|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քայլող եւ կանգնած ցուցապաստառներ11:40 Yerevan | 7:40 GMT | Thursday 28 August 2008Հեղինե Մանուկյան «...Գալու ենք ու վզախառը պոկենք» Հյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի ընթացքում, ինչպես հայտնի է, առգրավվել էին պողոտայում փակցված քաղբանտարկյալների լուսանկարները, նստարանները, հընթացս նաեւ նստացուցավոր կանանցից մի քանիսի կոշիկներն ու պայուսակները, երեկ ժամը 20: 00-ի դրությամբ հարաբերական անդորր էր: Ինչո՞ւ հարաբերական, որովհետեւ պողոտայում ընթացող ավանդական զբոսանքի մասնակիցները շունչները պահած սպասում էին հերթական ենթադրյալ գրոհին: Սակայն գրոհ կամ գրոհանման այլ օպերացիա այս անգամ տեղի չունեցավ: Փոխարենը տեղի ունեցավ «ստենդներով քայլք» «օպերացիան», որի էությունը հետեւյալում էր. մի խումբ կանայք` քաղբանտարկյալների լուսանկարները թելով պարանոցներին կախած (իբրեւ թե իրենք քաղբանտարկյալներ են) հայրենասիրական երգի ուղեկցությամբ մի քանի անգամ պտույտ կատարեցին պողոտայի մի ծայրից մյուսը: Նրանց ուղեկցող տղամարդկանցից մեկը, որն էլ իբր բանտապետն էր, ասաց` կալանավորներ, բաղնիքի ժամ է: Կանանցից մի քանիսն էլ արձագանքեցին` իսկ հաց չե՞ք տալու: Բեմականացման նպատակն, ինչպես ասաց «քաղբանտարկյալներից» մեկը, պողոտայով անցնող-դարձողների մոտ բանտում գտնվելու տպավորություն ստեղծելն է ու ցույց տալը, թե ինչքան դաժան է իրենց հայացքների համար բանտում հայտնվածների վիճակը: «Հին Էրիվան» ռեստորանի մոտ, ուր կանգնած էին մի քանի նորահայտ ու ջահել ոստիկաններ, «քաղբանտարկյալները» սկսեցին «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Լեւոն` նախագահ» վանկարկել: Դիմացի սրճարանում նստած ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վ.Օսիպյանն ու հայրենի «գեներալիտետի» մյուս ներկայացուցիչները, ովքեր սուրճ ու գարեջուր էին ըմպում, տեսնելով վանկարկող կանանց սկսեցին քթների տակ ինչ-որ բաներ մրթմրթալ (hաստատ ոչ օրհնանքներ կամ կոմպլիմենտներ): Քաղբանտարկյալ կանանցից մեկն ասաց, թե Օսիպյանը երեկ ցերեկը սուրհանդակներ է ուղարկել պողոտա ու փոխանցել, թե «թող վզներից հանեն էդ նկարները, թե չէ գալու ենք քաշենք ու վզախառը պոկենք»: (Սովորաբար այդպիսի արյունռուշտ սպառնալիքներ հնչեցնում են նրանք, ում մտածող օրգանը, որպես կանոն, բռունցքներն ու «բիլակներն» են լինում): «Ես էլ ասացի` հլը թող փորձեն, կտեսնեն, թե ինչ հակահարված կտանք», - իր հերթին սուրհանդակին փոխանցել էր կանանցից մեկը, ով, ի դեպ, նույնիսկ շնորհակալություն հայտնեց ոստիկաններին` «լավ իդեա հուշելու համար»` բացատրելով. «Քաղբանտարկյալների նկարները պարանոցներից կախելը շատ ավելի օպտիմալ է, քան պատերին փակցնելը, քանի որ ավելի տեսանելի ու ազդեցիկ է դառնում քաղբանտարկյալներ ունենալու փաստը»: Մեկ այլ կին էլ ազատության մասին երգ էր երգում: Ասաց, որ երաժշտությունը «Գլադիատոր» ֆիլմից է, իսկ բառերն ինքն է գրել: Երեկ պողոտա էր եկել հայրենի Մեղրի քաղաքից նոր վերադարձած ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը: Նախօրեին Հյուսիսայինում տեղի ունեցածի կապակցությամբ ասաց. «Փորձ է արվում ներկայացնել, որ իբր Սերժ Սարգսյանը դրանից տեղյակ չի եղել, որ իբր դա վնաս է իրեն, եւ նա այդպիսի բան անելու հրաման չէր տա: Բայց բոլորս էլ հո գիտենք, որ առանց երկրի քաղաքական բարձրագույն իշխանության ոստիկանությունը երբեք այդպիսի բան չէր անի: Խնդիրը մեկն է. հասկանում են, որ շոգ ամառն անցնելուց հետո էլ ավելի շոգ աշուն է լինելու ու փորձում են ժողովրդին նման ձեւերով խեղճացնել ու կոտրել: Չի ստացվի, պիտի մինչեւ հիմա հասկացած լինեին, որ նման ժամկետանց մեթոդներն այս ժողովրդի վրա այլեւս ազդեցություն չեն ունենում»: Նշենք նաեւ, որ Հյուսիսայինում դեռեւս շարունակվում է Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքը, ինչպես նաեւ անդամագրումը Հայ Ազգային Կոնգրեսին: Հ.Գ. Կանացի պայուսակները, որոնք նախօրեին պլակատների հետ մեկտեղ տարվել էին ոստիկանների կողմից, ինչպես պարզեցինք, այդպես էլ չեն վերադարձվել իրենց տերերին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |