“Zhamanak” Armenian-American Political Daily

...Ու դեռ շատ մեծ հարց է՝ թե ով, ինչու եւ ինչ հատուկ կարիքներ ունի

20:12 Yerevan | 16:12 GMT | Friday 5 September 2008

Մարինա Բաղդագյուլյան

...Ու դեռ շատ մեծ հարց է՝ թե ով, ինչու եւ ինչ հատուկ կարիքներ ունի
Կա՞ ավելի մեծ հրաշք, երբ երեխան, որ շարժասայլակի վրա է, ժպտում է եւ ասում, որ ինքը սիրում է արեւը, իր ընկերներին, եւ որ բոլորը հավասար են:

«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունն օգնում է, որ նրանք գտնեն այդ երջանկությունը:

Երեկ «Վորլդ Վիժնը» Բըրնսի կոմիտեի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ ներկայացրեց եզակի խաղալիքների շարք՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների մտավոր եւ ֆիզիկական զարգացման համար: Այս ծրագրի շրջանակներում պատրաստվել են 7 տեսակի խաղալիքներ, յուրաքանչյուրից՝ 21-ական օրինակ: Դրանք փայտե գունավոր խաղալիքներ էին, առաջին հայացքից շատ պարզ կառուցվածքով: Բայց երբ ծրագրի ղեկավարը բացատրեց դրանց նշանակությունը, զարմանալի էր, թե ինչ հնարամտությամբ են կարողացել այդ խաղալիքները հարմարեցնել ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Ի դեպ, այդ խաղալիքները պատրաստել են «Վորլդ Վիժնի» Հայաստանի մասնագետները: Օրինակ` փայտե մի դեմք կար, որի հոնքերը, աչքերը, քիթը եւ բերանը փոփոխվող էին. ներքեւում կային տարբեր տրամադրություններ արտահայտող հոնքեր, աչքեր, քթեր, բերաններ: Մասնագետը երեխային խնդրում է, որ ինքը ցույց տա, թե քեռին այդ օրը ինչ տրամադրություն ունի: Երեխայի ընտրած աչքերից, քթից, հոնքերից, բերանից կարելի է հասկանալ, թե ինքը՝ երեխան ինչ տրամադրություն ունի այդ օրը:

Փայտե տիկնիկներ կային` իրենց հագուստներով: Երեխան ամեն օր նրանց հագցնելով, հագուստը փոխելով ընտելանում է նաեւ ինքնասպասարկմանը, ինքնուրույն հագուստը փոխելուն, նորը հագնելուն:

Շուկայում, խաղալիքների խանութներում, իհարկե, շատ սիրուն խաղալիքներ կգտնես: Սակայն բոլորը չէ, որ պատրաստված են փայտից եւ այնպիսի ներկերից, որ անվտանգ են բերանը տանելու, անգամ՝ ուղղակի ձեռքով շփվելու համար:

«Վորլդ Վիժնը» Հայաստանի տարբեր մարզերում ունի 15 համայնքային կենտրոններ, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար գործում են հատուկ ծառայություններ՝ հոգեբանի, լոգոպեդի: Ի դեպ, այդ ծառայությունները անվճար են բոլորի համար, անգամ՝ եթե երեխան տվյալ համայնքից չէ: Մասնագետները զարմանալի դեպքեր են պատմում կենտրոններ հաճախող երեխաների մասին:

«Վորլդ Վիժնի» աշխատակից Անի Չիտեմյանը պատմեց Քանաքեռ-Զեյթունի կենտրոն եկած երկու շարժասայլակով երեխաների մասին: Ծնողները դժվարությամբ, վախով են իրենց հաշմանդամ երեխային տարել կենտրոն, որտեղ մյուս երեխաները վազվզում են, խաղում ուզածի պես: Մի քանի օրից համոզվում են, որ զուր են մտահոգությունները: Երեխաները հերթ էին դրել, թե ով այդ օրը պետք է քշի նորեկների շարժասայլակը, պտտեցնի, ուրախացնի: Նրանց համար հաշմանդամ երեխան ոչ միայն իրենց հավասար է, այլեւ առավելություն ունի, քանի որ նա շարժասայլակ` «անձնական մեքենա» ունի:

Շուտով երեխաների զարգացման կենտրոնները կվերածվեն հիմնադրամի: Այսինքն՝ «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունն այն կնվիրի պետությանը: Իսկ հիմնադրամը կարող է գործել, ինքը լուծել իր ֆինանսական խնդիրները` թեկուզ խաղալիքների վաճառքով. մեծ է եղել հետաքրքրությունը այս փայտե խաղալիքների նկատմամբ: Հավանաբար կվաճառվեն նաեւ շուկայում: Իսկ մինչ այդ խաղալիքները բաժանվելու են մանկապարտեզներում, դպրոցներում, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված մանկական կենտրոններում:

Ի դեպ, խաղալիքները դիտելու, ծանոթանալու ժամանակ մեծերն էլ հաճույքով խաղում էին դրանցով: Անգամ` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդեյլը: n

Վերլուծական
Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

Մի ձեռքով երկու ձմերո՞ւկ, թե՞ մի զարկով երկու նապաստակ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որի համաձայն...

Քաղաքական
Մնաց իր արձանը բացի

Մնաց իր արձանը բացի

Վերջերս Սերժ Սարգսյանի մոտ նոր հակումներ են առաջացել: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն սկսել է...

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.