|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Արման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»11:29 Yerevan | 7:29 GMT | Thursday 28 August 2008 - Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների մասնագետ եք: Որքան ինձ հայտնի է, ձեր աշխատանքում դուք անդրադարձել եք նաեւ Վրաստանի հակամարտություններին: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Վրաստանում: - Իրավիճակը Վրաստանում կարելի է գնահատել միայն որպես կատարյալ աղետ: Կարծում եմ, որ Վրաստանը վերջնականապես կորցրեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի վրա անգամ ձեւական վերահսկողությունը վերականգնելու հույսը: Վրաստանի զինուժը եւ ռազմական ենթակառուցվածքները լուրջ վնաս են կրել, ռուսական զորքերը վերահսկում են Փոթին եւ Վրաստանի արեւելյան ու արեւմտյան մասերն իրար կապող մայրուղին, ինչը նրանց ուժեղ լծակներ է տալիս բանակցությունների ժամանակ: Եվ վերջապես` Վրաստանն իր համար ցավալիորեն պարզեց, թե որքան օգնություն կարող է ակնկալել Արեւմուտքից, ինչը պարզվում է այնքան էլ մեծ չէ: Թեեւ ԱՄՆ-ում ծավալվող հակառուսական քարոզչության մեծ չափերին, նախագահ Բուշն ու պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը ստիպված էին հայտարարություններ անել փարատելու ամերիկյան ժողովրդի անհանգստությունը Վրաստանի պատճառով Ռուսաստանի հետ պատերազմի հավանականության վերաբերյալ, ինչ-որ չափով որոշակիացնելով այն հաշվարկված անորոշությունը, որ կար Վրաստանին աջակցելու ամերիկյան պատրաստակամության հարցում: Ի մի բերելով` կարելի է ասել, որ սա Վրաստանի նորագույն պատմության ամենասեւ էջերից մեկն է: - Բոլոր փաստերը վկայում են, որ Հարավային Օսեթիայում էսկալացիայի նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն էր: Հաշվի առնելով երկրի համար աղետալի հետեւանքները, ըստ ձեզ, ինչո՞ւ Սահակաշվիլին ու իր կառավարությունը գնացին այդ քայլին: Արդյո՞ք այդ որոշումը հետեւանք էր կոմպետենցիայի սովորական պակասի եւ իռացիոնալության: - Սա, անշուշտ, այս հակամարտության առնչությամբ տրվող ամենակարեւոր հարցերից մեկն է: Սահակաշվիլու քաղաքականությունն ակնհայտորեն ձախողվել է, ինչը, կարելի է ասել, կանխատեսելի էր, հետեւաբար կարելի է հարցականի տակ դնել Սահակաշվիլու կոմպետենցիան: Բայց մենք չպետք է ենթարկվենք նրա քաղաքականությունը որպես պարզ կոմպետենտության պակասի հետեւանք տեսնելու գայթակղությանը, քանի որ նույնիսկ ապաշնորհ կառավարությունները ամեն օր պատերազմներ չեն սկսում: Հետեւաբար նման որոշումների հիմքում պետք է փնտրել այլ բաներ եւս: Ի՞նչ էր ընկած Սահակաշվիլու որոշման հիմքում` իմ կարծիքով: Նախքան այդ հարցին պատասխանելը ես նպատակահարմար եմ համարում անդրադառնալ Վրաստանի պաշտոնական վարկածին: Այդ վարկածի համաձայն` Վրաստանը չի եղել այս հակամարտության նախաձեռնողը: Վրացիները պնդում են, որ հակամարտությունը նախաձեռնել է օսեթական կողմը` վրացական գյուղերի ռմբակոծմամբ, ինչը նախորդել է Վրաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալմանը: Վրաստանի արտգործնախարարության խոսնակը դեռեւս օգոստոսի 6-ին` ռազմական գործողություններից մեկ օր առաջ, զանգահարել է Վաշինգտոն, ասելով, որ Վրաստանը ենթարկվում է հարձակման, ու որ կառավարությունն ստիպված է պաշտպանել սեփական ժողովրդին: Ես այնքան լուրջ չեմ ընդունում Վրաստանի կառավարության այդ փաստարկը երկու պատճառով` եթե անգամ օսեթների կողմից վրացական գյուղերի ռմբակոծությունը ընդունենք որպես իրականություն: Նախ` դատելով առկա փաստերից, վրացական կողմի նպատակն էր Հարավային Օսեթիայի ազգաբնակչության տեղահանումը եւ ոչ թե օսեթական կրակակետերի լռեցումը: Իսկ դա նշանակում է, որ օսեթական ռմբակոծման ենթադրյալ փաստը ավելի շուտ պատրվակ էր, քան Վրաստանի գործողության իրական պատճառը: Երկրորդ` օսեթական ռմբակոծության փաստը, եթե դա իսկապես փաստ է, կարող է միայն բարոյական արդարացում լինել վրացական ռազմական պատասխանի համար, եթե անգամ մի պահ մոռանանք այդ պատասխանի ծավալները, բայց ոչ մի դեպքում այն չի կարող լինել այդ պատասխանի բացատրությունը, քանի որ շատ մեծ էր հավանականությունը, որ վրացական հարձակմանը կհաջորդեր ռուսական միջամտությունը: Վրաստանի իշխանությունները հավանաբար փորձել են կանխատեսել Ռուսաստանի հնարավոր արձագանքը, անկախ իրենց գործողության բարոյական արդարացվածությունից եւ եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը չի միջամտի կամ որ նման միջամտության պարագայում Վրաստանը կունենա ԱՄՆ-ի աջակցությունը: - Մի՞թե վրացիներն իսկապես կարող էին մտածել, որ Ռուսաստանը չի միջամտի, եւ արդյո՞ք նման կանխատեսումը կարելի է խելամիտ համարել: - Իհարկե, մենք չենք կարող պնդել, որ Սահակաշվիլու կառավարությունը այս եզրակացությանն էր հանգել: Եթե այդպես է, ապա այդ եզրակացության տակ ընկած տրամաբանությունը կարելի է ամենաքիչը խնդրահարույց կոչել, սակայն ոչ ամենեւին բանականությունից զուրկ, չնայած Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի վրա վրացական հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանի բացահայտ սպառնալիքներին: Ես այսպես եմ կարծում, որովհետեւ վերջին քսան տարիների ընթացքում սա առաջին անգամն է, երբ Ռուսաստանն Ամերիկայի կամքին հակառակ բան է անում: Ռուսաստանն այդ տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ հանդես է եկել պատասխան գործողությունների սպառնալիքներով, այդ թվում ՆԱՏՕ-ի ընդարձակման երկու փուլերի, Հակահրթիռային պաշտպանության պայմանագիրը չեղյալ հայտարարելու, Սերբիայի վրա հարձակման եւ մի շարք այլ դեպքերում, եւ ես չեմ կարող մտաբերել մի դեպք, երբ Ռուսաստանն իրականացրել է իր սպառնալիքները: Ռուսաստանն այդ տարիներին շատ թույլ էր ու առաջնորդվում էր ոչ ագրեսիվ երկրի կերպար ստեղծելու մտահոգությամբ, ամեն անգամ նախընտրում էր նահանջել քան արձագանքել իր շահերի ոտնահարմանը: Արդյունքում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ դժվար էր լրջորեն վերաբերվել Ռուսաստանի սպառնալիքներին: Այն, որ այս անգամ Ռուսաստանը կիրականացնի իր սպառնալիքը, հետեւաբար լուրջ ու արդարացված թերահավատության տեղիք էր տալիս, չնայած կատարված փաստից հետո դա թվում է խելահեղություն: Այսուհանդերձ, ես չեմ կարծում, որ որոշումը կայացնելիս Սահակաշվիլին ու իր թիմն իրենց խաղը կառուցում էին Ռուսաստանի անգործության կանխավարկածի վրա: Ավելի հավանական է, որ նրանք ակնկալում էին Ռուսաստանի միջամտությունը, բայց աղետալիորեն սխալվեցին իրենց երկու այլ հաշվարկներում` ռուսական հակազդեցության թափի եւ ծավալների հարցում, ենթադրելով, որ Ռուսաստանը պարզապես կվերականգնի ստատուս քվոն եւ չի անցնի Հարավային Օսեթիայի սահմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի միջամտության դեպքում ամերիկյան աջակցության հարցում: - Բայց նրանք ինչպե՞ս կարող էին մտածել, որ Միացյալ Նահանգները կօգնի իրենց: Մի՞թե նրանք իսկապես կարող էին մտածել, որ ԱՄՆ-ն պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի հետ Վրաստանի համար: Մի՞թե այդ ակնկալությունն արդեն իսկ չի վկայում վրացական իշխանությունների կատարյալ անկոմպետենտության մասին: - Ես հակված չեմ դա միայն Սահակաշվիլու անկոմպետենտության արդյունք տեսնելուն: Ուզում եմ նորից շեշտել, որ մենք պետք է փորձենք նրա որոշման տրամաբանությունը տեսնել երկու տարրերի ամբողջության մեջ` սահմանափակ ներխուժում եւ ներխուժման պարագայում ամերիկյան աջակցություն, որը պարտադիր չի որ լիներ պատերազմի ձեւով: Սահակաշվիլին ու նրա կառավարությունը հավանաբար ենթադրում էին, որ Ռուսաստանը դուրս կմղի վրացական զինված ուժերին Հարավային Օսեթիայից ու դրանով կսահմանափակվի: Եթե միեւնույն ժամանակ նրանք մտածում էին, որ այսպես թե այնպես կորցնելու են Հարավային Օսեթիան, եթե ոչինչ չանեն, ինչ-որ բան չանելը առնվազն ավելի վատ չէր լինի, քան անելը, իհարկե ենթադրելով միայն սահմանափակ միջամտություն Ռուսաստանի կողմից: Ես կարծում եմ, որ նրանք կանխատեսում էին, ոչ առանց լուրջ հիմնավորվածության, որ լարվածության սրման դեպքում ավելի կխորանա Վրաստանի հարցում ռուս-ամերիկյան հակամարտությունը, ինչն ավելի կմերձեցնի ամերիկացիներին Վրաստանին, կընդլայնի նրանց ռազմական աջակցությունը եւ կմեծացնի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հավանականությունը: Այս ամենն իր հերթին հանգեցնելու էր Ռուսաստանի վրա ահագնացած ճնշման` Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հարցում ավելի զիջողական դիրքորոշում պարտադրելու նպատակով: Կարծում եմ, որ սա հաղթանակի հասնելու չափազանց թույլ, բայց միեւնուն ժամանակ գայթակղիչ սցենար էր, քանի որ ինչպես արդեն ասել եմ, վերջին քսան տարվա ընթացքում Ռուսաստանը երբեք շահած դուրս չի եկել ՆԱՏՕ-ի հետ ունեցած որեւէ վեճից: Մտածել, որ այս անգամ իրադարձություններն այլ հունով կզարգանան` ակնհայտորեն պահանջում է ավելի շատ երեւակայություն, քան Վրաստանի իշխանություններն ունեին: Պետք է նշել նաեւ, որ այդպես մտածում էին ոչ միայն վրացիները: Պատերազմի ժամանակ «Լոս Անջելես Թայմս» օրաթերթում լույս տեսած մի շատ հետաքրքիր հոդվածում մեջբերել էին Վաշինգտոնում մեծ կապեր ունեցող վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիպսին, ըստ որի. «Ռուսաստանը շահագրգռված չէ Արեւմուտքի հետ պատերազմի մեջ մտնելու մեջ: Եթե ռուսները դեմառդեմ դուրս գան ՆԱՏՕ-ի ռազմական օդանավերի հետ, ապա կնահանջեն»: Հավատացնում եմ ձեզ, որ այս հարցում ԱՄՆ-ում Ֆիլիպսը բացառություն չէ: - Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր ԱՄՆ-ի դերն այս ամենում: Ավելի կոնկրետ, կա կարծիք, որ հաճախ հնչեցվում է հատկապես ռուսական մամուլում, որ ԱՄՆ-ն է դրդել Սահակաշվիլուն հարձակվել Հարավային Օսիայի վրա կամ էլ, որ նրան առնվազն կանաչ լույս է տրվել ԱՄՆ-ի կողմից: Կարծում եք այդ կարծիքը հիմնավորվա՞ծ է: - Այս հարցին չի կարելի միանշանակ պատասխանել: Կան բազմաթիվ փաստեր, որ ԱՄՆ պետքարտուղար Ռայսը բազմիցս զսպվածության կոչ է արել Սահակաշվիլուն եւ հորդորել է զերծ մնալ չափից ավելի համարձակ քայլերից: Միեւնույն ժամանակ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նրան սանձելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը բավարար չէին: Դեռ ավելին` Սահակաշվիլին ԱՄՆ-ից ստանում էր շատ հակասական ազդակներ: - Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել: - Սիրով: Ազդակները երկու իմաստով էին հակասական: Առաջին. նույն մարդիկ, որոնք կոչ էին անում Սահակաշվիլուն զերծ մնալ արկածախնդիր քայլերից, խիստ կոշտ հայտարարություններ էին անում նպատակ ունենալով զսպել Ռուսաստանին եւ միեւնույն ժամանակ շեշտել Վրաստանին աջակցելու իրենց պատրաստակամությունը: Վաշինգտոնում որոշ դռներ էին բացվում Սահակաշվիլու առջեւ, որ բացվում են շատ փոքր թվով մարդկանց առջեւ: Եվ որ ամենակարեւորն է, ամերիկացիները մատակարարում եւ մարզում էին վրացական բանակը: Աջակցության նման դրսեւորումները կարող էին իրավացիորեն դիտվել որպես Վրաստանին պաշտպանելու Վաշինգտոնի պատրաստակամության բարձր ցուցանիշներ: Նման քայլերով ԱՄՆ-ն` նաեւ կամա թե ակամա իր հեղինակությունը գրավ դրեց Վրաստանին պաշտպանելու վրա, եթե նույնիսկ այդ քայլերը որեւէ իրավական պարտավորվածություն չէին ենթադրում: Արդյունքում, Սահակաշվիլին կարող էր ենթադրել, որ ԱՄՆ-ն կմիջամտի հավատարիմ դաշնակցի սեփական հեղինակությունը պաշտպանելու համար, անգամ եթե պետքարտուղարը փակ դռների ետեւում նրան խոհեմության կոչեր էր անում: Ազդակները հակասական էին նաեւ երկրորդ իմաստով, եւ դա կապված է որոշակի անկազմակերպվածության հետ, որ երբեմն բնորոշ է ամերիկյան կառավարությանը: Մենք հաճախ այն պատկերացնում ենք որպես ինստիտուտների լավ կանոնակարգված ու աստիճանակարգված կուռ միավորում` կենտրոնացված որոշումներ կայացնող հստակ մեխանիզմով: Սակայն այն միշտ չէ, որ այդպես է գործում: Երբեմն լինում են խնդիրներ ու դեպքեր, երբ Սպիտակ տունը, Կենտրոնական հետախուզական վարչությունը, Պետդեպարտամենտը եւ Պենտագոնը ունենում են տարբեր դիրքորոշումներ եւ նույնիսկ վարում են իրենց սեփական քաղաքականությունը: Ամենայն հավանականությամբ նման մի բան տեղի է ունեցել Վրաստանի պարագայում, որտեղ փոխնախագահ Չեյնին եւ իր գրասենյակը, համաձայն որոշ ազդեցիկ ամերիկյան պարբերականների, շատ ավելի քաջալերող դիրքորոշում ունեին Սահակաշվիլու ռազմատենչության նկատմամբ, քան Պետդեպարտամենտը: Ելնելով այս պատկերից ու այն փաստից, որ ԱՄՆ-ի ներկայիս փոխնախագահը չափազանց ազդեցիկ անձնավորություն է, ես հեշտությամբ կարող եմ պատկերացնել, թե ինչպես Սահակաշվիլին որոշել է ուշադրություն դարձնել հատկապես այն ազդակներին, որ գալիս էին նրանից ու նրա գրասենյակից, մանավանդ որ` այդ ազդակները հաստատում էին իր կանխակալությունները: Ազդակների նման սելեկտիվ ընկալումը իրականում շատ տարածված հոգեբանական թերություն է, որը այս կամ այն չափով հատուկ է բոլորիս: - Այժմ ես կցանկանայի կոնֆլիկտը բացատրելուց անցնել նրա հետեւանքների քննությանը: Դուք արդյո՞ք կարծում եք, որ դա կհանգեցնի նոր սառը պատերազմի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: - Եթե մենք դիտարկենք թե ամերիկյան եւ թե ռուսական ռազմավարական շահերը` պատասխանը պետք է որ «ոչ»-ը լինի: Իրականում Ռուսաստաննն ու ԱՄՆ-ն վաղուցվանից պետք է լավ գործընկերներ լինեին, քանի որ նրանց շահերը համընկնում են մի շարք կարեւոր ոլորտներում, մասնավորապես միջուկային զենքի տարածման եւ ծայրահեղական Իսլամի դեմ պայքարում, Ռուսաստանի որպես Պարսից ծոցին այլընտրանք հանդիսացող էներգիայի մատակարար լինելու հարցում, Չինաստանի հզորացման հետ կապված խնդիրների հարցում եւ այլն: Սակայն ռազմավարական շահերը ոչ միշտ են շարժիչ ուժ հանդիսանում ամերիկյան արտաքին քաղաքականության համար: Հատկապես լավ ժամանակներում, իսկ վերջին 20 տարիները լավ ժամանակներ են եղել ԱՄՆ-ի համար, արտաքին քաղաքականությունը դառնում է հատուկ շահերի պատանդ, ինչը միակ բացատրությունն է այն բանի, որ ամերիկյան էլիտան դիմադրում է Ռուսաստանի հետ համագործակցությանը: Միացյալ Նահանգների ռազմաարդյունաբերական համակարգը, որը իր գերուռճացված գոյությունն արդարացնելու համար վաղ 90-ականներից սկսած լուրջ թշնամու հուսահատ փնտրտուքի մեջ է, բազմաթիվ էթնիկական լոբբիները, որոնք ունեն ամեն տեսակի դժգոհություններ Ռուսաստանից, փորձագետների եւ բյուրոկրատների հսկայական մի բանակ, որը տառապում է Սառը Պատերազմի կարոտախտով, եւ այլ նման մի քանի խմբեր ունեն հատուկ շահեր, որոնք, իմ կարծիքով, տարբերվում են ԱՄՆ-ի ռազմավարական շահերից եւ այդ խմբերին հաջողվել է ամերիկյան ժողովրդին պարտադրել իրենց նախընտրած քաղաքականությունն այս դեպքում: Այս նեղ շահեր հետապնդող խմբերը այսօր էլ շատ ուժեղ են եւ ազատ իրենց գործողությունների մեջ, քանի որ նրանց գործունեությունը հակակշռող հակադիր լոբբի գոյություն չունի, ինչը ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագային ոչ մի լավ բան չի խոստանում: Ես նաեւ մտավախություն ունեմ, որ Ամերիկան, տեսնելով, թե ինչպես Ռուսաստանը պատժեց իրենց դաշնակցին, կփորձի ինչ-որ ձեւով հակահարված հասցնել Ռուսաստանին, որպեսզի ռուսները չմտածեն, թե այժմ կարող են ազատորեն ցուցադրել իրենց ուժը: Ռուսաստանն իր հերթին որոշակիորեն վերականգնել է իր հզորությունը եւ այսուհետ պահանջելու է, որ իր շահերի հետ հաշվի նստեն: Նոր սառը պատերազմը, հետեւաբար, առնվազն հնարավոր է: Միեւնույն ժամանակ պետք է ավելացնեմ, որ այս անգամ շատ բան կախված կլինի այն դիրքորոշումից, որ կընտրեն Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք սառը պատերազմ չեն ուզում, ինչպես նաեւ Իրաքում, Աֆղանստանում ու թերեւս Պակիստանում տեղի ունեցող նոր վտանգավոր զարգացումներից, որոնք կարող են նոր սառը պատերազմը չափազանց թանկ հաճույք դարձնել ԱՄՆ-ի համար: - Եվ վերջում, ես կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը այն մասին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս պատերազմը Հայաստանի համար եւ ինչպե՞ս կարող է այն ազդել Ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: - Նախ խոսեմ Ղարաբաղյան հակամարտության վրա Օսեթական պատերազմի հետեւանքների մասին: Դրական հետեւանք պետք է համարել այն, որ Վաֆա Գուլիզադեի նմանները Ադրբեջանում դադարել են գովերգել վրացական քաղաքականությունը եւ քարոզել նմանատիպ մոտեցում «լուծելու» Ղարաբաղյան հակամարտությունը, ինչը նրանք անում էին չափից ավելի բարձր տոնով պատերազմի առաջին մի քանի օրերի ընթացքում: Օսեթական պատերազմը պետք է որ սթափեցնող ազդեցություն ունեցած լինի Գուլիզադեի եւ նրա նմանների վրա, ինչը շատ լավ է: Միեւնույն ժամանակ, չեմ կարծում, որ Օսեթական պատերազմի արդյունքը եւ դրա հետ կապված այն փաստը, որ Ռուսաստանը պատրաստվում է դե յուրե ճանաչել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը*, էապես ավելացրել է Ռուսաստանի կողմից Ղարաբաղի դե յուրե ճանաչման հավանականությունը, ինչը որոշ մարդիկ ակնկալում են: Ինչ վերաբերում է պատերազմի ընդհանուր հետեւանքներին, իմ պատասխանը շատ պարզ է եւ հստակ. Հայաստանի համար երկու կարեւորագույն երկրների միջեւ պատերազմը ոչ մի դեպքում չի կարող լավ նորություն լինել մեր համար: Վրաստանը Հայաստանի կենսական կապն է աշխարհի հետ, իսկ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը` Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքը: Նրանց միջեւ թշնամության խորացումը շատ ավելի է դժվարացնելու նրանց միջեւ առանց այն էլ դժվարին հավասարակշռության պահպանումը, հատկապես եթե ավելի վատթարանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, եւ եթե Միացյալ Նահանգները ընդլայնի իր ներգրավվածությունը: * Հարցազրույցը կայացել է մինչեւ ՌԴ կողմից Աբխազիայի եւ Օսեթիայի անկախության ճանաչումը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |