել ՀՀ պատվիրակությունը` Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որտեղ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի եւ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ: Իրականում այս այցը կրել էր ոչ միայն քաղաքավարական-դիվանագիտական, այլեւ հստակ քաղաքական նպատակ. պաշտոնական Երեւանը հերթական փորձն էր արել հակամարտության գոտում կրած ռազմական հաջողությունները զուգորդել դիվանագիտական ձեռքբերումներով եւ ամրագրել դրանք: Սույն այցի ընթացքում Ս.Դեմիրելը շեշտել էր, որ անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել, իսկ Լ.Տեր-Պետրոսյանը, ընդգծելով Ա.Էլչիբեյի եւ Ս.Դեմիրելի հետ հանդիպումների կարեւորությունը, մատնանշել էր շահագրգռությունը` զինադադար հաստատելու եւ ԼՂ խնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ: Նախ արձանագրենք, որ Անկարայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները առաջին անգամ հանդիպել էին առանց միջնորդների: Այցի ավարտին ՀՀ նախագահի մամլո խոսնակը պարզաբանել էր, որ կողմերը համաձայնել են աջակցել ԵԱՀԿ-ի ջանքերին եւ բանակցություններ վարել (անշուշտ` Ադրբեջանը մինչեւ 1994թ. մայիսի 12-ին հաստատված զինադադարը պարբերաբար խախտել է ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածություններ), Ադրբեջանը հավաստիացրել է, որ այլեւս չի հրաժարվում ԵԱՀԿ միջնորդությունից: Այսինքն` ճիշտ պահին, ռազմաճակատում ինտենսիվ մարտերը դադարեցնելու եւ հայկական կողմի ռազմական հաջողությունների առկայության պայմաններում բանակցություններ սկսելու ուղղությամբ ՀՀ ղեկավարությունը ճշգրիտ հաշվարկ էր կատարել: ԼՂ հակամարտության գոտում հաստատված զինադադարից երեք տարի անց` 1997թ. ապրիլին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ընդունել էր Թուրքիայի նախագահ Ս.Դեմիրելի հրավերը մասնակցելու Ստամբուլում անցկացվող Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովին: Մինչ Ստամբուլ ժամանելը Լ.Տեր-Պետրոսյանը պատասխանելով թուրքական «Ռադիկալ»-ի թղթակցի հարցին շեշտել էր, որ երկկողմ հարաբերությունների բնականոնացման համար այսուհետեւ պետք է Թուրքիայի կողմից քայլեր ձեռնարկվեն, քանի որ Հայաստանն արդեն արել է այն, ինչ հնարավոր էր: Ստամբուլում Ս.Դեմիրելը նախաձեռնել էր Լ.Տեր-Պետրոսյան-Հ.Ալիեւ հանդիպում, իսկ մինչ հանդիպման մեկնարկը Դեմիրելը հայտարարել էր. «Խաղաղությանը խանգարելը հեշտ է, բայց վերահաստատելը դժվար»: Թուրքիայի նախագահը հավաստիացրել էր, որ կարեւորում է հայ-ադրբեջանական հաշտությունը, որ հարկավոր է խնդրի առնչությամբ ժամ առաջ լուծում գտնել, ապա ընդգծել էր, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում Կովկասում հաշտության վերահաստատման, տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ: Այս այցից երկու շաբաթ անց «Ռադիկալ»-ում` «Թուրքիան մոլորվել է եղբայր Ադրբեջանի եւ դրացի Հայաստանի միջեւ» վերնագրով հոդված էր տպագրվել, որտեղ փաստել էին, որ Թուրքիան մնացել է «դրացի» եւ «եղբոր» միջեւ նախապատվություն տալու երկընտրանքի առջեւ եւ դժվարանում է ընտրություն կատարել: Ավելին` թերթը, հիշեցնելով, որ Կիպրոսի հարցը չի պարտադրել Թուրքիային իր հարաբերությունները խզել Հունաստանի հետ, ընդգծել էր, որ Թուրքիան կարող է եղբայրական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի եւ միաժամանակ բնականոն հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: «Ռադիկալը» նաեւ անդրադարձել էր ԼՂ խնդրին. «ԼՂ հարցը պետք է բանակցության նյութ դառնա Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ: Թուրքիան եւ Հայաստանը, որքան էլ այս խնդրում կողմնակալ լինեն, հարցի առաջնահերթ տերերը չեն: Այս պատճառով սխալ է ԼՂ հարցը նախապայման դնել Թուրքիա-Հայաստան հարաբերություններում»` եզրակացրել էր թերթը` հավելելով, որ լավագույն տարբերակը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ինչը չի նշանակում` «ծախել Ադրբեջանը»: Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններն ի՞նչ հունով կընթանան Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այսօրվա այցից հետո եւ ի՞նչ է սպասվում Թուրքիայի` «Կովկասյան միություն» ձեւավորելու առաջարկին` ցույց կտա ժամանակը: Գլխավոր ձեռքբերումն այս ամենի խորապատկերում այն փաստի արձանագրումն էր, որ թե ՀՀ առաջին նախագահը, թե ՀՀ քաղաքացիները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման իրական կողմնակիցն են, եւ գուցե այդ հարաբերությունները հնարավոր լիներ ավելի վաղ բարելավել, իսկ մինչ այժմ դրսեւորվող «սկզբունքայնությունը»` կեղծ, շինծու ու պահի թելադրանքով պայմանավորված դրսեւորումներ են ընդամենը: Փարիսեցիություն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |